«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Արձակուդային սեզոնը որոշ նախարարների համար նոր է բացվում, իսկ ոմանք արդեն գնացել են արձակուրդ և հետ եկել։ Նիկոլ Փաշինյանի հրամանով ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այսօր է մեկնել արձակուրդ, նրան կփոխարինի փոխնախարար Արփինե Սարգսյանը։ Վահե Ղազարյանը հանգիստն անցկացնելու է հայրենի Տավուշում։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին Նիկոլ Փաշինյանը արձակուրդ է տրամադրել 11 աշխատանքային օր՝ 2024 թվականի օգոստոսի 9-23-ը ներառյալ: Նարեկ Մկրտչյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանը:
Մոտ օրերս երկու շաբաթով արձակուրդ կմեկնի նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նրան կփոխարինի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։ Ավանեսյանը պլանավորել է արձակուրդն անցկացնել Հայաստանում, քանի որ որդին բանակ է գնալու` զբաղված է այդ հարցերով։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին տրամադրվել է 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մի մասը՝ 3 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը ներառյալ: Արարատ Միրզոյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս փոխարինել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը: Միրզոյանը, ինչպես հայտնի է, ընտանիքի հետ արձակուրդն անց է կացրել Մեծ Բրիտանիայում` Շոտլանդիայում:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին տրամադրվել է 15 աշխատանքային օրյա արձակուրդ՝ հուլիսի 23-29-ը ներառյալ և 2024 թվականի օգոստոսի 13-26-ը ներառյալ: Գրիգոր Մինասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում նրան կփոխարինի արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հուլիսի 30-ից արձակուրդում է, նա ներառյալ օգոստոսի 13-ը կհանգստանա: Ականատեսների վկայությամբ՝ Անդրեասյանը երեխայի և ամուսնու՝ Պետրոս Ղազարյանի հետ Հայաստանից մեկնել է։ Ժաննա Անդրեասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում նրան կփոխարինի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
7 օրյա արձակուրդ է մեկնել նաև նորանշանակ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ օգոստոսի 8-16-ը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը