01 11 2023

Անհայտ ՔՊ-ականը աշխատանք է ունեցել միայն 2018 թվականից հետո. «Ժողովուրդ»

Անհայտ ՔՊ-ականը աշխատանք է ունեցել միայն 2018 թվականից հետո. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ-ական պատգամավորների հայտարարագրերի ուսումնասիրությունը դրամատիկ բացահայտումների է հանգեցնում: Պատգամավոր Միքայել Թումասյանի ընտանիքն ապրում է տարեկան 2 մլն դրամով. իր կյանքի ամենաեռանդուն 17 տարիներին՝ բանակից զորացրվելուց հետո, նա որեւէ տեղ չի աշխատել:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անհայտ պատգամավոր Միքայել Թումասյանը համալսարանն ավարտելուց հետո 6 տարի անգործության էր մատնված: Նա աշխատանք է ունեցել միայն 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո:

Մինչ 2018 թվականի հեղափոխությունը Թումասյանի կենսագրությունում կա 3 կետ. ծնվել է 1980 թվականին, 1999-2001 թվականներին՝ 19 տարեկանից, անցել է զինվորական ծառայության եւ 32 տարեկանում՝ 2012 թվականին, ավարտել Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի՝ արդյունաբերական եւ քաղաքացիական շինարարության ֆակուլտետը:

Իսկ, ահա, հեղափոխությունից հետո կենսագրություն չունեցող Թումասյանի կյանքը գլխիվայր շուռ է եկել. 2018 թվականին նա դարձել է ՔՊ կուսակցության անդամ եւ նշանակվել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար՝ աշխատելով մինչեւ 2021 թվականը։ Որեւէ տեղ չաշխատած Միքայել Թումասյանը Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը ստանձնելիս ունեցել է 1 բնակարան, 1 անհատական բնակելի տուն, 1 Nissan Altima մակնիշի մեքենա եւ 11 մլն դրամական միջոց, սակայն եկամտի աղբյուրներ նշված չկան:

Որտեղի՞ց գործազուրկ Թումասյանին այդ միջոցները՝ անհայտ է մնում: Այժմ Թումասյանը ունի մեկ անհատական բնակելի տուն եւ 7 մլն դրամ էլ՝ որպես աշխատանքի վարձատրություն, որը ստանում է Ազգային ժողովի աշխատակազմից։ Թումասյանի բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին կազմել են 763 հազար դրամ։ Բայց պատգամավորը նաեւ վարկ ունի, որի մարմանը 2022 թվականի ընթացքում ուղղել է 5 մլն 545 հազար դրամ:

Եվ հարց է առաջանում, թե ինչպես է ապրում Թումասյանի ընտանիքը տարեկան 2 մլն դրամով. այսինքն՝ օրական 5 հազար 400 դրամով: Գուցե պատկերացում լինի, թե կնոջ եկամուտներն են ծածկել անհրաժեշտ ծախսերը, բայց՝ ոչ. Թումասյանի կինն էլ գործազուրկ է: Բայց Տատյանա Մալկովան հայտարարագրել է 2010 թվականի արտադրության Porsche մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերվել 2019 թվականին, երբ Թումասյանը Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարն էր։

Կինը, չունենալով ոչ մի եկամուտ, աշխատանք, նաեւ հայտարարագրել է 57 հազար 500 դոլար կանխիկ դրամական միջոց: Նկատենք, որ պատգամավորի կինն էլ եկամտի որեւէ աղբյուր չի նշել։ Այսինքն՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հստակ անելիք ունի այս ուղղությամբ: Ապօրինի գույքի փնտրտուքը միայն թիրախավորված նախկինների շրջանում չէ, որ պետք է փնտրել:

Ինչ վերաբերում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ապա այն ամբողջությամբ մատնված է պարապուրդի: Հայկուհի Հարությունյանը չի համարձակվում որեւէ ՔՊ-ականի մասով որեւէ գործողություն ձեռնարկել՝ իր պաշտոնեական պարտականություններից բխող»:

Առավել մանրամասն թերթի այսօրվահամարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ