«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուց կարճ ժամանակ անց 100 հազարից ավելի արցախցի մեր հայրենակիցները ադրբեջանական իննամսյա տոտալ շրջափակումից հետո բռնի տեղահանվեցին Հայաստան: Դարեր շարունակ հայկական Արցախը մնաց թշնամու երախում, մարդիկ Արցախում թողեցին իրենց տները, թշնամուն մնացին պատմամշակութային բազմաթիվ կոթողներ: Սրան զուգահեռ դեռ հարկ կլինի մանրամասն հաշվարկել, թե ինչ մեծաքանակ ներդրումներ են արվել Արցախում, որոնք ևս մնացին թշնամուն: Ցավոք, կան դեռևս այնպիսիք, որոնք շարունակում են հավատալ իշխանական թեզերին, թե իբր «Արցախը վաղուց էր հանձնված», կամ՝ «այսպես թե այնպես պետք է հանձնվեր», «մերը չէր» և այլն:
Մնում է միայն հասկանալ՝ եթե հանձնված էր, կամ հանձնվելու էր, ինչո՞ւ էին այդքան մեծաքանակ ներդրումներ արվում: Ընդ որում, կանխավ շեշտենք՝ խոսքը պետական բյուջեի ներդրումների կամ կառուցապատումների մասին չէ, այլ անհատների, գործարարների, բարերարների: Օրինակ՝ ամենից խոշոր ներդրողներից «Տաշիր» բարեգործական հիմնադրամը միայն 2009-2023 թվականներին Արցախում իրականացրել է 100 մլն դոլարից ավելի ծրագրեր ու ներդրումներ: Տարածաշրջանի համար բացառիկ բժշկական կենտրոնի մասին շատերն են տեղյակ. դրա համար, օրինակ՝ ծախսվել է 30 մլն դոլարից ավելին: Բազմաթիվ այլ ծրագրերի մասին գուցե ոմանք տեղյակ էլ չեն: Ի մասնավորի, հայազգի ռուսաստանաբնակ խոշոր գործարար Սամվել Կարապետյանի կողմից տարեկան մեծ գումարներ են հատկացվել հումանիտար ծրագրեր իրականացնելու նպատակով. առնվազն վերջին 14 տարվա ընթացքում այդ նպատակներով ծախսվել է դարձյալ մոտ 30 մլն դոլար:
Եվս 17 մլն դոլար տրամադրվել է Արցախի էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքների վերակառուցման ու արդիականացման համար: «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից Արցախի բազմազավակ ընտանիքները չորրորդ և յուրաքանչյուր հաջորդ ծնված երեխաների համար ստանում էին 4-5 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. ծրագրի նպատակն էր տեղի հայերի դեմոգրաֆիական պատկերը խթանելն ու պահպանելը: Այս նպատակով արդեն իսկ ներդրվել էր մոտ 4 մլն դոլար: Կարապետյանների կողմից միլիոնավոր դոլարներ են ներդրվել Արցախի դպրոցների, մշակութային օջախների, եկեղեցիների, ճանապարհների, այգիների կառուցման, վերանորոգման, արվեստի ոլորտի հովանավորման, բժշկական ժամանակակից ծառայությունների տեխնիկապես հագեցվածության և բազմաթիվ այլ ծրագրերի համար: Չենք խոսում պաշտպանության և անվտանգության ապահովման համար տրամադրվող միջոցների մասին, լավատեղյակները հավաստիացնում են, որ դրանք ևս տպավորիչ են:
Այսինքն, մարդիկ, այս դեպքում՝ առավելապես Ռուսաստանում գործունեություն ծավալող և իր կարողությունը վաստակած Կարապետյանը, հսկայական ներդրումներ էր կատարում ոչ միայն Հայաստանում, այլ հենց Արցախում, ընդ որում՝ թե՛ բարեգործական ծրագրերի տեսքով, թե՛ որպես հեռանկարային բիզնես ներդրում՝ վստահ լինելով, որ մեր հայրենիքի այդ անկյունը զարգանալու և հավերժ մնալու է հայկական: Հետևաբար, այն թեզերը, թե «մեկ է՝ մի օր տալու էին, տենց է եղել որոշված», ի չիք են դառնում, քանի որ որևէ մեկը, այն էլ՝ նման մակարդակի, եթե հակառակն է անում, ուրեմն եղել է վստահություն, որ մերն է ու միշտ մերն է լինելու, և պետք է զարգացնել, այնինչ մեկ հոգու որոշմամբ այդ ամենը հանձնվեց Ադրբեջանին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը