«Հայոց աշխարհը» գրում է. «Պետք է ասեմ, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրեն լավ է զգում, տրամադրությունը շատ բարձր է, նա արդեն սկսել է մարզվել»,- երեկ ընդգծեց նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ «Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցում անդրադառնալով այժմ կալանքի տակ գտնվող հանրապետության երկրորդ նախագահի ինքնազգացողության վերաբերյալ հարցին:
«Բացի այդ, ինչպես գիտեք, և ինչպես հայտարարեց նախագահ Քոչարյանը, ինքը մի գրքի վրա է աշխատում: Գրքի հրատարակումից առաջ հեղինակի կողմից խմբագրական աշխատանքի կարիք կա, և հիմա տեխնիկապես կազմակերպում ենք, որ նա առկա պայմաններում այդ աշխատանքն անի: Իսկ տրամադրությունը, ինչպես ասացի, բարձր է և մարտական»,- շեշտեց մեր զրուցակիցը։
-Ինչպե՞ս եք բնորոշում նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական հետապնդում իրականացնելու փաստն ինքնին:
-Կարծում եմ, որ սա խայտառակ փաստ է և, իհարկե, խարան է մնալու մեր նորագույն պատմության վրա: Եվ դրա պատասխանատուներն էլ, կարծում եմ, հայտնի են արդեն:
Ըստ էության փորձ է արվում քաղաքական հաշվեհարդար տեսնել Արցախի առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի նկատմամբ: Ընդ որում՝ դա որևէ կապ չունի արդարադատության իրականացման հետ, որևէ կապ չունի սահմանադրության և օրենքների կատարման հետ, այլ պարզապես շինծու և այստեղից-այնտեղից բերված ինչ-որ մտացածին բաներ են, որոնք փորձում են մի ամբողջությամբ ներկայացնել իբրև գործ:
Ես ցավով եմ սա արձանագրում և առիթ ունեցել եմ արդեն դրա մասին ասելու՝ մենք գործ ունենք այսպես կոչված հասարակական կարծիքի շահարկման հետ՝ «Մարտի 1»-ի հետ կապված: Ինչո՞ւ եմ այսպես ասում: Որովհետև 10 տարի շարունակ տարբեր քաղաքական ուժեր, առաջին հերթին՝ տերպետրոսյանական ՀՀՇ-ն, ՀԱԿ-ը, և այսպես ասած՝ սատելիտ ուժերն ու լրատվամիջոցները, հռչակել էին Ռոբերտ Քոչարյանին այդ ամեն ինչի մեղավորը: Եվ հիմա առիթ ընձեռվեց իրենց այդ աներևակայելի իղձը դարձնել իրականություն:
-Պարոն Սողոմոնյան, ասուլիսում հայտարարեցիք, հիմա էլ նշեցիք, որ այս քրեական գործը և մեղադրանքը լիովին ապօրինի են, սա ակնհայտ քաղաքական և անձնական հետապնդում է: Ինչո՞վ կհիմնավորեք ձեր այս գնահատականը:
-Սկսեմ քաղաքականից: Անհնար է այլ կերպ անվանել մի քրեական հետապնդում, որը հիմնավորված չէ օրենքներով: Նախագահ Քոչարյանը մեղադրվում է մի բանի համար, որը չէր կարող անել: Խոսքը, գիտեք, սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի մասին է:
Այդ պահին Ռոբերտ Քոչարյանը գործող նախագահն էր և չէր կարող ինքնատապալեր, այսպես ասած: Այսինքն՝ նա սահմանադրական կարգի կրողն էր, ավելին՝ պահպանում էր այդ սահմանադրական կարգը: Եվ սահմանադրության մեջ նշված է, որ նախագահը սահմանադրական կարգի երաշխավորն է:
Ինչ էր կատարվում այդ օրերին, մենք շատ լավ հիշում ենք: Կոնկրետ մարտի 1-ի երկրորդ կեսին այդ ցույցերը դադարեցին խաղաղ լինելուց, և փաստորեն անիշխանություն էր մայրաքաղաքի կենտրոնական մասում, որտեղ բարիկադներ էին կառուցված, մեքենաներ էին այրված, և այլն, չմանրամասնեմ:
Այն, ինչ փորձում էր անել ընդդիմությունը, այսինքն՝ տապալել սահմանադրական կարգը, հիմա վերագրվեց այն ժամանակվա գործող նախագահին: Գլխիվայր է շուռ տված ամեն ինչ: Այսինքն՝ մարդիկ, ովքեր պիտի մեղադրվեն սահմանադրական կարգը տապալելու փորձի համար, մեղադրում են սահմանադրական կարգը կրողներին՝ այդ կարգը տապալելու համար: Սա խայտառակություն է:
Երկրորդը: Հստակ հնարավորություն և մտադրություն կար, ինչպես նախագահ Քոչարյանը հայտարարեց՝ զբաղվել քաղաքականությամբ, վերադառնալ ակտիվ քաղաքականություն: Եվ բոլոր հիմքերը կան կասկածելու, որ տեղի ունեցածը նաև փորձ է՝ հնարավոր քաղաքական հակառակորդին դաշտից մեկուսացնելու:
-Կարո՞ղ ենք ասել, որ գործող իշխանությունը ակտիվ քաղաքականություն վերադարձրեց Ռոբերտ Քոչարյանին:
-Մեծ հաշվով՝ այո: Բայց ուզում եմ, որ այդ բառերը, ինչպես մասամբ լսեցինք Ռոբերտ Քոչարյանից, ևս մեկ անգամ լսել, հուսով եմ, իր կալանքի վայրից դուրս գալուց հետո:
-Կարո՞ղ ենք ասել, որ Ռոբերտ Քոչարյանը, այսպես կոչված, «նոր Հայաստանի» առաջին քաղբանտարկյալն է՝ քաղաքական դրդապատճառներով բանտարկված անձ:
-Չէի ուզենա այդ ձևակերպմանն անդրադառնալ, որովհետև այդ ձևակերպումը չափից դուրս շահարկվել ու չարչրկվել է: Ես այդ բառը չէի ուզենա գործածել:
Բայց շատ վտանգավոր երկու երևույթի հետ գործ ունենք, որոնք ակնհայտ կապված են քաղաքականության հետ, և դրանց ցուցիչները կան: Նախ՝ այս գործընթացի հապճեպությունը:
-Սոցցանցերում ակտիվորեն տարածվում է մի «լուր», թե՝ «Երկիր մեդիային» հարցազրույց է տվել ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, այլ իր կրկնակը: Լսե՞լ եք այդ մասին:
-Բարձրաձայն ծիծաղում եմ այդ կատակի վրա, այսպես ասեմ:
-Բայց այն, որ հազարավոր մարդիկ հավատացել են դրան ու շրջանառում են որպես իրականություն, արդեն ամենևին ծիծաղելի չէ:
-Վստահաբար, գիտեք խունվեյբինների մասին: Դրանք այն խմբերն էին, որ չինական կուլտուրական հեղափոխության ժամանակ, կոպիտ ասած՝ հարձակվում էին բոլոր նրանց վրա, ովքեր այդ հեղափոխությանը դեմ էին: Եվ համաշխարհային պատմությունից նման տարբեր օրինակներ հայտնի են, երբ մարդկանց մի ագրեսիվ խումբ, տարված որոշակի գաղափարախոսությամբ կամ մտասևեռմամբ, պատրաստ չէ ընկալել հակառակ տեսակետը:
Հիմա «ՀՀՇ-ի բէտէէռ»-ներին փոխարինելու են եկել «ֆեյքերը»: Կամ գուցե մի մասը «ֆեյք» չեն, իրական մարդիկ են, բայց որևէ տարբերություն չկա:
Սա անվանում եմ ահաբեկչություն: Սա պարզապես ահաբեկչություն է, երբ մարդն իրավունք չունի հակառակ կարծիք հայտնել: Կարո՞ղ ենք ենթադրել, որ այդ ահաբեկչությունն ինքն իրեն է ստացվել: Կարող ենք, բայց մենք շատ միամիտ մարդիկ կլինենք այդ դեպքում:
-Ի դեպ, կարծես ձեր գլխին էլ են ամպեր կուտակվում, պարոն Սողոմոնյան: Համենայն դեպս «Քաղպայմանագրի» ակտիվ անդամ, «Ելք» խմբակցության փորձագետ և «Հայկական ժամանակի» նախկին թղթակից Վահագն Հովակիմյանը Ֆեյսբուքում արված գրառմամբ հետաքրքրվում է, թե ինչո՞ւ ձեզ որպես վկա չեն հարցաքննում, քանի որ ի պաշտոնե, որպես մամուլի քարտուղար, մասնակցել եք խորհրդակցությունների և ասելու բան կունենաք:
-Սոցցանցերում գրանցված չեմ, ու հիմա ձեզանից եմ լսում այդ մասին:
Այսպես ասեմ՝ ես թաքցնելու ոչինչ չունեմ, այդ թվում՝ որևէ խորհրդակցությունից, իմ կենսագրության որևէ դրվագից, որևէ միջոցառումից: Պատրաստ եմ պատմել, այսինքն՝ խնդիր չկա:
Ինչ վերաբերում է նրան, որ ասում եք՝ ամպեր են կուտակվում: Ամպերն իմ գլխին չեն կուտակվում: Ամպերը մեր պետության գլխին են կուտակվում:
Եթե պաշտոնաթող նախագահին մեկուկես օրում շինծու գործով կալանավորում են՝ թքած ունենալով սահմանադրական անձեռնմխելիության վրա, և դա անում են ապօրինության, աբսուրդայնության պայմաններում, ներողություն, մենք ո՞վ ենք: Այսինքն՝ ամեն մեկին կարող են ուղղակի ասել՝ մենք լսել ենք, որ դուք մեղավոր եք, և տանեն՝ կալանավորեն, ինչի՞ մասին է խոսքը:
Այնպես որ, մտավախությունները կապված չեն իմ անձի հետ, մտավախությունները համընդհանուր են»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը