25 10 2022

Պատասխանատվության բացակայությունն ու պարտության նույն արահետը․ «Փաստ»

Պատասխանատվության բացակայությունն ու պարտության նույն արահետը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Բոլոր իշխանություններն էլ սխալներ ու բացթողումներ ունենում են, նույնիսկ ամենահաջողակները, բայց այլ հարց է, երբ այդ թերացումները անդառնալի հետևանքների են հանգեցնում։ Այդ դեպքում, որպես կանոն, իշխող քաղաքական թիմն ու պաշտոնյաները պատասխան են տալիս իրենց անգործության, թերացումների կամ դիտավորության համար։ Օրինակ՝ արևմտյան մի շարք զարգացած երկրներում տեսնում ենք, որ անգամ մի փոքր սխալի և բացթողման համար դրվում է երկրի ղեկավարի հեռացման հարց, ավելին՝ նրա դեմ գործեր կարող են հարուցվել կամ էլ իմփիչմենթի գործընթաց սկսվել։ Ուստի, այդ պետություններում անհնար է պատկերացնել մի վիճակ, երբ խայտառակ պարտությունը, հազարավոր զոհերը և տարածքների կորուստը հետևանքներ չունենան իշխող քաղաքական ուժի համար։

Սակայն Հայաստանում, կարծես, պատասխանատվության տրամաբանությունն այդպես էլ չի գործում։ 2018 թվականին իշխանության գալով՝ Փաշինյանն ու իր թիմակիցները ստացան ամբողջական ու անվտանգ Արցախ, իսկ հիմա Արցախից մի փոքր հատված է մնացել, որի հետագա գոյությունը ևս հարցականի տակ է։ Իսկ այն հարցերը, թե ինչո՞ւ մենք պարտություն կրեցինք, ի՞նչն էր խորքային պատճառը, մինչև հիմա մնում են օդում կախված։ Իշխանություններին առայժմ հաջողվում է խուսափել քաղաքական և իրավական պատասխանատվությունից, փոխարենը կան զինվորականների վրա հարուցված որոշ քրեական գործեր, որոնցից դժվար է գլուխ հանելը, քանի որ Փաշինյանի օրոք հարուցված գործերը միշտ էլ կասկածելի ճակատագիր են ունենում և ճանապարհի կեսից ջարդուփշուր են լինում։ Բայց առանց գործեր հարուցելու էլ ուղղություններ կան, որտեղ թերացումներն ակնհայտ են։ Եվ դրանցից մեկը վերաբերում է սպառազինությունների ձեռքբերման խնդրին։

Ինչո՞ւ է Հայաստանը ներկա փուլում միայն փորձում սպառազինությունների նոր խմբաքանակ ձեռք բերել Հնդկաստանից, կամ ինչո՞ւ է պատերազմից երկու տարի անց հայտ ներկայացնում Իրանից անօդաչուներ ձեռք բերելու համար, եթե դա կարելի էր անել պատերազմից առաջ, մանավանդ Փաշինյանը պարբերաբար հայտարարում էր, թե իր կառավարությունը գումարի խնդիր չունի։ Այդ դեպքում ինչո՞ւ գնեցին Су-30 կործանիչներն առանց հրթիռների, կամ ինչո՞ւ միայն դրանով բավարարվեցին, քանի որ կարող էին այլ առաջադեմ սպառազինություն ևս ձեռք բերել։ Ու Փաշինյանն իրեն արդարացնելու համար ամեն անգամ հայտարարում է, թե զինվորականներն ինչ առաջարկել են, դրան համապատասխան էլ ինքը հաստատել է առաջարկների պլանը, կամ զինվորականներն ինչ ուզել են իրենցից, իրենք էլ տվել են, ֆինանսական միջոցներ են տրամադրել։

Նախ՝ պարզ է, որ ինչպես Փաշինյանը ցանկանում է, այդպես էլ կարող է ներկայացնել։ Դեռ չգիտենք՝ այդպես է եղել, թե ոչ։ Առավել ևս, որ նույն զինվորականները, նույնիսկ նրանք, որոնք հերթով պատժվում են, այդպես էլ ձայն չեն հանում, պահպանում են իրենց «լռության ուխտը»: Մյուս կողմից էլ՝ այդ հանգամանքի մատնանշումը Փաշինյանին չի ազատում պատասխանատվությունից, քանի որ, որպես ղեկավար, նա դրա համար պատասխանատվություն է ստանձնել, այլապես ցանկացած ղեկավար կարող է ամեն ինչի մեղքը գցել ենթակաների վրա ու ոչ մի պատասխանատվություն չստանձնել։ Անգամ բիզնեսի մեջ, եթե որևէ ընկերություն շարունակ անհաջողություն է ունենում, փոխում են ղեկավարին։ Մեկ այլ հարց էլ, որին մինչև հիմա պատասխան չի տրվել, հետևյալն է. ՀՀ-ն ուներ ներուժ մի շարք կարևոր զենքեր արտադրելու, ինչո՞ւ չի արտադրվել։ Իշխանությունները ՏՏ ոլորտը հռչակել էին առաջնային, ինչո՞ւ չեն կարողացել կազմակերպել մարտական պայմաններում կիրառելու համար նախատեսված ԱԹՍ-ների արտադրությունը, որ հիմա ցանկանում են այլ պետություններից գնել։

Իսկ այդպիսի ԱԹՍ-ների արտադրության համար գերժամանակակից տեխնոլոգիաներ կամ ահռելի ֆինանսական միջոցներ պետք չէին։ Օրինակ՝ այս օրերին շատ է խոսվում իրանական դրոնների՝ հատկապես «Shahed 136»-ի մասին, որոնք ուկրաինական պատերազմի ընթացքում վճռական դերակատարություն են ունենում։ Ու նույնիսկ այն պարագայում, երբ Իրանում տեխնոլոգիաների հասանելիության հետ կապված խնդիրներ կան պատժամիջոցների պատճառով, նրանք կարողացել են ստեղծել համեմատաբար շատ էժան ու էֆեկտիվ կամիկաձե անօդաչուներ, ու արևմտյան լրատվամիջոցները գրում են նաև, թե դրանցում հին մոտոցիկլետների շարժիչներ են օգտագործվել։ Բա ժամանակին մեր ԲՏԱ նախարարներն ու այլ պաշտոնյաներ անընդհատ փիառվում էին, տեսանյութեր էին ցուցադրում հայկական ԱԹՍ-ների մասին, որոնց հզորության շուրջ նույնիսկ լեգենդներ են հյուսվել, իսկ ո՞ւր են դրանք, մանավանդ որ ՀՀ-ն էլ տեխնոլոգիական հասանելիության հետ կապված խնդիրներ չունի՝ ի տարբերություն Իրանի։

Այս ամենը վկայում է Հայաստանի գործող իշխանությունների առնվազն անգործության մասին, որը շարունակվում է նաև այժմ։ Բայց երբ սխալներին ու թերացումներին ժամանակին գնահատական չի տրվում, ապա դրանք կրկնվում են։ Օրինակ՝ Ապրիլ յան պատերազմի մասով իշխող ուժի ներկայացուցիչների նախաձեռնությամբ հանձնաժողով էր ստեղծվել, որպեսզի հաշվի առնեն այդ ժամանակ եղած բացթողումններն ու դասեր քաղեն, բայց այն վերածեցին շոուի ու քաղաքական դիվիդենտներ քաղելու ներկայացման, իսկ հանձնաժողովի զեկույցն այդպես էլ անհայտ մնաց հանրության համար։ Իշխանությունները իրերի իրական դրության և հանգամանքների հետ հաշվի չնստեցին, որոնցից մեկն էլ այն էր, որ ինչպես 2016 թվականին, այնպես էլ հետագայում հակառակորդը մեծ խաղադրույք է կատարելու մարտական անօդաչուների վրա։ Այս իրողությունը հաշվի չառնելու արդյունքում էր նաև, որ 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ խայտառակ պարտություն կրեցինք։

Ապրիլ յան պատերազմից դեռևս դասեր չքաղած՝ 2020 թվականի պատերազմից հետո ևս իշխող ուժի ներկայացուցիչները հատուկ հանձնաժողով ստեղծեցին, բայց այս անգամ արդեն իրենց քաղաքական ղեկավարին արդարացնելու համար։ Ու այդպես խաղաղության դարաշրջանի անվան տակ ժամանակն այնքան անարդյունավետ օգտագործվեց, մինչև որ հակառակորդը ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք, ապա ավելի խորացավ, իսկ այսպիսի անցանկալի գործընթացը միանշանակ հնարավոր էր կանխել։ Մինչև իշխանությունները քայլեր են ձեռնարկում կամ ցույց են տալիս, թե իբր քայլեր են ձեռնարկում, դրանք արդեն ուշացած են լինում։ Կարճ ասած՝ ինչքան գործող իշխանությունները շարունակեն պաշտոնավարել, Հայաստանն ամեն անգամ պարտության նույն արահետն է մտնելու։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ