13 11 2024

ԵՄ անդամակցության հարցում արտախորհրդարանական ուժերը «պլան Բ» են ծրագրել․ «Ժողովուրդ»

ԵՄ անդամակցության հարցում արտախորհրդարանական ուժերը «պլան Բ» են ծրագրել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արտախորհրդարանական ուժերը «պլան Բ» են ծրագրել:

Եվրոպամետ ուժերը վստահ են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որքան էլ իբրեւ եվրոպամետ է դիրքավորվել, ԱԺ-ում մերժելու է ԵՄ անդամակցության հարցով հանրաքվեի իրենց նախագիծը. ուստի արտախորհրդարանականներն արդեն իսկ պատրաստվում են «պլան Բ»-ի եւ մտադիր են օրենքի պահանջով 60 օրում 300 հազար ստորագրություն հավաքել, որի դեպքում արդեն, երկրորդ փուլով, նախագիծը ինքնաբերաբար, օրենքի ուժով կդրվի հանրաքվեի:

«Իշխանությունները չէին թաքցնում իրենց դժգոհությունը: Նրանք մեր այս նախաձեռնությունը համարում էին արկածախնդրություն, «ազգային ազատագրական պայքար», չգիտես ինչու՝ հեգնանքով: Այնպես որ, ես չգիտեմ՝ որքանով է անհամաձայնության այդ տեսակետը պաշտոնական, բայց այն կիսում են ՔՊ անդամ պատգամավորները: Մենք 60.000 քաղաքացիների քվեները ջուրը չենք գցի: Ի սկզբանե նշել էինք, որ մինչեւ վերջ գնալու ենք մեր նպատակին հասնելու համար, եւ եթե մերժվի, 300 հազար ստորագրություն էլ կհավաքենք», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Տիգրան Խզմալյանը:

Նշենք, որ ԵՄ անդամակցության հանրաքվեի պահանջով հավաքված 60 հազար ստորագրություններն արդեն ԿԸՀ-ում են:

Արտախորհրդարանական ուժերը մտադիր են արդեն նոյեմբերի վերջին նախաձեռնությունը ԱԺ տանել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ