12 11 2022

Պարտության ու կործանման տանելու՝ իշխանությունների հիմնական «ալիբին». «Փաստ»

Պարտության ու կործանման տանելու՝ իշխանությունների հիմնական «ալիբին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Օրերս Շուշի կատարած այցի ընթացքում Ալիևը հերթական սպառնալիքները շաղ տվեց Հայաստանի հասցեին՝ միաժամանակ հայկական կողմին մեղադրելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները չկատարելու մեջ։ Այնպես չէ, որ սա Ադրբեջանի նախագահի առաջին սպառնալիքն էր Հայաստանի հասցեին, պարբերաբար այդպիսի հռետորաբանության ականատես ենք եղել։ Իսկ սպառնալիքներին, որպես կանոն, հետևել են թշնամու նոր հանցագործությունները և ագրեսիվ գործողությունները։ Բայց նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից ի վեր Հայաստանի իշխանությունները գրեթե միշտ լռությամբ են «արձագանքել» Ալիևի հոխորտանքներին, անգամ այն պարագայում, երբ նա ամենավերջին վիրավորական արտահայտություններն է թույլ տվել Հայաստանի, հայ ժողովրդի և ՀՀ ղեկավարության հասցեին։

Մի անգամ էլ Փաշինյանն իշխանության այդպիսի պահվածքը նույնիսկ բացատրեց նրանով, որ իրենց հայտարարություններով չեն ցանկանում նոր սպառնալիք ստեղծել հայության համար՝ վկայակոչելով հատկապես Փառուխի դեպքերը։ Բայց այս անգամ կարծես թե այդ օրինաչափությունը չգործեց, և կառավարության ղեկավարը որոշեց վերջապես խախտել երկու տարվա լռությունը։ Կառավարության նիստում նա կես ժամանոց ելույթ ունեցավ, որի մեխն այն էր, թե Ադրբեջանը խախտում է պայմանավորվածությունները, և ոչ միայն չի իրագործում դրանք, այլև դրանց բովանդակությանը հակառակ քայլեր է կատարում։

Փաշինյանի գնահատականները չափազանց համահունչ ու տեղին են թշնամական երկրի «մինիսուլթանի» հոգեխանգարմունքի դրսևորումներին: Բայց ոչ պակաս կարևոր է հասկանալ, խորքային, ենթատեքստային ինչ նրբություններ կան նրա այս հանկարծակի «համարձակության» տակ: Հասկանալի է, որ շատերի առաջին ռեակցիան այն պիտի լիներ, թե այսքան ժամանակ իշխանությունները բանակցում են Ադրբեջանի հետ, միայն հիմա՞ են հասկանում, որ Բաքուն ոչ մի պայմանավորվածություն չի կատարել ու չի կատարելու, ավելին՝ յուրաքանչյուր անգամ առիթ է փնտրելու պայմանավորվածությունները խախտելու և դրանում հայկական կողմին մեղադրելու համար։ Մյուս կողմից էլ՝ շատերի շրջանում տպավորություն կարող է առաջանալ, թե Փաշինյանն իր ելույթի միջոցով փորձում է պատասխանել նաև այն հարցին, թե ինչպե՞ս եղավ, որ ինքը հավատում էր Ադրբեջանին, չէ՞ որ իրեն բազմաթիվ անգամներ զգուշացնում էին, որ Բաքուն տրամադրված չէ խաղաղության։

Ըստ այդմ, Փաշինյանի ելույթի ենթատեքստն այնպիսին էր, որ տպավորություն առաջանա, թե ինքն անկեղծ էր և միամիտի պես հավատում էր Բաքվի հետ պայմանավորվածությունների իրագործմանը, որ հնարավոր է խաղաղության դարաշրջան բացվի, ուստի գործել է այդ տրամաբանության շրջանակներում, բայց, դե, «խեղճն» ինչ անի, ի վերջո սխալվեց։ Այստեղ պետք է հիշել 2020 թվականի սեպտեմբերին՝ պատերազմն սկսվելուց մի քանի շաբաթ առաջ իշխանության քայլերին վերաբերող Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը, թե «միայն սխալ լինելու, սխալվելու վճռականությունն է, որ առաջ գնալու հնարավորություն է տալիս»: Մեկ այլ առիթով էլ նա խոսել էր սխալվելու իրավունքի մասին: Այդ ժամանակվանից սկսած Փաշինյանը կարծես ապահովագրում է իրեն կամ ալիբի է ստեղծում սխալվելու իրավունքով։

Իսկ կառավարության նիստի ելույթը տեղավորվում է նախապատերազմական ու հետպատերազմական ամբողջ ժամանակաշրջանի «գաղափարախոսությանը», որպեսզի իրեն մեղադրեն միամիտ լինելու, հավատալու, սխալվելու, «հարիֆ» լինելու, բայց ոչ միտումնավոր, նախանշված ծրագրով պետությունը պարտության ու կործանման տանելու մեջ։ Փաշինյանն ասում է, թե «Ալիևը ոչ միայն սպառնում է, այլ նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն»: Այստեղ են ասում՝ իյա, իրո՞ք: Փաստացի ՀՀ իշխանությունները խոստովանում են, որ ի վիճակի չեն ապահովել Արցախի անվտանգությունը և արցախահայությանը թողել են միայնակ, բայց մյուս կողմից էլ Փաշինյանը «գյուտ է անում» և «զարմանում», թե ինչու Ադրբեջանը Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպումներ չի կազմակերպում։

Ընդ որում, այսպիսի պայմաններում հայկական կողմը շտապում է պայմանավորվածությունները կատարել։ Ու սա այն դեպքում, երբ Ադրբեջանը գրեթե ոչ մի պայմանավորվածություն չի կատարում, իսկ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն էլ մեկնաբանում է այնպես, ինչպես ցանկանում է։ Վստահ ենք՝ Փաշինյանն ինքն էլ հրաշալի գիտի, որ խաղաղության պայմանագրի կնքումից հետո էլ Բաքուն չի դավաճանելու իր գործելակերպին՝ այս անգամ «խաղաղության» պայմանագրի հոդվածները մեկնաբանելով այնպես, ինչպես իրեն է ձեռնտու տվյալ պահին։ Ադրբեջանի գործողությունների տրամաբանությունը հուշում է, որ այդ երկիրը հող է նախապատրաստում Հայաստանից նոր տարածքներ բռնազավթելու համար ու ընդհանրապես հայկական պետականությունը քայքայելու համար։ Փաշինյանը պարզապես շարունակում է «միամիտի», «հավատացողի» ու «սխալվածի» դերի մեջ մնալ:

Այնպիսի տպավորություն է, որ հիմա էլ նա հիմքեր է ստեղծում հետագա նոր փորձանքների պարագայում հայտարարելու, թե ինքը հստակ զգուշացնում էր այդ մասին, բայց դե... ի՞նչ կարող էր անել։ Կամ՝ ամեն ինչ արեց, նույնիսկ խաղաղության պայմանագիր ստորագրեց, էլ ի՞նչ պետք է աներ, որ չի արել և այլն: Եվ հանրության մի մասն էլ, խայծը կուլ տալով, կարող է հավատալ, որ իրոք այդպես է եղել, որ նա միամիտ է, որ նա ամեն ինչ արել է, որ, որ որ... Ու այդ մարդիկ այդպես էլ հարց չեն տա իրենց, թե ինչպե՞ս է Փաշինյանը հետևողականորեն Հայաստանը հասցրել մեկը մյուսին հետևող պարտության ու կործանման։ Այդպես էլ գուցե չեն հասկանա, որ «էլ ի՞նչ պետք է անեի, որ չեմ արել» հարցի պատասխանը մեկն է՝ պետք էր ժամանակին հեռանալ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ