«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Ես հաճախ եմ օգտագործում «աբիժնիկ» բառը, որը տգեղ, օտարահունչ, ռուսերենին չտիրապետող իմ հայրենակիցների հաճար անհասկանալի բառ է: Բայց ես ուրիշ բառ չգիտեմ, որը կբնութագրի մարդկանց հոգեվիճակը և նրանց մտքերի, տրամադրությունների «շարժիչ ուժը»: Որպես օրինակ արդեն բերել եմ վերջին 25 տարում Հայաստանից գնացած մարդկանց: Նրանցից շատերի սրտում որպես խորը վերք կա նեղվածություն Հայաստանի առաջին, երկրորդ, երրորդ նախագահներից, նրանց ղեկավարած իշխանությունից, կոնկրետ պաշտոնյաներից, օլիգարխներից, որոնք, այդ մարդկանց կարծիքով, ստիպել են նրանց լքել հայրենիքը: Հիմա այդ մարդիկ, շատ հնարավոր է, ունեն լավ տներ, մեքենաներ, ամեն օր ուտում են համեղ խորովածներ ու քյաբաբներ, բայց հոգու խորքում դժբախտ են: Եվ նրանց դժբախտության գլխավոր պատճառն այն է, որ իրենք իրենց համարում են վերը թվարկած մարդկանց կամ ինստիտուտների զոհը
Բայց ինչո՞ւ միայն այդ մարդիկ: Իսկ ե՞ս: Մոտ կես դար առաջ մեր դասարան փոխարինելու էր եկել ֆիզիկական կուլտուրայի դասատու, մինչև հիմա հիշում եմ նրա անունը, բայց այստեղ չեմ գրի: Նա շատ երիտասարդ էր, հազիվ 25 տարեկան լիներ և, հավանաբար, հենց այդ պատճառով աշխատում էր ինքնահաստատվել՝ երեխաներին վիրավորելով: Անպատվեց նաև ինձ: Տեսնո՞ւմ եք, 50 տարի է անցել, իսկ ես դա հիշում եմ: Նման դեպքերը՝ մանավանդ, երբ տեղի են ունենում մանկության տարիներին, դրոշմ են թողնում մեր հոգու մեջ, դա անխուսափելի է: Բայց ես արդեն շատ հասուն տարիքում՝ 40 տարեկանից հետո սկսեցի հասկանալ, որ այդ դեպքերը կարիք չկա մոռանալու (որքան շատ ես փորձում մոռանալ, այնքան հաճախ ես հիշում), ես պետք է արմատապես ներեմ: Հակառակ դեպքում ես կդառնամ այն ֆիզկուլտի դասատուի զոհը:
«Ոչ, ես երբեք նրան (նրանց) չեմ ների, բա Հիտլե՞րը, բա Թալեա՞թը, բա Ստա՞լինը»,- այդպիսին կլինի ընթերցողների մեծամասնության պատասխանը: Բայց արմատական ներումը (այս եզրն է օգտագործում ամերիկացի հոգեբան Քոլլին Թիփինգը) չի նշանակում, որ դուք պիտի ընկերանաք ձեգ նեղացրած մարդու հետ, որ դուք արդարացնում եք նրա արածները, որ դուք պատիժ չեք պահանջում, եթե նա հանցագործություն է կատարել, չի նշանակում նաև, որ պետք չէ կատարվածից դասեր քաղել: Դա նշանակում է միայն մի բան. այդ դրոշմը, այդ «էջանիշը» դուք հանում եք ձեր սրտից, դուք դուրս եք գալիս մարդկանց, կառույցների, հանգամանքների զոհի կարգավիճակից: Եթե նեղված եք, ուրեմն ձեզ գոհ եք զգում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը