05 06 2024

Լուլուն այս տարի ևս բարելավել է ֆինանսական վիճակը. «Ժողովուրդ»

Լուլուն այս տարի ևս բարելավել է ֆինանսական վիճակը. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախկին հաղորդավար Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, ֆինանսական վիճակը այս տարի ևս բարելավել է:

Լուսինե Բադալյանը քաղաքական կարիերան սկսել է 2018-ից՝ ԱԺ պատգամավոր ընտրվելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2023 թվականի հայտարարագրում պատգամավորի՝ Ազգային Ժողովի աշխատակազմից ստացված եկամուտները նախորդ՝ 2022 թվականի համեմատ ավելացել են գրեթե 2 մլն դրամով՝ 8 մլն 320 հազար դրամից դառնալով 10 մլն 508 հազար դրամ։

Լուսինե Բադալյանի հաշվետու տարվա եկամուտներն ընդհանուր առմամբ ավելացել են նախորդ տարի, քանի որ պատգամավորն ԱԺ-ից ստացել է նաև 3 մլն դրամ այլ եկամուտ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատգամավորը Արարատի մարզի Այնթափ համայնքում ունի համատեղ սեփականության իրավունքով ձեռք բերված հողամաս, նաև Աջափնյակ վարչական շրջանում, կրկին համատեղ սեփականության իրավունքով բնակարան՝ ձեռք բերված 2013 թվականին։ ՔՊ-ական պատգամավորն ունի նաև մեկ այլ բնակարան, որը նրա հայտարարագրում արտացոլվել է դեռևս 2022 թվականին։ ԱԺ պատգամավորի լրացրած տվյալներից հասկանում ենք, որ նրա կողմից ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 47 մլն 900 հազար դրամ։ Հենց այս բնակարանի համար Լուսինե Բադալյանը ՀՀ Ֆինանսների նախարարությունից ստացել է 2 մլն 523 հազար դրամ, որը եկամտահարկի վերադարձի օրենքով բնակարանի հիփոթեքի տոկոսադրույքները վճարելու համար է։ ՔՊ-ական պատգամավորը մեքենա չունի։

Պատգամավորի կանխիկ դրամական միջոցները կազմել են 6 հազար 300 դոլար և 4 մլն 900 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդները՝ 711 հազար դրամ։ 2022 թվականի համեմատ նրա դրամական միջոցները զգալի ավելացել են՝ 2 հազար 300 դոլարով և 1 մլն 400 հազար դրամով, իսկ բանկային հաշիվների մնացորդները՝ 513 հազար դրամով։

Հարկ է նշել, որ 2023 թվականի եկամուտների, գույքերի, շահերի և ծախսերի հայտարարագրում ՔՊ-ական որոշ պատգամավորներ զգալի ֆինանսական աճ են գրանցել հենց պետական ֆինանսական ֆոնդից օգտվելու շնորհիվ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ