«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր Դավիթ Խիթարյանը, պաշտոնավարման ընթացքում ձեռք բերելով ծառայողական մեքենա, դրա համար վճարել է 2,4 միլիոն դրամ ավել գումար: Մեքնան գնելու մասին Խիթարյանը 2022 թ. հոկտեմբերի 20-ին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։
Մեր ունեցած տեղեկություններով՝ այդ մեքենան 23,9 մլն ՀՀ դրամով ձեռք է բերվել Խիթարյանին մտերիմ հանդիսացող ֆիզիկական անձից, այն դեպքում, որ այդ նույն անձն այդ մեքենան ավտոսրահից գնել է մոտ 21,5 մլն ՀՀ դրամով։ Ֆիզիկական անձը, որից գնվել է մեքենան, ռեկտորի ընկերն է՝ Արարատ Մարտիրոսյանը: Մեքենան 2021թվականի արտադրության է եւ գնվել է հենց 2021 թվականին, սակայն հատկանշական է, որ այդ նույն ժամանակաշրջանում նույն մեքենան՝ Toyota Fortuner-ը, ավտոսրահից կարելի էր ձեռք բերել մոտ 21 միլիոնով։
Փաստացի Արարատ Մարտիրոսյանից գնված մեքենան 2,4 միլիոն դրամ ավել է, քան նույն մեքենայի նորը՝ ավտոսրահում, եւ համալսարանը այդքան գումար ավել է վճարել միայն նրա համար, որ այն գնի ռեկտորի ընկերոջից: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ Դավիթ Խիթարյանից՝ հետաքրքրվելով, թե կատարվածն արդյոք կոռուպցիոն սխեմա չէ, եւ թե ինչու է բուհը 2,4 մլն ՀՀ դրամ ավել վճարել իր ծառայողական մեքենայի համար։ Վերջինս օրեր շարունակ նշում էր, որ տարբեր միջոցառումների է եւ չի կարող հարցերին պատասխանել: Իսկ երբ մենք գրավոր կերպով վերջինիս հայտնեցինք, որ չպատասխանելու դեպքում կհրապարակենք նյութը առանց իր մեկնաբանության, Խիթարյանը պատասխանեց, որ բազմիցս անդրադարձել է այդ հարցին, եւ եթե լիներ կոռուպցիոն ռիսկ, ինքն իր ֆեյսբուքյան էջում դրա վերաբերյալ հրապարակում չէր անի: Կարճ ասած, մեղադրանքը չի ընդունում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը