«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Կար մի ժամանակ, երբ ներկայումս վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանի խմբագրած թերթն ամեն օր, մեղմ ասած, վրաերթ էր անում ազգային վիճակագրական ծառայությանը և նրա հրապարակած ցուցանիշներին:
Իսկ այսօր արդեն իշխանական դարձած այդ թերթը բացարձակապես չի զարմանում, ավելորդ հարցեր չի տալիս ու «թվեր նկարելու» մասին չի ահազանգում։ Սակայն բազմաթիվ հարցեր առաջանում են մյուսների մեջ։
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, աղքատության թե այլ ոլորտներին առնչվող վիճակագրության մեջ կային ցուցանիշներ, որոնք հետազոտությունների և հարցումների միջոցով էին ստացվում, կային տվյալներ, որոնք ամփոփվում էին տեղերից ստացվող թվերի հիման վրա:
Մի դեպքում դրանք կարող էին ավելի հավաստի լինել, մեկ այլ դեպքում՝ պակաս հավաստի: Պակաս հավաստիություն ունեցող ցուցանիշների գլխավոր ոլորտն ավանդաբար եղել է գյուղատնտեսությունը: Այն մշտապես «օգնության» է հասել կառավարությանը, երբ սոցիալ-տնտեսական ցուցանիշները, այսպես ասած, չեն համապատասխանել նրա ցանկացած պատկերին:
Բանն այն է, որ գյուղատնտեսության ցուցանիշները ստացվում են գյուղապետարաններից: Գյուղապետերն էլ հաղորդում են բերքի այն ցուցանիշը, որ պահանջվում էր: Բնականաբար պահանջվում էր ցույց տալ ավելի բարձր ցուցանիշ, քան իրականում է:
Կարեն Կարապետյանի կառավարությունը միակն էր, որ այս հանգամանքը հաշվի առավ և 2016-ին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի ցուցանիշները նկատելիորեն իջան և բերվեցին իրականությանը մոտ վիճակին: Սակայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մի կողմ դրեց իրականությունն արտացոլող ավելորդ «թիթիզությունը» և ձեռնամուխ եղավ «թանաքին զոռ տալուն» կամ «թվեր նկարելուն»: Այսինքն՝ սկսեց գործել այնպես, ինչի համար նախկինում քննադատում էր ուրիշներին:
Եվ այսպես. համաձայն ազգային վիճակագրական ծառայության տվյալների, գյուղատնտեսության արտադրանքը ապրիլին եղել է 49 մլրդ դրամ, մայիսին՝ գրեթե 51 մլրդ դրամ, բայց տոկոսային առումով աճը կազմել է... 41,9 տոկոս:
Հաջորդը՝ հունիս ամսին գյուղատնտեսության արտադրանքը կազմել է 89,5 մլրդ դրամ, մայիսի 51 մլրդ դրամի փոխարեն, իսկ տոկսային առումով աճը դարձյալ ցնցող է՝ 116 տոկոս: Ընդ որում՝ ոչ մի հավելյալ պարզաբանում չկա, թե ինչո՞վ է պայմանավորված նման ցուցանիշը, բացառությամբ նրա, որ բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով: Սրա մասին քիչ անց:
Արտառոց է հունիսին մայիսի նկատմամբ նաև գումարային կտրուկ աճի ցուցանիշը: Բոլորս էլ գիտենք, որ այս տարվա տաք ձմեռվա բարենպաստ բնակլիմայական պայմանների շնորհիվ գյուղմթերքների բերքի սեզոնն առաջ է ընկել և այն բերքը, որ նախորդ տարիներին առատ էր լինում հունիսին, հիմա առատ էր մայիսին և անգամ ավելի շուտ: Հետևաբար գյուղմթերքների ծավալների նման կտրուկ աճ այս երկու ամիսների միջև չէր կարող լինել և չկար:
Այժմ ընթացիկ գների մասին: Կարող են ասել, իհարկե, որ ապրիլին գյուղմթերքի գներն ավելի բարձր են եղել, ծավալներն՝ ավելի քիչ, մայիսին արտադրանքի ծավալներն են ավելացել, գներն իջել, նույնը և հունիսին, ինչն էլ եղել է գյուղմթերքի բնեղեն արտահայտությամբ նման աճի պատճառը: Իսկապես որ այդպես լինում է:
Սակայն արդյոք առաջին դեպքում (մայիսին ապրիլի նկատմամբ) գրեթե կիսով չափ, մյուս դեպքում (հունիսին՝ մայիսի նկատմամբ) ավելի քան կրկնակի գնանկման մասին կարո՞ղ ենք խոսել: Ենթադրություն չանելու համար դառնանք նույն վիճծառայության հրապարակած տվյալներին, որոնք վերաբերում են գնաճին:
«2018թ. հունիսին մայիսի համեմատ մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը 18,1 տոկոս է եղել»: Սա ազգային վիճակագրական ծառայության արձանագրած ցուցանիշն է: Այսինքն՝ այստեղ չի եղել գների ավելի քան կրկնակի անկում, որը թույլ տար տոկոսային առումով նման ցուցանիշ ցույց տալ: Իհարկե, կարող են լինել որոշակի տատանումներ տվյալների ճշգրտության առումով, բայց, ինչպես արդեն նշեցինք, ոչ ծավալների կրկնակի աճ և գների կրկնակի անկում:
Ինչ վերաբերում է մրգի և բանջարեղենի մայիսի գներին ապրիլի նկատմամբ, ապա այստեղ մրգի գները նվազել են ընդամենը 0,3 տոկոսով, իսկ բանջարեղենինը՝ 15,2 տոկոսով: Ավելի պարզ ասենք. գնային վերոնշյալ փոփոխությունների պարագայում հնարավոր չէ պարզապես, որ մայիսին ապրիլի համեմատ մոտ 2 մլրդ դրամի տարբերությամբ արտադրանքը այնքան էժանացած լինի, որ 49 մլրդ դրամի և 51 մլրդ դրամի միջև տոկոսային տարբերությունը լինի 41,9 տոկոս:
Նշենք, որ գյուղատնտեսության ցուցանիշների մեջ մտնում են նաև անասնապահության և անասնաբուծության ցուցանիշները, բայց այստեղ՝ առնվազն հրապարակված հինգ ամիսների տվյալներով, արտադրանքի ծավալների անկում կա, գնային տատանումներն էլ էական չեն եղել: Եվ սա ոչ մի կերպ նման աճ ցույց տալու գործին չի կարող օգնել:
Ի դեպ, ազգային վիճակագրական ծառայությունը նշել է նաև, որ բուսաբուծության և անասնաբուծության ոլորտների արտադրանքի ծավալների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն նախատեսվում է հրապարակել եռամսյակային պարբերականությամբ: Բնական է, որ ժամանակ է անհրաժեշտ թվային անհամապատասխանությունները կարգի բերելու, դրանք արդեն հրապարակված ցանկալիի հետ համապատասխանեցնելու և դա հիմնավորելու համար: Այդպես եղել է, այդպես է հիմա:
Նույնն է պատկերը նաև գյուղապետարաններից ցուցանիշներ պահանջելու առումով: Արարատյան դաշտի մի քանի գյուղապետարաններից մեր ստացած տեղեկությունների համաձայն, ինչպես հին բարի ժամանակներում, այնպես էլ հիմա, պահանջում են ներկայացնել որքան հնարավոր է «լավ» ցուցանիշներ:
Անշուշտ, այլ կերպ չէր կարող լինել՝ տնտեսական ակտիվության անկման պարագայում հեղափոխական կառավարությունը նման ցուցանիշների կարիք շատ ունի»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը