21 12 2023

Համակերպվելու թեզերի վտանգավորագույն դիսկուրսը․ «Փաստ»

Համակերպվելու թեզերի վտանգավորագույն դիսկուրսը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Պետության վարքագիծը մեծապես պայմանավորված է նաև այն հանգամանքով, թե ինչ է մտածում հասարակությունը և ինչ քայլերի է դրդում քաղաքական գործիչներին։ Դրա համար էլ, ընդհանուր առմամբ, քարոզչությունը կարևոր տեղ է զբաղեցնում պետական քաղաքականության համատեքստում։


Այսօր ունենք մի այնպիսի իրավիճակ, որ հանրության մեծ մասը սկսել է նույնիսկ չխոսել, չքննարկել Արցախի հայկական լինելու թեման, դրա փոխարեն ավելի շատ քննարկվում է այն հարցը, թե արդյո՞ք արցախցիները կկարողանան վերադառնալ Արցախ։ Ավելին, այսօր հանրային դիսկուրս են մուտք գործել թեմաներ, թե արդյո՞ք «անկլավ» կոչեցյալներն ադրբեջանակա՞ն են, թե՞ հայկական, Ադրբեջանն իրավունք ունի՞ վերցնել, ասենք, Տիգրանաշենը։ Կամ էլ վերլուծությունների առարկա է դարձել այն հարցը, թե արդյո՞ք ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ Հայաստան։ Ընդ որում, հասել ենք մի կետի, որ այս ամենը քննարկվում է որպես սովորական մի թեմա, շարքային բանավեճի հարց, այն դեպքում, երբ այստեղ նույնիսկ վիճելու բան չկա:


Ասենք՝ մի 5 տարի առաջ նույնիսկ դժվար էր պատկերացնել, թե մեր հանրային դիսկուրսում նման հարցեր կարող են քննարկվել, ու հանրությունը կարող է համակերպվել Արցախի կորստի հետ կամ կասկածի տակ դնել Արցախի հայկականությունը։ Իսկ ինչպե՞ս եղավ, որ հասանք այսպիսի հանգրվանի։ Դեռևս տարիներ շարունակ որոշ ուժերի, այդ թվում՝ նաև այսօրվա իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչների ու նրանց իշխանության բերած «կենտրոնների» աջակցությամբ «կաթիլ-կաթիլ» այնպիսի քարոզչություն է տարվել, թե՝ Արցախը պահել չենք կարող, Արցախը բեռ է, պիտի հանձնենք, որ բարեկեցիկ ու խաղաղ կյանքով կարողանանք ապրել և այլն, և այլն։ Այդ ամենը ժամանակին սվիններով էր ընդունվում հանրության կողմից, այդ ամենը դիտարկվում էր որպես արտառոց մի բան: Սակայն, որքան էլ ցավալի է, այս քարոզչությունը քիչ-քիչ իր սերմերը տվեց հանրային մտածողության մեջ։

Հիմա իշխող ուժի ներկայացուցիչներն առավել ևս շարունակում են նույնատիպ քարոզչությունը՝ նախ՝ արդարացնելու իրենց բերած փորձանքները, ապա և կեղծ թեզերը ամրապնդելու, թե արտաքին ուժերն Արցախի թեման օգտագործել են որպես լծակ կամ մահակ Հայաստանի վրա ազդելու համար և այդ թեման խաղարկելու միջոցով էլ թույլ չեն տվել, որ Հայաստանը զարգանա։ Այլ կերպ ասած՝ պետք է համակերպվել Արցախի կորստի հետ, եթե ցանկանում ենք, որ արտաքին ուժերն Արցախի հարցը կրկին լծակ չդարձնեն Հայաստանի վրա ազդելու ու զարգացում թույլ չտալու համար։

Ավելին, Փաշինյանը հայտարարում է, թե մեր ռեսուրսների մեծ մասը, որ պիտի օգտագործվեր ՀՀ-ն ստեղծելու վրա, դրել ենք ԼՂՀ-ն ստեղծելու վրա։ Այսինքն, նրա կարծիքով, նույնիսկ պետք էլ չէր կամ անարդյունք էր Արցախի համար պայքարելը և Հայաստանի ռեսուրսների առյուծի բաժինը դնել Լեռնային Ղարաբաղի վրա:

Սակայն գործող իշխանությունների տարած քաղաքական գիծը նորություն չէ և ի սկզբանե եղել է Արցախյան հաղթանակները նսեմացնելու, Արցախի իրավունքների համար պայքարելուց հրաժարվելու ու պայքարի անիմաստությունը ցույց տալու համատեքստում։ Թերևս պետք է հիշենք, որ անմիջապես իշխանության գալուց հետո որոշ քպականներ ընդգծում էին, թե իրենց կատարած հեղափոխությունն ավելի կարևոր է, քան Արցախյան ազատամարտը։ Ու դրա հետ մեկտեղ հանրային դաշտում փորձեցին առավել ամրապնդել հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումը, Արցախը հռչակեցին որպես հակահեղափոխության ու սաբոտաժի կենտրոն և այլն։

Իսկ Արցախյան պատերազմից հետո նույնիսկ եղել են դեպքեր, երբ անձամբ Փաշինյանն է լեգ ի տ իմաց րել Ադրբեջանի նկրտումները։ Կառավարության նիստում նա նույնիսկ տեղանունների ադրբեջանական տարբերակներն էր օգտագործում՝ Էյվազլի, Չայզամ և այլն։ Իսկ հետո էլ խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե այդպես է ասել, որ պարզ լինի՝ դրանք գտնվում են Հայաստանի տարածքից դուրս։

Ու այսպես քիչ-քիչ թշնամուն տալը, զիջելը հանրության մի զգալի շերտի համար դառնում է սովորական երևույթ, ու պայմաններ են ստեղծվում, որ հայությունը դադարի պայքարել իր իրավունքների համար, մարդիկ առաջնորդվեն միայն նեղ անձնական շահերով ու նրանց ավելի շատ հետաքրքրի մի կտոր հացը, պարգևավճարը կամ որևէ հայտնի երգչի համերգը, քան իրենց պատմական հայրենիքը։ Ու եթե այս նույն տեմպով շարունակվի, ապա ադրբեջանական մյուս թեզերը ևս ժամանակի ընթացքում կներթափանցեն մեր հանրային դիսկուրս, ու կլեգիտիմացվեն նաև Հայաստանի տարածքի նկատմամբ հակառակորդի նկրտումները։

Ի դեպ, համեմատության մեջ նշենք, որ Ադրբեջանը պետական մակարդակով տարիներ շարունակ իր հասարակության մեջ ներմուծել է հակահայկականությունը, էթնիկ ատելությունը։ Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունն իր իշխանությունը պահել է հայերի նկատմամբ ատելություն գեներացնելու հողի վրա։ Ադրբեջանական քարոզչությունն ի սկզբանե այն մոտեցումն է ձևավորել, որ, ի վերջո, իրենք վերադառնալու են Ղարաբաղ։ Նույնիսկ հատուկ քարոզչական տեսանյութեր էին պատրաստում ու միջոցառումներ կազմակերպում այդ նպատակի շուրջ։ Ու ադրբեջանական հասարակության շրջանում երբևէ կասկածի տակ չի դրվել Արցախի նկատմամբ իրենց հավակնությունն այն դեպքում, երբ Արցախը երբեք ադրբեջանական չի եղել, դարեր շարունակ պատմականորեն եղել է հայկական և ապօրինի ու բռնի կերպով է կցվել Ադրբեջանին։

Սակայն խնդիրը նույնիսկ ատելությունը չէ, ավելին՝ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի սիրելի «խաղաղության օրակարգն» է, այլ վտանգավոր միտումները, որ մեր հանրությունը կարող է և համակերպվել իր իրավունքների ու իր հայրենիքի մի մասի կորստի հետ, որ կարող է շատ հանգիստ հանրային դիսկուրս բերել Արցախի հայկական լինել-չլինելու հարցը, «անկլավների» հարցը: Իսկ շատ ավելի վտանգավոր է, որ այս իշխանությունը սկսել է հաճախակի խոսել, հաճախակի հանրային դիսկուրս բերել Հայաստանի ինքնիշխանության և անկախության թեման...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ