«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին իրադարձությունների ֆոնին ակտիվացել են կարծիքները, թե «Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքը ժամանակի անիմաստ կորուստ էր: «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության անդամ Աննա Կոստանյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, որ մինչ «Հայաքվե» նախաձեռնությունը սկսելը կանխատեսում կար՝ ենթադրենք, Նիկոլ Փաշինյանն ինչ-որ վերջնական փաստաթուղթ է ստորագրում Արցախի մասով, ի՞նչ ենք անելու, ժամանակավրեպ չի՞ լինի «Հայաքվեն», և սա սահմանադրական այն պրոցե՞սն է, որով կարելի է պայքարել վերջնական կապիտուլ յացիոն փաստաթուղթը կանխելու դեմ:
«Սակայն բոլոր ռիսկերը հաշվի առնելով՝ հանգեցինք եզրակացության, որ քաղաքացիական նախաձեռնության դրական կողմերն ավելի շատ են, քան ռիսկերը: Սահմանադրության նախաբանում հռչակված են համազգային անժամկետ նպատակներ, որոնց համար պարտավոր ենք պայքարել՝ անկախ նրանից, թե ինչ գործընթացում են Հայաստանն ու Արցախը: Այս նախաձեռնության առաջին նպատակը համազգային անժամկետ նպատակների հետևելն ու դրանք Քրեական օրենսգրքում ամրագրելն է, որ Հայաստանի որևէ պաշտոնյա ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում իրավունք չունենա Արցախի և Հայաստանի հետ կապված այնպիսի աղետալի որոշում կայացնել, հայտարարություն անել կամ թուղթ ստորագրել, որը կհարվածի Սահմանադրության նախաբանում սահմանված նպատակներին»,-նշում է մեր զրուցակիցը:
Չնայած այժմ ունենք հայաթափված Արցախ, բայց, ըստ Կոստանյանի, չեն ընդունում, որ Արցախի հարցը փակված է: «Չպետք է պայքարի որևէ գործիք մի կողմ դնել ու ասել, որ, միևնույնն է, Արցախը հայաթափվել է: Նույնիսկ այն պարագայում, երբ Գրանադայում Փաշինյանը միացավ եվրոպական երկրների ներկայացուցիչների քառակողմ հայտարարությանը՝ ամրագրելով, որ հետամուտ են լինելու Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու գործընթացին: Սրան պետք է հաջորդի Ադրբեջանի կողմից փաստաթղթի ստորագրումը:
«Հայաքվեն» այս պահին առավել քան ակտուալ է: Փաշինյանը պետք է պատասխանատվության կանչվի նման աղետալի փաստաթղթեր ստորագրելու համար: «Հայաքվեի» նպատակն է, որ Քրեական օրենսգիրքը հնարավորություն տա քրեորեն պատժել ցանկացած հայ պաշտոնյայի, որը կհամարձակվի հակահայկական, հակաարցախյան և ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ուղղությամբ հակահայկական քայլեր ձեռնարկել: Չեմ հասկանում «Հայաքվեի» դեմ տարվող այս քարոզչությունը: Որոշ մարդիկ դա անում են միտումնավոր կերպով տարբեր կենտրոնների կողմից ուղղորդված, իսկ մարդկանց մի մասն էլ ընկնում է այս ուղղորդումների ազդեցության ներքո՝ չհասկանալով, որ այդ կերպ Նիկոլ Փաշինյանին են օգնում:
Հասկանում եմ շատերի մտահոգությունը՝ ինչի՞ համար էր «Հայաքվեն», եթե Արցախը հայաթափվեց: Մարդկանց պետք է բացատրել, որ այս պրոցեսն առաջին հերթին հիմա և հետագայում ցանկացած պաշտոնյայի ձեռքը բռնելու համար է, որ ոչ ոք չկարողանա այլևս նման փաստաթղթեր ստորագրել: Պետք է հաշվի առնենք, որ վերջնականապես կապիտուլացված չենք, Փաշինյանը դեռևս չի ստորագրել այս կապիտուլ յացիոն փաստաթուղթը, որով ճանաչելու է Արցախը Ադրբեջանի կազմում, որքան էլ միացել է հայտարարությանը»,-ամփոփում է Աննա Կոստանյանը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը