«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած օրերին համացանցը ողողվեց ՀՀ պատգամավոր կանանց լուսանկարներով, որոնք Իսլանդիայում մասնակցում են կին առաջնորդների հերթական ֆորումին։ Ռեյկյավիկ են մեկնել ՔՊ-ականներ Տաթեւիկ Գասպարյանը, Լիլիթ Կիրակոսյանը, Արուսյակ Մանավազյանը եւ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը:
Սակայն ԱԺ նախագահի՝ գործուղման վերաբերյալ կարգադրության մեջ Թովմասյանի անունը եւս բացակայում է: Խորհրդարանից մեր հարցմանը, թե ինչու Թագուհի Թովմասյանի անունը չկա կարգադրության մեջ, փոխանցեցին, որ անհատական հրավերներ են եղել կանանց, Թովմասյանը, ի տարբերություն իշխանականների, հարկ չի համարել ԱԺ-ին գրություն ներկայացնել` իր բացակայության եւ դրա պատճառների մասին։ Եվ չնայած այս կանայք մեկնել են անհատական հրավերներով, սակայն ՔՊ-ական կանանց գործուղման ծախսերը հոգացել է ԱԺ-ն, իսկ Թագուհի Թովմասյանն այլ միջոցների հաշվին է մեկնել:
ԱԺ-ից պարզաբանեցին, որ գործուղման «կարեւորությունը» հաշվի առնելով է ԱԺ-ն ֆինանսավորել այս «վոյաժը»․ «Եթե դրա կարեւորությունն ԱԺ-ն համարում է այնպիսին, որ անպայման պետք է ֆինանսավորի, ֆինանսավորում է»։ Մի հանգամանք էլ նկատեցինք. Թագուհի Թովմասյանը Ֆեյսբուքում իր այցի մասին գրառում է արել, որտեղ ներկայացել է որպես Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը