20 02 2024

Ինչպե՞ս կարող է նորմալ մարդը հպարտանալ... պարտությամբ․ «Փաստ»

Ինչպե՞ս կարող է նորմալ մարդը հպարտանալ... պարտությամբ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Ի լրումն այլազան անընկալելի շեշտադրումների, փաշինյանական քարոզչությունն ունի նաև հստակ ուրվագծվող մի ուղղություն, որի խնդիրն է մեր երկիրը, մեր պատմությունը, մեր ժողովրդին ցույց տալ որպես թույլ, անկարող, տկար, խեղճ, ողորմելի, պարտվող: Միշտ չէ, որ դա ուղիղ կերպով է արվում: Հիմնականում այդ քայքայիչ «թեզերը» հանրային ընկալման դաշտ են նետվում քողարկված, այլևայլ «փաստերով», որպես կանոն՝ կամայական մեկնաբանություններով փաթեթավորված, օդից վերցրած կամ մատից ծծած «ճշմարտություններով» համեմված: Բայց, ինչպես էլ որ ակնարկյալ քարոզչական, հոգեբանական ճնշման այդ որոմը տարածվի, հիմնական նպատակը և ուղղվածությունը նույնն են՝ հանրությանը համոզել, որ հայությունը մշտապես եղել է խեղճ, եղել է պետականազուրկ, եղել է թույլ ու անկարող, եղել է անողնաշար ու խեղճ:

Ավելին, Նիկոլ Փաշինյանն անձամբ հանձն է առել հանրությանը համոզելու, թե՝ հայ ժողովրդի բազմահազարամյա ընթացքի մեջ պետականությունը եղել է դրվագաբար, մինչդեռ ամենևին այդպես չէ: Փաշինյանի քարոզչական, մանիպուլ յատիվ մյուս հնարքը մտացածին «հակասությունների», անգամ «հակադրությունների» ամբողջ «համակարգեր» հորինելն ու դաշտ նետելն է: Դե, արդեն «դասական» համարվող «նախկին-ներկա», «սև-սպիտակ»-ից մինչև համեմատաբար վերջերս շրջանառած «Հայրենիք-պետություն», «ԱրարատԱրագած», «պատմական արդարությունանվտանգություն» արհեստական հակադրությունները: Ըստ որում, ազգային ինքնագիտակցության, ազգային ինքնության դեմ պայքարողների շարքում Փաշինյանն ու իր օտարահաճ կառավարությունը առաջինը չեն:

Ճիշտ է, մինչ այս նման քաղաքականություն, քարոզչություն իրականացնողները հիմնականում եղել են օտար նվաճողներ, օտար կայսրություններ, որոնց ազդեցության տիրույթում հայտնվել են Հայաստանն ու հայությունը: Տարբերությունն այն է, որ հիմա դա անում է մի կառավարություն, որը ֆորմալ առումով հայկական է, էլի՝ ֆորմալ առումով՝ ձևավորվել է Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների, քվեարկության հետևանքով: Այդ համատեքստում ամենևին էլ պատահական կամ վրիպակային դրսևորում չէ այն, որ Նիկոլ Փաշինյանը բացեիբաց հպարտանում էր... պարտությամբ: Այսինքն, ինքը, լինելով Հայոց պետականության այսրոպեական ղեկավարը, Հայոց բանակը տանում է պարտության, Հայրենիքի մի զգալի մասը զիջում է թշնամուն ու... հպարտանում է դրանով: Դա շատ ավելի անբնական մի երևույթ է, քան... Քան նույնիսկ դժվար է ասել, թե ինչը:

Ինչպե՞ս կարող է նորմալ մարդը հպարտանալ... պարտությամբ: Առավել ևս, երբ այդ պարտության հիմնական մեղքն ու պատասխանատվությունն իր վրա է: Թերևս նաև դրա համար է նրա քարոզչությունը նման քայքայիչ «թեզեր» նետում հրապարակ: Որովհետև, որքան շատ լինեն մարդիկ, որոնք կհավատան, որ իրենք իսկապես էլ խեղճ են, տկար, անկարող, թույլ և այլն, այնքան հեշտ կլինի պարտությամբ... հպարտանալը, այնքան հեշտ կլինի նրանց վրա վախ «ծախելը»: Մարդը, որ կարծում է, թե հայրենիքը կամ հայրենիքի մի հատվածը բեռ է, միանգամից հարց է առաջացնում, թե ի՞նչ կապ ունի նա այդ հայրենիքի ու հայրենակիցների հետ: Ավելին, եթե մեկը Արցախը համարում է կամ համարում էր բեռ, ապա նրան ոչինչ չի խանգարում և ոչինչ չի խանգարելու վաղը բեռ համարել Սյունիքը, Գեղարքունիքը, Կոտայքը, Լոռին, Տավուշը, Վայոց ձորը, Շիրակը, Արարատը, Արմավիրը, առհասարակ՝ Հայաստանի Հանրապետությունը: Այնպես որ, մի՛ հավատացեք, մի՛ հետևեք նրանց, ովքեր կգան ու կսկսեն ձեզ համոզել, թե դուք խեղճ եք, թույլ եք, տկար, անկարող, անողնաշար, անհայրենիք, անպատմություն...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ