«Փաստ» օրաթերթը գրում է. «Ասում են՝ մեր օրերում այլևս ոչ մի բանի վրա չի կարելի զարմանալ, բայց, ամեն դեպքում, կան բաներ, որոնց վրա չզարմանալն անհնար է։ Օրինակ՝ շատերին էր զարմացրել, որ ՔՊ «սրտի» դատավոր Դավիթ Արմաղանյանը մերժեց ընդդիմադիր ակտիվիստին կալանավորելու՝ քննիչների միջնորդությունը։ Ինչի՞ մասին է խոսքը:
Մայիսի 22-ին Քննչական կոմիտեն տեսանյութով ուղեկցվող, ահաբեկող տեքստով հաղորդագրություն տարածեց, թե ոստիկանությունից «ստացվել է առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում՝ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպքի վերաբերյալ»: Իբրև փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Հրաչյա Ղևոնդյանը (հայտնի երգիչ Սպիտակցի Հայկոյի որդին), լինելով ընդդիմադիր քաղաքական դաշինքի ներկայացուցչի մերձավորը և ունենալով հակաիշխանական հայացքներ, համաձայն չլինելով ՀՀ ղեկավարության կողմից վարվող արտաքին և ներքին քաղաքականության հետ, նախապատրաստվել էր իշխանությունը յուրացնել։
Ի դեպ, ուշագրավ էր, որ կցված տեսանյութում, որն իբր վերաբերում էր Հրաչյա Ղևոնդյանին, ավելի շատ ցուցադրվում էր Լևոն Քոչարյանը, որի մասին ոչինչ չկար գործի նյութերում։ Նշվածը նույնիսկ հենց ՔԿ-ն ևս հերքել էր, բայց տեսանյութը տարածվել էր:
Ինչևէ, Հրաչյա Ղևոնդյանին «իշխանությունը զավթելու նախապատրաստության» մեղադրանք ներկայացվեց, և քննիչները շտապեցին դատարան՝ խափանման միջոց կալանքի հետևից։
Ղևոնդյանի փաստաբաններն էին Էրիկ Ալեքսանյանը և Ալեքսանդր Կոչուբաևը, որոնք անհապաղ արձագանքել էին ակնհայտ ոչ իրավաչափ ձերբակալմանը: Այնուհետև թիմին միացավ նաև Արամ Վարդևանյանը։
Դատավորը, ինչպես արդեն նշեցինք, ընդամենը 3 տարվա փաստաբանական արտոնագրով 2021 թ.-ին դատավոր նշանակված Դավիթ Արղամանյանն էր, որը նախկինում հայտնի էր որպես քպական ակտիվիստ։ Հայտնի է, որ դատավորի պաշտոնում նա կալանք էր տալիս բոլոր նրանց, ովքեր քաղաքական ընդդիմախոսներ են ներկա իշխանությանը, այսինքն՝ այն քաղաքական ուժին, որի՝ ոչ վաղ անցյալում ակտիվիստ է եղել դատավոր Արղամանյանը։ Սկզբից նա մերժում է փաստաբանների միջնորդությունը ինքնաբացարկի մասին։
Փաստաբանները պարբերաբար ինֆորմացիաներ էին հրապարակում դատական նիստից, ինչից պարզ դարձավ, որ, օրինակ՝ այն հեռախոսահամարը, որի տիրոջ հետ իբր խոսել է Հրաչյա Ղևոնդյանը, գոյություն չունեցող հեռախոսահամար է և հանդիսանում է «Յուքոմ» փոստային ծառայության համար, որի հետ իշխանության յուրացումը նախապատրաստել պարզապես անհնար էր։ Դատական նիստը տևեց շուրջ 5 ժամ։ Ի վերջո, մայիսի 23-ի վաղ առավոտյան դատարանը որոշում կայացրեց մերժել քննիչի միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Հրաչյա Ղևոնդյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։
Ակնհայտ է, որ Հրաչյա Ղևոնդյանը հանցանք չի կատարել, բայց էականն անգամ դա չէ, քանի որ հանցանք չկատարած բազմաթիվ ընդդիմադիրների վրա է քրգործ հարուցված. ի վերջո, ընդդիմադիր լինելը, ըստ ՔՊ-ի, արդեն հանցանք է։ Սակայն փաստաբաններ Ալեքսանյանի, Վարդևանյանի և Կոչուբաևի այս հաղթանակը, մի շարք այլ փաստաբանների, օրինակ՝ նաև Ռուբեն Մելիքյանի, Վարազդատ Հարությունյանի, Հովհաննես Խուդոյանի այլ հաղթանակները, այն էլ՝ հանրային այս ակտիվ իրավիճակում, ապացուցելու են գալիս, որ անգամ այն պարագայում, երբ դրական ակնկալիքը թվում է անհնարին, չի կարելի հանձնվել, պարզապես պետք է պայքարել ու հասնել արդյունքի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը