«Փաստ» օրաթերթը գրում է.Դուք կարողանո՞ւմ եք քնել: Գիշերները շուռումուռ չեք գալ ի՞ս: Համաչա՞փ եք շնչում: Գլուխներդ կարողանո՞ւմ եք դնել բարձին: Ո՞նց: Ո՞նց եք դուք՝ Արցախն աղետած, Հայաստանը կորստյան տանող ոչ բարով իշխանավորներդ կարողանում գլուխներդ հանգիստ դնել բարձին, ախր, ո՞նց, էլի...
Գիշերները, որ գլուխներդ դնում եք բարձին, «Դեդո-Բաբոն» երազում ձեզ չեն այցելո՞ւմ: Երազում ձեզ չեն այցելո՞ւմ ադրբեջանական հրոսակի կողմից մասնատված ու հոշոտված արցախցի հայ երեխաները, չեն հարցնո՞ւմ, թե՝ Նիկոլ Փաշինյան, այս ինչե՜ր ես ասում, թե՝ քաղաքացիական բնակչությանը վտանգ չի սպառնում: Տիրազրկված շներին ու անտերացած չորքոտանիներին թողնված դատարկուն Ստափանակերտի տեսարանները երազում ձեր աչքի առաջ չեն գալի՞ս: Իրենց տները կեղտակուր թշնամուն չթողնելու համար այրող Մարտակերտի բնակիչները ձեզանից այդ երազներում հաշիվ չեն պահանջո՞ւմ:
Գոնե երազում... Մեկը գրել էր. «Հաթերք գյուղի մերձակայքում, ճամփեզրին, դեռ հեռվից մի մարդ նկատեցի, որը, ձեռքին ինչ-որ բան պահած, ակնհայտ սպասում էր իմ մեքենայի մոտենալուն: Չթաքցնեմ՝ մի պահ նույնիսկ լարվեցի. Արփին ինձ հետ էր մեքենայում ու նստած էր հենց այն կողմում, որ ճամփեզրի մարդն էր կանգնած: Ու երբ մոտեցանք՝ անսպասելի բան տեղի ունեցավ. մարդը ջուր լցրեց իմ ավտոմեքենայի ետևից... Ցավդ տանեմ, եղբայր. ես ո՞նց կարող եմ քեզ հուսախաբ անել: Մենք ո՞նց կարող ենք իրար հուսախաբ անել: Տարբերակ չկա»:
Նիկոլ Փաշինյա՛ն, հիշո՞ւմ ես: Սա դու չես գրե՞լ... 2019 թվականի նոյեմբերի 9-ին (ճակատագրի ինչպիսի՜ ծաղր): Նիկոլ Փաշինյա՛ն, գոնե գիտե՞ս, որ Հաթերքը մինչև քո՝ վարչապետ դառնալն ու ընթացիկ աղետային պաշտոնավարումը դարերով ոչ մի թշնամի չի կարողացել գրավել: Նիկոլ Փաշինյա՛ն, գոնե գտե՞լ ես այդ հաթերքցի ճամփեզրի մարդուն, որին ոչ թե հուսախաբ ես արել միայն, այլ տնազրկե՛լ ես, Հաթերքազրկե՛լ ես, Արցախազրկե՛լ ես, Հայրենիքազրկե՛լ ես, դարձրել ես հայրենակիցների կամ ուրիշի օգնության հույսին մնացած գաղթական, անտուն, հայրենազրկված փախստական: Ու դու գլուխդ բարձի՞ն ես դնում: Ու ո՞նց այդ հաթերքցու ցավը, որն իբրև թե՝ «տանում էիր», ո՞նց Արցախի կորստի ցավը, մի սուր փուշ դարձած, սիրտդ չի ծակում... Սի՞րտ... ՔՊ-ում գիտե՞ն, թե դա ինչ է: Հայրենի՞ք: Լսե՞լ են: Այն, որ Ակնայում, բերքառատ ու բարեբեր Արցախի նուռը բուռ-բուռ բռնած, հպարտ-հպարտ նկարվում ու ինքնագովազդվում էիք (գիտեք, թե ովքեր), թե՝ «Ակնան իմ հայրենիքն է»:
Էլ ձեր հայրենի՞քը չի: Դուք հայրենիք ունե՞ք, առհասարակ, թե՞ ձերը միայն «տանք, հանգիստ ապրենք»-ի թունավոր փուչիկն է: Սի՞րտ: Գլուխը բարձին դնե՞լ... Ինչի՜ մասին և ում ենք ասում, իսկապես: Հարյուրավոր մարդիկ զոհվեցին միայն սեպտեմբերի 19-ին ու հաջորդող մի քանի օրերին: Նույնիսկ զոհվածների մոտավոր թիվն է անհայտ, էլ չենք ասում՝ զոհերի անունների մասին: Բայց, ախր, դա ինչ-որ վերացական մի տեղում, օտար ու անհայտ մարդիկ չէին: Ախր նրանք դավաճանված ու տասնապատիկ ավելի հրոսակի դեմ մենմենակ թողնված Արցախի պաշտպանության բանակի վերջին մարտիկներն էին: Ախր, Արցախի՝ թշնամական նշանառութան տակ դրված շեների խաղաղ բնակիչներն էին՝ կանայք, ծերեր, երեխաներ: Նրանք, որ զոհվեցին: Աջուձախ և արագորեն աշխարհի տարբեր երկրների, ժողովուրդների ցավակցական կամ այլ հեռագրեր հղող Նիկոլ Փաշինյանն ու նրա նախագահը անգամ չբարեհաճեցին սուգ հայտարարել Հայաստանում: Արցախն ուրացան: Սուգն էլ ուրացան:
Բայց ԱԺ ամբիոնից անհոդաբաշխ գոռգոռում են: Ձեռքի հետ էլ՝ հիմա, երբ իր վարած «քաղաքականության» հետևանքով Արցախն այլևս հայաթափված է, հանձնված թշնամու հրոսակին, «սերը բռնել է»: Մարդկանց հայրենազրկել է ու, թե՝ «Լեռնային Ղարաբաղի մեր սիրելի քույրեր ու եղբայրներ...»: Լո՞ւրջ: Էլ չասենք, որ այդ «սիրելի քույրերին ու եղբայրներին» պետության կողմից տրվող գումարներն այնպիսի պաթոսով ու փիառով են մատուցում, ասես փողը ոչ թե բյուջեից է տրվում, ոչ թե մեր՝ հարկատուներիս հաշվին է տրվում, այլ իրենց գրպանից... Ասես լավություն են անում... Չէ, բայց ո՞նց եք կարողանում գլուխներդ բարձին դնել, ո՞նց այդ բարձը չի այրվում ձեր գլխների տակ: Ինքներդ ձեզ հետ միայնակ մնալիս ո՞նց եք ինքներդ ձեզ հանդուրժում: Ձեզ ավելի ընկալելի, ձեր բառերով ասած՝ «էս ո՞վ եք, վաբշե...»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը