10 02 2024

Պրոֆեսիոնալները չեն ուզում ՔՊ-ի հետ աշխատել․ «Ժողովուրդ»

Պրոֆեսիոնալները չեն ուզում ՔՊ-ի հետ աշխատել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ դառնալու համար նոր թեկնածուների անունները հայտնի են։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նրանք նախկինում աշխատել են նույն ԿԿ հանձնաժողովում։ Մեզ հայտնի դարձավ, որ նրանցից մեկը Նվարդ Վարդանյանն է, որը նախկինում աշխատել է Արդարադատության նախարարությունում, իսկ հետագայում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում՝ որպես մարդկային ռեսուրսների փորձագետ, իսկ մյուս թեկնածուն Սարգիս Միրզոյանն է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նրանց դիմումը խիստ զարմացրել է հանձնաժողովի անդամներին, քանի որ կարծիքներ են հնչել, որ նրանք ոլորտի կառավարման փորձ բացարձակ չունեն։ Ավելին՝ թեկնածուների առաջադրումը ՔՊ-ի հետ անգամ համաձայնեցված չի եղել։

Ստացվում է՝ մինչ ՔՊ-ն ուժեղ անդամներ է փնտրում, առավել պրոֆեսիոնալները չեն դիմում կամ ցանկություն չունեն աշխատելու ՔՊ թիմի հետ: Մարդիկ, վերջին դեպքերը տեսնելով, հասկացել են՝ առանց ՔՊ-ի համաձայնության իրենց ընտրությունը տապալված է։

Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության խայտառակ տապալումից հետո, ԱԺ-ն հունվարի 25-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության համար նոր մրցույթ է հայտարարել, վերջնաժամկետն էլ փետրվարի 5-ն է:

ԿԿՀ անդամի պաշտոնում ինքնաառաջադրված թեկնածուների մրցույթն անցկացնելու է Մրցութային խորհուրդը, որը կազմված է Սահմանադրական դատարանի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների, Հանրային խորհրդի եւ Փաստաբանների պալատի կողմից նշանակված ներկայացուցիչներից։

«Կոռուպցիայի կանխարգելման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մրցույթն անցկացվում է երեք փուլով, որոնցից առաջինը փաստաթղթերի ամբողջականության եւ համապատասխանության ստուգման (այսուհետ՝ փաստաթղթային ստուգման) փուլն է, երկրորդը՝ թեստավորման, իսկ երրորդը՝ հարցազրույցի:

Մրցույթին մասնակցելու հավակնություն ունեցող անձը, ի թիվս այլ անհրաժեշտ փաստաթղթերի, ներկայացնում է նաեւ բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ, որում ներկայացված տվյալները ստուգում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

Հարցազրույցի փուլի գնահատման արդյունքներով ամենաբարձր հանրագումարային միավորներ ստացած մասնակիցները ընդգրկվում են մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակում, որը Մրցութային խորհուրդը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին ցուցակի հրապարակմանը հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

ԿԿՀ անդամներին ընտրում է խորհրդարանը: Անցած տարի, կոպտորեն թիրախավորելով ԿԿՀ նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանին եւ Նարինե Ավետիսյանին, մերժեցին։

Այժմ էլ մրցութային հանձնաժողովը նախագահում է ՔՊ խմբակցության անդամ Արուսիկ Ջուլհակյանը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ