«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Հայաստանի նոր իշխանությունների քաղաքականության մեջ երևան եկած մեծ ու փոքր սխալներն ու սայթաքումները հանրության շրջանում աստիճանաբար արմատավորել են այն պատկերացումը, որ գործ ունենք անփորձ քաղաքական գործիչների և ոչ պրոֆեսիոնալ կառավարիչների մի խմբի հետ, որին երկիրը ճիշտ ուղղությամբ տանելու համար ժամանակ ու պայմաններ են հարկավոր։
Լավ կլիներ, որ այդպես լիներ և արտաքուստ սիրողական քաղաքականություն վարողի տպավորություն ստեղծող փողոցային ակտիվիստները իրենց հետևում չունենային արդեն հստակորեն տեսանելի այն թիկունքը, որը փորձում է նրանց ձեռքերով հետևողականորեն ապակայունացնել երկրի ներքաղաքական կացությունը, անվստահություն սերմանել նրա մերձավոր գործընկերների հետ հարաբերություններում և Հայաստանը մխրճել Մերձավոր-Միջինարևելյան ընդհանուր քաոսի մեջ։
Վերջին օրերի բուռն իրադարձությունները հստակորեն վկայում են, որ իշխանության եկածների անփորձության մասին անհիմն պատկերացումները շատ թանկ են արժենալու մեր երկրին ու ժողովրդին, եթե հանրությունը չսթափվի հետհեղափոխական թմբիրից և չվերականգնի իրեն ժամանակավորապես լքած առողջ բանականությունը։
Խնդիրն այստեղ սոսկ Հայաստանի երկրորդ նախագահի ձերբակալության կամ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կատարված իրավական նոնսենսի հետևանքով բարձրացած աղմուկը չէ։
Խնդիրն այն է, որ Սորոսի ֆոնդի հայաստանյան ներկայացուցչի հարազատ եղբոր կողմից ղեկավարվող ՀՔԾ-ի այդ դավադիր քայլի հետևանքով մեր երկրի ներքաղաքական կյանքում սկիզբ է առնում խորը պառակտում, որն ուղեկցվում է արտաքին գործընկերների վստահության չափաբաժնի սպառման գործընթացով։
Ձեռնարկելով երկրի ազգային անվտանգությանը սպառնացող կատաստրոֆիկ հետևանքներով հղի քայլեր, նոր իշխանավորները չեն հասկանում, որ իրենք պետություն են ղեկավարում։ Պետության համար 2008թ. մարտիմեկյան իրադարձությունները բացահայտելու խնդիրը երկրի անվտանգության ներքին ու արտաքին բաղադրիչների ամրապնդման միջոց է և ոչ թե Տեր-Պետրոսյանի մոտ տեղի ունեցած սխոդկային հաջորդած անցյալի միջկուսակցական ու միջանձնային հաշիվները մաքրելու հնարավորություն։
Եթե նրանք առաջնորդվեին առաջին ելակետով, այսինքն՝ պետական մտածողությամբ, ապա ոչ մի հիմք չկար ստորացնելու նպատակով ձերբակալել հարցաքննությանը կամավոր ներկայացած երկրի երկրորդ նախագահին, կամ էլ, առանց ՀԱՊԿ գործընկերների հետ խորհրդատվության, քրեական գործ հարուցել նրա գլխավոր քարտուղարի դեմ։ Այսինքն՝ մի մարդու դեմ, որը թեպետ ՀՀ քաղաքացի է, բայց ղեկավարում է ողջ ԵԱՏՄ տարածքի անվտանգության ապահովման համակարգը։
Արդյունքը՝ սկզբում ներքաղաքական հակահարվածն էր մի շարք ազդեցիկ կուսակցությունների ու գործիչների հայտարարությունների տեսքով, ապաեւ արտաքին քաղաքական գործընկերոջ հստակորեն նախազգուշացնող խոսքը, որում Ռուսաստանի արտգործնախարար Ս.Լավրովի բերանով իրականում խոսում էր այդ երկրի նախագահ Վ.Պուտինը։
Ս.Լավրովի խոսքում ակնարկ իսկ չկա ձերբակալված պետական գործիչների ռուսական կողմնորոշման մասին։ Նրանում որպես բարձրագույն արժեք առանձնացված ու շեշտված է բարեկամ երկրի՝ Հայաստանի կայունության ապահովման գերխնդիրը, ուստի որքան էլ փորձեն ֆեյսբուքյան վայրահաչողները «ռուսական արջի թաթը» փնտրել հայկական արմատներ ունեցող այդ փորձառու դիվանագետի խոսքերում, չեն կարող հերքել, որ վտանգված տարածաշրջանում գտնվող Հայաստանի համար ներքաղաքական կայունության պահպանումը բարձրագույն արժեք է։
Ավելին՝ այդ ամենն ասվում է մտահոգ բարեկամի անհանգստությամբ, նաև ակնհայտ տարակուսանքով, որովհետև նախորդ ամիսներին ռուսական պաշտոնյաների հետ իր ունեցած բազմաթիվ հանդիպումներում ու հրապարակային ելույթներում Փաշինյանը հավաստիացրել է, որ ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվել է դրական փոխզիջման միջոցով, իսկ ինքը խուսափելու է վենդետայից։
Ուստի բնականաբար Մոսկվան արձանագրում է, որ վերջին օրերի իրադարձությունները «փչացնում են դրական տրամադրվածությունն ու հակասում նոր իշխանությունների՝ ավելի վաղ իրականացրած հայտարարություններին»։
Ուրեմն ո՞վ է Հայաստանի բարեկամը՝ նա՞, ով ՀՔԾ-ի մեջ թափանցած իր դրածոների միջոցով խառնում է երկիրը, բացում է նրա չսպիացած վերքերը, որպեսզի ստեղծի անհաշտ ներքաղաքական դիմակայություն և դրան զուգահեռ 2008-ին Իսրայելի դրոշի տակ պարող Տեր-Պետրոսյանի դրածոյի բերանով էլ առաջարկում է հանձնել մեր հերոսների արյամբ ազատագրված հայրենի հողերը, թե՞ նա, ով մտահոգություն է հայտնում Հայաստանի ներքաղաքական կայունության խաթարման վտանգից, առաջարկում պահպանել ձեռք բերված դրական փոխզիջման արդյունքները, լինել միասնական ու ամուր արտաքին վտանգի հանդիման»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը