«Փաստ» օրաթերթը գրում է. Լինո՞ւմ է, չէ, որ հանդիպում եք մի մարդու, ու ձեր զրույցը սկսվում, շարունակվում և ավարտվում է փողի թեմայով: Ասենք, գնում ես ժամադրության, զրուցակիցդ պետք է փորձի տպավորություն գործել քեզ վրա, դե, պետք է տեսարաններ ապահովի ու որոշում է փողի մասին խոսել: Քեզ ասում է՝ սա գնեցի, սա վաճառեցի, ամսական այսքան փող եմ աշխատում, մի տեսակ չարչիի հոգեբանությունն իրեն զգալ է տալիս: Եղկելի են նման զրույցներն ու մարդիկ, զրույցը, որտեղ հիմնական թեման փողն է, մարդը, որը խոսելու այլ թեմա չունի: Որքան չքնաղ է Հայոց լեզուն, մարդկանց և իրավիճակները նկարագրելու համար բառերի տեսքով այնքան լայն ընտրության հնարավորություն է տալիս:
Երբեմն անգամ այդ բառերն արտասանելիս կոնկրետ մարդիկ դիմացդ են հառնում իրենց կերպարով, չնայած ցանկություն ունես երբեք իրենց չտեսնելու: Ժամադրությունը, հանդիպումն ավարտվում է, գնում ես տուն հստակ որոշմամբ, որ էլ երբեք չես հանդիպելու այդ մարդուն: Մեր կառավարության նիստերը ևս փողի մասին անվերջանալի զրույցներ են հիշեցնում: Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն այլ հերոսի անուն չգիտի, քան հարկատուն: Չէ, հասկանում ենք, որ կառավարության ուշքն ու միտքը պիտի փողը լինի, բյուջեն լինի: Նրանց գործը նաև դա է: Բայց խոսքը բնականոնության մասին չէ, այլ հիվանդագին վիճակի, սևեռուն վիճակի: Այնքան, որ երբեմն մառազմի հասնող մտքերից մի քանի օր ուշքի չենք գալիս:
Ասենք, երբ ասում է, որ այն ճանապարհներով, որոնք այս իշխանություններն են նորոգել հարկատուների միջոցով, այլոք քայլելու իրավունք չունեն, որպես այլընտրանք առաջարկում է ձորերի միջով եղեգները մաքրելով առաջ գնալ, ասենք, օդանավակայան հասնել: Իշխանափոխությունից հետո երևի թե մեկն ամուր նյարդեր կունենա և Փաշինյանի շեդեվրալ մտքերից կազմված գրքույկ կհրապարակի՝ վերնագրելով այն, օրինակ, այսպես՝ «Թե ինչպես առաջին անգամ սիգի հետ հարաբերվեցինք որպես պետություն»: Հերոսների փնտրտուքի անվերջանալի շրջապտույտի մեջ է Նիկոլ Փաշինյանը, հերոսներ է կարգում, հետո նրանց գահընկեց անում՝ ասենք, ձերբակալելով ու կալանավորելով, դե իսկ հարկատուների դեպքում տարբեր առիթներով մտնում է իր իսկ սահմանած ու մեծարած հերոսի գրպանը:
Իսկ ինչպիսի՞ն էր հերոսի կերպարը մեզ համար: Հերոսը հայրենիքի համար ամենաթանկը՝ կյանքը զոհաբերած և հանուն հայրենիքի ու նաև իրենց զոհված ընկերների կյանքը շարունակող, մեր կողքին ապրող տղաներն են: Այս գաղափարով ու արժեհամակարգով ենք ապրել տարիներ ի վեր: Այլ հարց է, որ երբեմն հերոս բառը տեղի-անտեղի շատ շահարկվեց, որ բոլորին հերոս կոչեցին, անկեղծ լինենք, երբեմն անգամ անարժանին: Մեր իրականության մեջ անգամ գիտնականին, ուսուցչին, շինարարին ու արվեստագետին հերոս չեն կոչել, խոսքը Խորհրդային Միության շրջանում տրվող կոչումների մասին չէ: Մարդիկ սեփական անձին այդպիսի որակում չեն տվել: Լուռ իրենց գործն են արել ու անում հանուն իրենց երկրի ու սերունդների: Հիմա հերոսների կերպարն էլ են փորձում փոխել: Վատագույն երազում չէինք կարող պատկերացնել, որ մեր հերոսը մի օր կարող է հարկատուն լինել:
Նիկոլ Փաշինյանը հերոս է կարգում հարկատուին, որն իր անմիջական պարտականությունն է կատարում Հայաստանի Հանրապետության առջև: Հրաշալի է, որ բարեխիղճ տնտեսվարողները շատ են, ինչու ոչ, կարելի է ժամանակ առ ժամանակ բարձրաձայնել նրանց անունները, որպես լավագույն օրինակ, բայց անկեղծ լինենք՝ նրանք հերոս չեն: Սա այն նույն «երգից» է կարծես՝ Հայաստանը 3 մլն վարչապետ ունի, հիմա էլ փաստորեն ստացվում է, որ երեք միլիոն հերոս ունի: Նկատած կլինեք, թե ինչի մասին են Փաշինյանի և կառավարության անդամների զրույց-քննարկումները՝ հարկերի, հարկերի ու նորից հարկերի: Բոլորին հարկելու այս մոլուցքն անգամ իրենց իսկ ունեցած՝ աննախադեպության սինդրոմի մեջ չի տեղավորվում: Հարկել արտագնա աշխատանքի մեկնողին, այն դեպքում, երբ նրա վաստակած գումարը էլի մտնելու է երկրի բյուջե, չէ՞ որ նա այն վաստակում է արտերկրում, բայց ծախսում Հայաստանում:
Մեկի դեպքում երեխայի ուսման վարձի, մյուսի դեպքում՝ գուցե նոր տան գնման կամ էլ վերանորոգման, հաջորդի դեպքում՝ մեքենայի գնման նպատակով: Սրանք լավագույն ու լավատեսական պատկերացումներն են, բայց բոլորս ենք հասկանում, որ մարդիկ մեկնում են արտերկիր, ավելի հաճախ տաժանակիր աշխատանք կատարելու և իրենց ընտանիքի սոցիալական տարրական պայմանները հոգալու համար: Եվ Հայաստանի իշխանությունը հերթական աննախադեպ որոշումը մտմտաց՝ նրանք էլ պետք է հարկ վճարեն: Իսկ որտե՞ղ է տրամաբանությունը: Զարմանալի հարցեր ենք տալիս, թե չէ այս իշխանության բոլոր նախագծերն ու որոշումներն այնքան տրամաբանական են, որ էլ ասելու չի: Գրոշի արժեք չունեն Հայաստանի քաղաքացիների հարկերի հաշվին նորոգված ճանապարհները, երբ չենք հասկանում և արդեն գուշակում ենք, թե մեր երկրի սահմաններն այս իշխանության տարիներին որտեղով են անցնում: Գրոշի արժեք չունի նորոգված կրթահամալիրը՝ դպրոց, բուհ կամ մանկապարտեզ, երբ ներսում հայրենիքն են ուրանում՝ տղաների փառքի անկյունները հեռացնելու մասին բազմաթիվ հրապարակումներ կան, գրքերի ու դպրոցական ծրագրերի մասին ակնարկ անելու կարիք էլ չկա:
Գրոշի արժեք չունի բարեխիղճ հարկատուներ ունենալու փաստը՝ այս իշխանության փաստերի ցուցակում երևի թե 200-րդը, երբ մեր երկրի՝ վաղուց արդեն ոչ հպարտ քաղաքացին ամեն օր վախով ու տագնապով է բացում աչքերը՝ տեսնես սահմանին երեխեքը ո՞նց լուսացրեցին գիշերը: Կտրուկ ենք արտահայտվում, այո, բայց պետականություն կորցնելու սահմանագծին ենք հասել: Հարկ ու էլի հարկ, ավելի պարզ ասած՝ փող ու էլի փող: Ասում են՝ եթե մարդը մի բանից շատ է խոսում, ուրեմն անընդհատ դրա մասին է մտածում: Երևի ունենք իրավունք կարծելու, որ այս մարդկանց մտքերն էլ են միայն փողի շուրջ պտտվում: Զգացողություն է, թե մի ամբողջ երկրի պետական կառավարումը ստանձնած մարդիկ փողից այն կողմ բան չեն տեսնում, իսկ դա այնքան վախենալու է: Որովհետև մարդիկ, որոնք փողն են կարևորում, սովորաբար այլ սրբություններ չեն ունենում, այլոց համար ազատ տեղ չի մնում:
Եթե կրկին ընտրություն լինի, տեսնես Հայաստանի քաղաքացին նույն սխալը կգործի՞, թույլ կտա՞, որ իր նվաստացումը շարունակական և վերջնական լինի: Մեր ժողովուրդն առաջին ժամադրությունից հետո անփորձ աղջնակի պես երկրորդին գնաց, հետո ամուսնացավ, ծեծվեց ու անպատվվեց, բայց որոշեց երկրորդ շանս տալ մեկին, ով արժանի չէր դրան: Ու հիմա ապրում է նրա հետ ներքին վախերի, անզորության պատճառով: Բայց բոլորի համբերության բաժակը մի օր լցվում է, կարևորն անդառնալիի սահմանն անցած չլինես:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը