«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Չնայած անվտանգային պայթյունավտանգ իրավիճակին՝ հայկական երկու պետությունների՝ Հայաստանի եւ Արցախի իշխանական վերնախավերին այդպես էլ չի հաջողվում ներքին տարաձայնությունները մի կողմ դնել ու գոնե այս իրավիճակում մեկ բռունցք դառնալ:
Այն, որ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների ջրերը վաղուց մի հունով չեն գնում, ակնհայտ է. որքան էլ հրապարակային հայտարարություններով փորձում են սիրաշահել իրար, բայց ներքին տարաձայնությունները թաքցնել չի լինում: «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով՝ այս ընթացքում Հայաստանի իշխանություններն առհասարակ կապը կտրել են Արցախի իշխանությունների հետ, անգամ չեն տեղեկացնում՝ ինչ են բանակցում Վաշինգտոնում կամ Մոսկվայում:
Հայաստանի իշխանություններն անհասկանալի պատճառներով ամեն կերպ փորձում են խուսափել Արցախի իշխանությունների հետ շփումներից: Ավելին՝ մեր տեղեկություններով՝ անգամ Արայիկ Հարությունյանի համար է մեծ խնդիր դարձել Նիկոլ Փաշինյանի հետ կապ հաստատելը: «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ՝ պարզելու՝ որն է պատճառը, որ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ կապը կտրվել է։
«Ճիշտն ասած, ես չգիտեմ, պետք է հարցնեք նրանց, ովքեր բանակցություններ են վարում, բայց կարծում եմ, որ, անկախ ամեն ինչից, մեր դիրքորոշումը պարզ է, եւ կապ չունեն անհատները, կապ ունեն ընդհանուր մոտեցումները, իսկ Արցախի մոտեցումը չի փոխվել. Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»,-արձագանքեց նա: Բաբայանից հետաքրքրվեցինք նաեւ՝ Հայաստանի իշխանությունները տեղյակ պահում են արդյոք Արցախի իշխանություններին բանակցությունների արդյունքների մասին, տեղյակ են իրենք՝ ինչ են բանակցում Վաշինգտոնում կամ Մոսկվայում։«Հուսով եմ, քանի որ, անկախ ամեն ինչից, մեր դիրքորոշումը պարզ է, մենք դա բացեիբաց ենք արտահայտում»,- ասաց նա:
Թեմայի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն է վերցրել նաեւ վարչապետի մամուլի նորանշանակ քարտուղար Նազելի Բաղդասարյանից։ «Ընդամենը մեկ-երկու օր առաջ համահայկական նիստ է տեղի ունեցել, տեսել եք հաղորդակցման եւ շփման ինտենսիվությունը, տեսել եք նաեւ Արցախի նախագահի հրապարակային հայտարարությունները Հայաստանի գործող իշխանությունների եւ վարչապետի մասին. ավել մեկնաբանություն չունեմ»,- ասաց վարչապետի մամուլի քարտուղարը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը