03 09 2022

Պետք է միավորվենք և կանգնեցնենք այս պարտությունների շղթան․ Արթուր Մոսինյան



Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի ելույթը՝ ԱՀ հռչակման 31-ամյակին նվիրված հանրահավաքին։

«Մեկ անգամ ևս շնորհավորում ենք բոլորին Արցախի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի կապակցությամբ: 1988թ. սկիզբ առած ազգային-ազատագրական պայքարը ավարտվեց հաղթանակով, և 1991թ. այս օրը հռչակվեց Արցախի Հանրապետությունը: Այդ տարիները համազգային զարթոնքի, միասնության տարիներ էին. Արցախը դարձել էր համայն հայության գուրգուրանքի, հպարտության և արժանապատվության սիմվոլը։ Այդ օրերին դրվեց Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության հիմքը: Եվ այդ եռամիասնությունն այնքան ուժեղ էր, որ դիմագրավեց 1991-1994թթ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին: Մեր հազարավոր հայորդիների արյան գնով մենք հաղթեցինք և Ադրբեջանին զինադադար պարտադրեցինք: Հաղթեցինք, որովհետև միասնական էինք: Նույնը կատարվեց նաև 2016թ.-ին: Մեր միասնության շնորհիվ թշնամին հետ շպրտվեց և չկարողացավ հասնել զգալի հաջողությունների: Նորից հաջողեցինք, որովհետև միասնական էինք:

Իրավամբ, ամեն տոն օր ունի իր խորհուրդը, և սեպտեմբերի 2-ի խորհուրդը կարելի է համարել մեր ոգու, հայի տեսակի և միասնությունը ասոցացնող խորհրդանիշ: Դժբախտաբար, նույնը չենք կարող ասել 2020թ.-ի մասին: Երբ 2020թ. պատերազմը մուտք գործեց մեր տունը, մենք ունեինք պառակտված հասարակություն, պարալիզացված պետական համակարգ: Եվ ամեն ինչը պարտությամբ վերջացավ: Այդ պարտությունը մեր ազգի համար համազգային աղետի վերածվեց: Հազարավոր մեր եղբայրների կյանքի գնով և Ռուսաստանի միջամտությամբ պատերազմը կանգնեցվեց, և ստորագրվեց կապիտուլյացիոն համաձայնագիր: Բայց անգամ այսքանից հետո հասարակությունը չսթափվեց և այս ամենի վերաբերյալ ցույց տվեց հարմարվողական մոտեցում՝ չգիտակցելով, որ սա դեռ վերջը չէ: Հարմարվելով սրան՝ մենք ունենալու ենք նոր պարտություններ:

Ես այսօր չեմ անդրադառնա 2020թ. պատերազմի պարտության պատճառներին ոչ նրա համար, որ սա որևէ մեկը կարող է մոռանալ, այլ միայն նրա համար, որ այսօրվա խորհուրդն ուրիշ է: Պատմությունը և անկախ հետաքննությունը ժամանակի ընթացքում անպայման անդրադառնալու են 2018թ. ՀՀ իշխանափոխությանը, օտար ուժերի ներգրավվածությանը, ինչպես նաև պարզելու են օրվա իշխանությունների կատարած աշխատանքը, արդյո՞ք սա ապաշնորհության, ապիկարության, թե դավադիր պլանի միտումնավոր իրագործում էր: Բայց հավատացեք՝ այս հարցերին անդրադառնալու ժամանակը մենք պարզապես չունենք: Այսօր Արցախը կանգնած է պետականությունը կորցնելու վտանգի առաջ, ուստի մենք պետք է համախմբվենք համայն հայությանը՝ փրկելու Արցախը և ապա Հայաստանը:

Երբ ձևակերպելու լինենք Արցախի առջև ծառացած մարտահրավերները, դրանք բազում են, բայց հիմնականը երեքն է. առաջինը մեր ժողովրդի պաշտպանության, անվտանգության հարցն է, երկրորդն Արցախի կարգավիճակի հարցն է միջազգային ասպարեզում, և երրորդը՝ պատերազմի հետևանքով մեզ բաժին հասած այն հումանիտար աղետների հետևանքների վերացումը, մեր բռնի տեղահանված հայրենակիցներին բնակարանով ապահովելը և հայրենիք վերադարձնելը: Բանակցային գործընթացի վերջին վայրիվերումները, իրականության հետ կապ չունեցող կեղծ խաղաղության օրակարգերը ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները գնում են սխալ ճանապարհով: ԱՀ Ազգային ժողովի՝ ապրիլի 14-ի ընդունած որոշման մեջ հստակ նշվել են այն կարմիր գծերը, որոնց հատումը որևէ մեկի կողմից անընդունելի է: Քաղաքական դաշտի որոշ բախտագուշակներ վերը նշված խնդիրների լուծմամբ զբաղվելու փոխարեն մեր իրավունքների պաշտպանությանն ուղղված մեր հայտարարություններ ու շատ առաջարկություններ անվանում են արկածախնդրություն:Մենք հայտարարում ենք, որ դեմ ենք ցանկացած արկածախնդրության: Միևնույն ժամանակ նշում ենք, որ արկածախնդրության հակառակը վախվորած, ծնկաչոք հարմարվողական կեցվածքը չէ, պետք է կարողանալ կամաց-կամաց ուղղել մեջքը, ամուր կանգնել և հող նախապատրաստել՝ ժամանակի ընթացքում մեր հիմնական խնդիրների լուծման համար: Ժողովրդի առկա բարոյահոգեբանական վիճակը հետևանք է ոչ միայն և ոչ այնքան Ադրբեջանի կողմից հաճախակի դարձած սադրանքների, այլև Արցախի և Հայաստանի իշխանությունների կողմից ձևակերպված հիմնական խնդիրները լուծելու կամքի և գործողությունների բացակայության կամ անբավարարության, որը ծնում է անորոշություն և պատշաճ հող է դառնում նման իրավիճակի համար: Այս ամենը կարող ենք և պետք է հաղթահարենք մեր միասնականությամբ, իսկ միասնականության կարելի է հասնել հասարակության բևեռացումը կանխելով և կորցրած վստահությունը վերականգնելով:

Ամեն ինչ պետք է անենք Արցախի օրեցօր թուլացող պետական համակարգն ուժեղացնելու, սուբյեկտայնությունը վերականգնելու համար: Ասվածը չի ենթադրում, թե օրվա իշխանությունը պետք է և կարող է շարունակի այն գործելաոճը, որն այսօր կա: Պետական պաշտոնները, հաստիքները, պետության բոլոր կարողությունները պետք է ծառայեն նշված խնդիրները լուծելու համար: Միասնականությունը հնարավոր չէ ապահովել նաև արդարության պակասի պայմաններում: Այս ամենը պետք է գիտակցենք և անհրաժեշտ հետևություններ անենք: Պետք է դադարեցնենք մեղավորների փնտրտուքը, չանենք միասնականությունը խաթարող, հասարակությունը պառակտող որևէ քայլ և համոզված ենք, որ համազգային մոբիլիզացիայով մենք կկանխենք պարտությունների շղթան:

Վստահության ամրապնդման նպատակով հումանիտար տարբեր խնդիրներ լուծելու համար ադրբեջանական կողմի հետ հանդիպումների և պայմանավորվածությունների մասին պետք է տրամադրվի այնքան ինֆորմացիա, որը զերծ կպահի հասարակության մեջ տարբեր ասեկոսեների և շահարկումների արմատավորումը: Այս պահից սկսած այս ամենը չանելը և նման գործելաոճի շարունակությունը բերելու է պետականության կորստի և հայրենազրկման: Եթե չսթափվենք, չգիտակցենք պահի ողջ լրջությունը, մենք զրկելու ենք ինքներս մեզ մեր հերոսների շիրիմներն այցելելու անգամ բարոյական իրավունքից:

Հայրենիքը փրկելու միակ ելքը մեր հավաքականությունն է և միասնականությունը, մենք ունենք այդ ներուժը, համոզված ենք՝ մենք դեռ ունենալու ենք նոր տոներ և բազմաթիվ հաղթանակներ հայի արդար և վրիժառու բազուկի շնորհիվ: Ես, դու, մենք, բոլորս պետք է միավորվենք և կանգնեցնենք այս պարտությունների շղթան»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ