«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է 44-օրյա պատերազմում անհետ կորած «Քիմիկների զորամասի» զինծառայողների ծնողներին: Նշենք, որ 44-օրյա պատերազմում անհետ կորած «Քիմիկների զորամասի» զինծառայողների ծնողներն օգոստոսի 31-ին բողոքի ակցիա են իրականացրել պաշտպանության նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում նախարար Սուրեն Պապիկյանի հետ։
Սեպտեմբերի 1-ի հանդիպումից հետո թե՛ անհետ կորածների ծնողները եւ թե՛ ՊՆ-ն լռում են: Ի վերջո` ի՞նչ է խոսել Պապիկյանն անհետ կորածների ծնողների հետ։ Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ հենց ծնողներից: Ծնողներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը, պատմում է, որ Սուրեն Պապիկյանը, ըստ էության, որեւէ նոր բան չի ասել իրենց: Այդ հանդիպման նորությունն այն է եղել, որ ծնողները Պապիկյանից տեսագրություններ են պահանջել, որով պարզ կդառնա, թե տղաները որ ուղղությամբ են գնացել եւ ինչպես են անհետացել։
Մենք զրուցեցինք նաեւ անհետ կորածի ազգական Արսեն Ղուկասյանի հետ, ով մշտապես ներկա է անհետ կորածների ծնողների ակցիաներին: Ղուկասյանն ասաց, որ իշխանությունների անգործության արդյունքում ոչինչ չի արվում՝ անհետ կորածներին գտնելու ուղղությամբ:
Նրա խոսքով` սայլն այնքան ժամանակ տեղից չի շարժվի, քանի դեռ այս իշխանությունները երկրի կառավարման դերը կստանձնեն. «Ոչ մի տեղաշարժ չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ այս մարդիկ նստած են իշխանության ղեկին: Իրենք էնքան սխալներ ունեն արած, որ մաքսիմալ փորձում են իրենց արածները պարտակել, որպեսզի շատ բան ջրի երես դուրս չգա, եւ մարդիկ չիմանան, թե իրականում ով ինչ է արել, եւ թե ինչու մինչ օրս չեն հրապարակում զոհերի իրական թվերը, չեն ասում, թե քանի անհետ կորած ունենք: Արդեն երրորդ տարին է լրանում, բայց անհետ կորածների մասով ոչ մի պաշտոնական թիվ չեն հրապարակում: Իրենք շատ լավ գիտեն, թե ինչ է տեղի ունեցել, նաեւ շատ լավ գիտեն իրենց բացթողումների մասին, սակայն լռում են, որովհետեւ այդ մասին խոսելն իշխանություններին ձեռնտու չէ: Այս ընթացքում ավելի քան 6 արտաշիրիմում է եղել` քննիչի տվյալներով, սակայն ես գիտեմ, որ 6-ից շատ են նման դեպքերը: Այսինքն` սխալ մարդկանց են հուղարկավորել, հետո պարզվել է` սխալ մարդու են թաղել, քանդել են գերեզմանը, դիակները փոխանակել: Մենք կարող ենք կասկածել, որ նման դեպքեր շատ են եղել: Անհետ կորածներից շատերը կարող են տուն վերադառնալ եւ տեսնել, որ գերեզման ունեն: Դա ԴՆԹ անողների փայլուն գիտելիքների արդյունքն է»,- եզրափակեց Արսեն Ղուկասյանը»:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը