26 09 2023

Իսկ ովքե՞ր են խոսում «գուբերնիայից». «Փաստ»

Իսկ ովքե՞ր են խոսում «գուբերնիայից». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին չարչրկված իշխանական թեզերից մեկն այն է, թե հրապարակում հավաքվող բազմությունը, առնվազն քաղաքական լիդերները Հայաստանն ուզում են Ռուսաստանի գաղութ դարձնել, այս, այն... Ամենից հետաքրքիրն ու հատկանշականն այն է, որ հրապարակում հավաքվող բազմության մեջ նկատելի հանրորեն ճանաչելի մարդիկ նման բաներ չեն խոսում, նրանցից ոչ ոք նման բառ անգամ չի ասել: Գլխավոր խնդիրը մնում է փաշինյանական այս մղձավանջից ու կործանումային պարունակից դուրս գալու անհրաժեշտությունը: Էլ ավելի հետաքրքրական է, որ հարթակից ելույթ ունեցողները, նաև տիտղոսային ընդդիմության ներկայացուցիչները ևս դրա մասին ոչ մի անգամ ոչ մի խոսք չեն ասել:

Միայն իշխանական քարոզիչները, նրանց սատելիտները, պայմանական ասած՝ արևմտամոլ որոշակի շրջանակներն են դրա մասին խոսում, թե՝ հայ-հավա՜ր, հասեք, հրապարակում հավաքվածներն ուզում են Հայաստանը դարձնել ռուսական «գուբերնիա»: Զավեշտական է, բայց, օրինակ՝ նույն շրջանակները ԱՄՆ-ի կամ նույնիսկ Ուկրաինայի դրոշներով գնում, Ռուսաստանի դեսպանատան մոտ ցույց են անում, ոչ ոք չի ասում, թե նրանք ուզում են Հայաստանը վերածել ամերիկյան կամ ԵՄ գաղութի, կամ՝ լավ, ֆրանսիական պրովինցիայի (օրինակ՝ աֆրիկական տարբերակով): Բայց բավական է մեկը խոսի, օրինակ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների ու դրանց կարգավորման մասին, միանգամից հիշատակված շրջանակները վայնասուն են բարձրացնում: Իսկ ի՞նչ է, Հայաստանը, այս տարածաշրջանում պետություն ունենալով, չպիտի՞ նորմալ հարաբերություններ ունենա Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի հետ:

Մի խոսքով, ակնհայտ է, որ գործ ունենք պարզապես նպատակամղված հակառուսական քարոզչության, ավելի ճիշտ՝ արդեն հիստերիայի հետ՝ համեմված բողոքի ակցիաներն ու երկիրը այս մղձավանջից փրկելու քայլերը անվանարկելու նպատակով: Թե նպատակը որն է, կարծում ենք՝ միանգամայն ակնհայտ է: Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը, ժողովրդական խոսքով ասած, «իրեն ճղելով» ամեն ինչ արեց, որ փչացնի հայ-ռուսական հարաբերությունները: Դա պետք էր նրա համար, որ հետո հայտարարի, թե՝ ռուսները մեզ մենակ թողեցին, իրենց պարտավորություննեը չկատարեցին, ուստի՝ «ի՞նչ կարող էր անել խեղճ Նիկոլը»: Չէ, այնպես չէ, որ Ռուսաստանն իրեն, մեղմ ասած, լավ է պահել:

Անկասկած է, որ Ռուսաստանն իր չափազանց մեծ մեղքն ունի այս ամենի մեջ: Սա նույնիսկ չի քննարկվում: Բայց այստեղ, կրկնենք, «գուբերնիայի» մասին խոսք էլ չկա: Կա պարզապես անհրաժեշտություն նորմալ հարաբերություններ պահպանել՝ համադրելով այլ երկրների, այս դեպքում՝ Ռուսաստանի շահերը մերի հետ: Այնպես որ, այս ծայրահեղ հակառուսական հիստերիան հետևողական շարունակելու նպատակներից մեկն էլ սպասվող թուրքադրբեջանական ագրեսիայի դեպքում հերթական «արդարացումներ» գտնելն է: Պարզ չէ միայն, թե ո՞ւմ են պետք այդ «արդարացումները»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

 

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ