01 08 2018

Ի՞նչ ակնկալել հաջորդ բյուջեից. «Հայոց աշխարհ»

Ի՞նչ ակնկալել հաջորդ բյուջեից. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ֆինանսների նախարարությունում մեկնարկել են հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Փաստաթուղթը լինելու է իշխանափոխությունից հետո ձևավորված կառավարության առաջին բյուջեն։

Այն կարևորվում է ոչ ամենևին դրանով. լինելու է առաջին փաստարկված փաստաթուղթը, որը պատկերացում կտա, թե կառավարությունը որքանով է պատրաստ իրականացնել իր խոստումները։ Իսկ դրանք քիչ չեն և ընդգրկում են հասարակական ու տնտեսական կյանքի բազմաթիվ ոլորտներ։

Չնայած հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագիծը վերջնական տեսքի բերելու համար կառավարությունը շուրջ երկու ամիս ժամանակ ունի, այնուհանդերձ արդեն այժմ կարելի է որոշակի պատկերացում կազմել դրա մի շարք առանցքային ուղղությունների վերաբերյալ։ Դատելով ֆինանսների նախարարի հայտարարությունից՝ բյուջեի հիմքում լինելու է ոչ վաղ անցյալում գործադիրի հավանությանն արժանացած առաջիկա երեք տարիների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։ Փաստաթուղթ, որը չի տեղավորվում հեղափոխական կառավարության խոստումների տրամաբանության մեջ։

Որպես այդպիսին, բնականաբար պետական բյուջեն գրեթե չի հետաքրքրում հասարակության լայն զանգվածներին։ Մանավանդ որ այն ծավալուն և հաճախ ոչինչ չասող թվերով ծանրաբեռնված ֆինանսական փաստաթուղթ է, որից երբեմն նույնիսկ մասնագետներն են դժվարանում գլուխ հանել։

Այնպես որ այդ փաստաթղթի նկատմամբ հասարակության հետաքրքրությունը սահմանափակվում է ընդամենը նրանով, թե որքանով են ավելանալու իր եկամուտները։

Նամանավանդ իշխանափոխությունից հետո հասարակության շրջանում լուրջ սպասումներ են ձևավորվել սոցիալական պայմանների բարելավման հետ կապված։ Մարդիկ սպասում են իրենց կենցաղային պայմանների լավացման։ Այդ առումով, սակայն, առայժմ առաջընթաց չկա։ Ձևավորված սպասումները չեն արդարանում։

Իշխանափոխության առաջին ամիսներին կառավարությունը կարող է հասարակությանը կերակրել այն պատճառաբանությամբ, որ ժամանակ է հարկավոր։ Սակայն նույնը անհնարին է լինելու անել երկարաժամկետ հատվածում։

Պատահական չէ, որ հասարակության շրջանում աստիճանաբար գլուխ են բարձրացնում հոռետեսական տրամադրությունները։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ այն, ինչ անում է կառավարությունը՝ հասարակական հնչեղությունից բացի, որևէ շոշափելի արդյունք չի տալիս։ Մարդիկ դրական փոփոխություններ չեն տեսնում իրենց սոցիալական վիճակի մեջ։

Այսպես շարունակվելու դեպքում այդ տրամադրություններն առաջիկայում կխորանան։ Առավել ևս, երբ պարզվի, որ չնայած խոստումներին, այնուհանդերձ կառավարությունը հաջորդ տարվա համար ևս չի նախատեսում սոցիալական հատկացումների, նաև աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացում։ Օրերս անդրադառնալով 2019թ. բյուջեի նախագծին՝ այդ փաստը հաստատեց ֆինանսների նախարարը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ