«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու նոր ընտրություններ տեղի չեն ունենա։ Երեւանի ընտրությունների ճակատագիրը որոշեց «Դոգ» մականունով Վարդան Ղուկասյանը՝ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարը։ Օրեր առաջ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարեց, թե ընդդիմությանը չի հաջողվել կոնսենսուսի հասնել, ուստի միակ լուծումն այն է, որ ավագանի անցած ուժերն ուղղակի չմասնակցեն ավագանու առաջին 2 նիստերին՝ բոյկոտեն այն, որպեսզի քվորում չլինի, եւ նոր ընտրություններ նշանակվեն։ Գրեթե նույնը հայտարարեց նաեւ Անդրանիկ Թեւանյանի «Մայր Հայաստան» դաշինքը: Եվ եթե «Հանրային ձայն»-ը եւս բոյկոտեր, ապա գործող իշխանություններին չէր հաջողվի ավագանու նիստ անել` քվորում չէր ապահովվի, եւ ստիպված կլինեին գնալ նոր ընտրությունների:
Սակայն, ինչպես սպասելի էր, եւ ինչպես նախապես տեղեկացրել էինք, «Հանրային ձայնի» ավագանու որոշ անդամներ ճամբարափոխ էին եղել, երեկ էլ Վարդան Ղուկասյանը հայտարարեց, թե երկրորդ փուլի չի գնալու։ Այսինքն՝ օգնելու է, որ Ավինյանը դառնա քաղաքապետ. «Ես՝ որպես ընդդիմություն, ավելի նախընտրում եմ, որ ռոբասերժական կլանը չամրապնդվի, քան թե Ավինյանը չվերարտադրվի»։ Չնայած` ավագանու կազմում այդ «կլանի» ուղիղ ներկայացուցիչներ չկան:
ՔՊ-ում արդեն սկսել են պաշտոններ բաժանել, ըստ ամենայնի՝ Արամ Զավենիչի կուսակցությանը մեկ փոխքաղաքապետի պաշտոն կտան եւ մի քանի թաղապետի, փոխքաղաքապետ կնշանակվի Անի Խաչատրյանը։ Իսկ ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանը, որն իրեն չի տեսնում քաղաքապետարանում, հնարավոր է, որ այդ փոխշահավետ համագործակցության շնորհիվ կրկին հայտնվի կառավարությունում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը