«Հրապարակ»-ը գրում է․
«Կմնա՞ն ռուս խաղաղապահներն Արցախում, թե՞ կհեռանան»․ այս հարցն ակտուալ է դարձել Արցախի դատարկվելուց հետո։
Ռուս խաղաղապահներն Արցախում են 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում: Համաձայնագրով՝ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որը եւս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որեւէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Արցախից։
Թեեւ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ռուս խաղաղապահները պիտի Ղարաբաղում մնան մինչեւ 2025 թվականը, սակայն սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո, երբ Արցախի 100 հազարից ավելի բնակիչներ լքեցին իրենց հայրենիքը, հարցականի տակ դրվեց այնտեղ ռուս խաղաղապահների ներկայությունը: Անգամ լուրեր շրջանառվեցին, թե նրանք նոյեմբերի 1-ին դուրս են գալու Արցախից:
Պարզ է, որ Հայաստանի իշխանություններն այլեւս ռուս խաղաղապահների օգտին որեւէ քայլ չեն ձեռնարկի` նրանք ռուսական կողմին են մեղադրում Ադրբեջանի ռազմական ագրեսիան չկանխելու եւ Արցախի հայաթափման համար: Պաշտոնական Մոսկվան, բնականաբար, մերժում է այս քննադատությունները: Ավելին՝ խաղաղապահներին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ ռուսական զորակազմը չի պատրաստվում հեռանալ Արցախից, եւ որպեսզի դա իրատեսական դառնա, ուղիներ են մտածում տեղահանված արցախցիներին վերադարձնելու ուղղությամբ։ Նույնիսկ հաշվարկներ են արել՝ եթե անգամ 5-10 հազար արցախցի վերադարձնեն իրենց տները, ապա պաշտոնական Բաքուն չի կարող առարկել եւ տեղի կտա ռուսական կողմի առաջարկին։
Մեզ ասացին, որ այժմ բանակցություններ են ընթանում` մինչեւ 2030 թվականը խաղաղապահների՝ Արցախում մնալու հարցի շուրջ։ Օրերս ռուսների խումբ է մեկնել Բաքու եւ պաշտոնապես փոխանցել այս մտադրությունը։ Բաքուն հետաքրքրվել է՝ ի՞նչ առաքելությամբ պետք է խաղաղապահները մնան Արցախում, ռուսական կողմը չի բացառել, որ մի քանի հազար արցախցիներ կվերադառնան իրենց տները, եւ իրենց կարիքը նորից կզգացվի: Բանակցությունների մանրամասները մեզ հայտնի չեն, սակայն չի բացառվում այս սցենարը` հաշվի առնելով ռուսական կողմի շահագրգռվածությունը եւ Սամվել Շահրամանյանի` իր հարցազրույցում ասածը, թե աշխատելու են արցախցիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։
Ուշագրավ է, որ Ստեփանակերտում մնացած մի քանի տասնյակ արցախցիներին ռուս խաղաղապահները փոխանցել են ադրբեջանցիների մտադրությունների մասին՝ եթե մինչեւ տարեվերջ արցախցիները չվերադառնան իրենց տները, դրանք պետական սեփականություն կճանաչվեն, իսկ ով վերադառնա, կպահպանի իր սեփականությունը։ Թերեւս հույս ունեն, որ սեփականությունը պահպանելու հանգամանքը դեր կխաղա, եւ գույքը կորցնելու մասին լուրերով կկարողանան վերադարձնել արցախցիների մի մասին։
Սակայն արցախցի պաշտոնյաներից մեկը մասնավոր զրույցում մեզ ասաց, որ թերահավատ է, թե որեւէ արցախցի ետ կվերադառնա՝ համաձայնելով ապրել Ադրբեջանին ինտեգրվելու կանոններով։ Այլ բան է, եթե Արցախին հատուկ կարգավիճակ շնորհի Ադրբեջանը՝ ինքնավար մարզի, օրինակ, ինչն իրատեսական չեն համարում։ Սակայն հաշվի առնելով ՌԴ-ի՝ տարածաշրջանում մնալու շահագրգռվածությունը, Արցախի քաղաքական էլիտան հույսը չի կորցնում։
Բացի այդ, երկու օր առաջ էլ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնեցին, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի կառավարությանը պաշտոնական հարցում է ուղարկել՝ Ստեփանակերտի հայ բնակչության վերադարձի խնդրով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Սոցիալական հետազոտությունների կենտրոնի խորհրդի նախագահ Զահիդ Օրուջը։ Ադրբեջանցի պաշտոնյան արձագանքել է Հայաստանի վարչապետի անունից ներկայացված ենթադրյալ դիմումին՝ հարցնելով. իսկ Փաշինյանը պատրա՞ստ է, այսպես կոչված, «արեւմտյան ադրբեջանցիներին» (Հայաստանի ողջ տարածքն Ադրբեջանում անվանվում է Արեւմտյան Ադրբեջան) կոչ անել՝ վերադառնալ Երեւան, Սեւան եւ Սյունիք։
Նշենք, որ պաշտոնական Երեւանը դեռեւս չի արձագանքել ադրբեջանական լրատվամիջոցներում ակտիվորեն տարածվող այս տեղեկությանը։
Իսկ պաշտոնական Մոսկվան հայտարարել է, որ խաղաղապահների՝ Արցախում մնալու հարցը պետք է որոշվի Բաքվի հետ քննարկումների արդյունքում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը