17 02 2024

ՊՆ-ն գիտի զոհերի ճիշտ թիվը, սակայն չի հրապարակում․ «Հրապարակ»

ՊՆ-ն գիտի զոհերի ճիշտ թիվը, սակայն չի հրապարակում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Թե ինչքան մարդկային կորուստներ են ունեցել Հայաստանն ու Արցախը 44-օրյա պատերազմի ժամանակ եւ դրանից հետո ծավալված ռազմական գործողությունների, հարձակումների, սահմանային բախումների, թշնամու առաջխաղացումների ժամանակ՝ Հայաստանի սահմանի տարբեր հատվածներում, մինչ օրս պաշտոնապես հայտնի չէ։

Պաշտոնապես հրապարակված տվյալների մեջ մեծ հակասություններ կան։ 2022 թ. հունվարի 19-ին Քննչական կոմիտեն հայտնեց, որ 44-օրյա պատերազմի հետեւանքով Արցախում եւ ՀՀ-ում զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը կազմում է 3 հազար 809 անձ։ Ապրիլին նույն ՔԿ-ն հաղորդեց 3 հազար 822 զոհի մասին, անհայտ էր 187 զինծառայողի եւ 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Ըստ Կարմիր խաչի կոմիտեի 2022 թ. հունվարին հրապարակած տվյալի, անհետ կորածները 300-ն են եղել։ Ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանն իր ելույթում խոսեց արդեն 3 հազար 825 զոհի մասին։ Ավելի վաղ՝ 2022 թ. փետրվարին հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3 հազար 812-ն է։ 

Մոտ մեկ տարի առաջ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների աճյուններ կան, որոնք դեռ չեն հուղարկավորվել, որ չհուղարկավորված աճյունների թվի շեշտակի նվազում չի եղել։ Սրան ավելացնենք նաեւ մասունքները, որոնք գտել են, եւ մինչ օրս ճանաչված չեն, կամ որոշ ծնողներ հրաժարվել են ընդունել իրենց զավակների մահվան փաստն ու մասունքները։ Հայտնի չէ՝ այս մասունքներն ու աճյունները հաշվի՞ են առնված զոհվածների ընդհանուր թվում, թե՞ ոչ։

2022 թ. հունիսի 6-ին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն էլ թվեր հրապարակեց․44-օրյա պատերազմից հետո, մինչ օրս, հատուցում է տրամադրվել 4 հազար 359 շահառուի։ Հիշեցնենք, որ զոհերի շրջանառվող թիվը 5 հազարն է, վիրավորներինը՝ 12 հազարը։ Հայ-ադրբեջանական մյուս խոշոր բախումը 22 թ. սեպտեմբերի 13-14-ին էր, երբ Ադրբեջանը հարձակվեց ՀՀ ինքնիշխան տարածքի վրա։ Այս հարցում էլ լիարժեք պարզություն չկա։ 2022 թ. դեկտեմբերի 19-ին Քննչական կոմիտեն հրապարակեց, որ սեպտեմբերի 13-14-ի հարձակման հետեւանքով հայկական կողմի զոհերի թիվը 224-ն է։ Հետագայում այս թվերն էլ չճշգրտվեցին, չնայած մենք նոր զոհեր էինք ունենում, անհայտ կորած զինծառայողները ճանաչվում էին զոհված, հայկական կողմին դիակներ էին հանձնվում, մասունքներ էին նույնականացվում։

Վերջին օրերին Ադրբեջանի՝ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը տեղի ԶԼՄ-ներին հաղորդեց, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո հայտնաբերել եւ հայկական կողմին է փոխանցել 1713 դի, իսկ 2022 թ. սեպտեմբերի 13-14-ը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական բախումից հետո՝ եւս 157 դի:
Արդյո՞ք այս տվյալները ներառված են պաշտոնապես հրապարակված զոհերի թվի մեջ՝ 3 800-4 359 եւ 224, միանշանակ կարծիք չկա։ Ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը կարծում է, որ Ադրբեջանի հրապարակած վերջին թվերը մտնում են 3 հազար 809 թվի մեջ, թեեւ ակնհայտ է, որ 3 հազար 809-ն արդեն հողին հանձնված, նույնականացված մարմինների թիվն է: Նա կարծում է, որ ադրբեջանական կողմը սա անում է հատուկ նպատակով․ «Այդ հանձնաժողովն ուզում է, որ մենք տեղեկություններ տրամադրենք իրենց անհայտ կորածների մասով եւ ընդունենք իրենց թվերը։ Դրա համար իրենք այդ թվերը ներկայացնում են, որ ցույց տան՝ տեսեք, մենք էսքան դիակ ենք վերադարձրել, էսքան մարմին, որ մենք էլ իրենց օգնենք»։

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը հակառակ կարծիքի է։ Ոչ, չի մտնում՝ կարծում է նա, սակայն ճշգրիտ հաշվարկներ կարող է կատարել միայն պետական կառույցը։ Ըստ նրա, իշխանությունը չցանկացավ հրապարակել` գնաց վիճակագրական մանիպուլյացիաների։ «Օրինակ, վիրավորների թիվ է ներկայացվում, հետո այդ վիրավորների մի մասը մահանում է, բայց զոհվածների թիվը չի ավելացնում։ Իսկ ընդդիմությունը չցանկացավ հաշվարկ կատարել, որովհետեւ ընդդիմությանը ձեռնտու է մեծ թիվ ասել։ Այդ հաշվարկը կարող էր մի ռեսուրս ունեցող կառույց իրականացնել, սակայն չեն ցանկանում։ Ռազմական վիճակագրության մեջ մանիպուլյացիաների հնարավորությունը շատ մեծ է։ Կարծում եմ՝ ՊՆ-ն գիտի ճշգրիտ թվերը, սակայն չի հրապարակում։ Անուններով կարող էր Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հրապարակել, որին ներկայացվում են բոլոր փաստաթղթերը»,- ասում է Մհեր Հակոբյանը։

ԱԺ քննիչ հանձնաժողովը, որը ստեղծվել էր 2022 թվականին, եւ որի նիստերին չցանկացան մասնակցել ընդդիմադիր պատգամավորները, ի թիվս 44-օրյա պատերազմի հետեւանքների, պետք է անդրադառնար հայկական կողմի կրած կորուստներին, զոհերի թվին։ Զանգահարեցինք հանձնաժողովի ՔՊ-ական անդամներին՝ Անդրանիկ Քոչարյանին, Վահագն Ալեքսանյանին, Վիլեն Գաբրիելյանին, Արմեն Խաչատրյանին, պարզելու, թե ինչու 2 տարի անց հանձնաժողովը չունի զոհերի ճշգրտված թիվը եւ անունները, սակայն նրանցից միայն ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կարողացանք կապ հաստատել, ով ասաց․ «Մեր զոհերի թիվը բաց ինֆորմացիա է, բացի թվից, նաեւ անուն-ազգանունները կան»։ Ըստ Հայկ Սարգսյանի՝ ճշգրիտը Զինվորների ապահովագրության հիմնադրամի հրապարակածն է, որտեղ կան նաեւ անուններ։

Զոհվածների անունների հրապարակման պահանջն իր գործն է դարձրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։ ԱԺ վերջին քառօրյայի ժամանակ նա բարձրացրել էր այդ հարցը։ «Հայկ Սարգսյանը չի տիրապետում հարցին, ու շատերը չեն հասկանում, որ սա ճշգրիտ թիվը չէ։ Հիմնադրամում այն մարդկանց անուններն են, որոնց հարազատները դարձել են այդ հիմնադրամի շահառուներ։ Բայց կան շատերը, ովքեր չեն դարձել։ Հիմա ի՞նչ, նրանց հարազատները չե՞ն զոհվել։ Ինչ վերաբերում է անուններին, ապա դրանք խառնած են` զոհվածների եւ հաշմանդամների անունները միասին են ներկայացված»,- ասում է Գեղամ Նազարյանը։ Ինչ վերաբերում է պատերազմի հետեւանքները քննող հանձնաժողովին, ապա, ըստ Նազարյանի, որեւէ թվային տվյալ՝ զոհվածների վերաբերյալ, այս հանձնաժողովը չի հրապարակել։ «Մինչեւ հիմա զոհվածների անունները չեն հրապարակվել, ես այդ մասին հայտարարել եմ ու ես ամեն ինչ անելու եմ, որ դրանք հրապարակվեն։ Երբ չկան անուններ, ինչ տվյալ ասես, կհրապարակեն, եւ դա վիճելի կլինի»,- ասում է Նազարյանը։

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցնում է՝ տարիներ շարունակ ցանկացած բախման կամ սահմանային միջադեպից հետո ՊՆ-ն միշտ պաշտոնապես հրապարակում էր լուր զոհի մասին՝ միայն անուն-ազգանունը ճշտելուց հետո։ «Կա խորքային մի բան՝ երբ հայտարարվում է, որ այսինչ ուղղության վրա զոհ ունենք, հազարավոր զինծառայողների հարազատների հոգեկան վիճակը խաթարվում է։ Նախկինում մինչեւ անուն-ազգանունը չճշտեինք, չէր հրապարակվում զոհի մասին տեղեկություն, իսկ հիմա ուղղակի ասում են՝ 2 զոհ, 3 զոհ, ու մի քանի ժամից նոր անուններ են հրապարակում, ինչն անթույլատրելի է»։ Իշխանությունը հղում է տալիս հիմնադրամից փոխհատուցում ստացածներին, բայց բացի այն, որ ոչ բոլորն են փոխհատուցում ստացել, կան ԴՆԹ արդյունքներ, որոնք հաստատված են, բայց ծնողները չեն ընդունում։ «Նրանք էլ փոխհատուցում չեն ստանում, ու սա պրոբլեմներից մեկն է։ Մինչեւ հիմա պետությունն իր նահատակների անունները չի հրապարակում, եւ սա խայտառակություն է»,- ասում է Գեղամ Մանուկյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ