«Իրավունք» թերթը գրում է․ «Արդեն 199-րդ օրն է՝ Արցախի Հանրապետությունը շրջափակված է Ադրբեջանի կողմից: Այս ամենով հանդերձ, սակայն, Արցախում կյանք կա, արեւ կա՝ չնայած անձրեւոտ եղանակին, ամենօրյա պայքար կա, որ կարծրացնում է մեր հայրենակիցների ամուր պայքարի ոգին: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով տոտալ շրջափակման հետեւանքներին, ասաց Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը` ընդգծելով.
— Յուրաքանչյուր աղետ վտանգավոր է, բայց առավել վտանգավոր եւ մտահոգիչ է, երբ մենք գիտենք աղետի ակունքը, այն բերողին եւ անգամ այս իրավիճակում չենք մտածում ազգովի համարժեք պատասխան տալ այդ աղետին: Տեսեք, մենք շատ լավ գիտենք բնական աղետների դեմ պայքարի ձեւը, բայց այսօր քաջ գիտակցելով աղետի ակունքը, մենք կա՛մ չենք պայքարում, կա՛մ շատ քիչ ենք պայքարում: Արցախում այսօր ոչ թե հումանիտար, հոգեբանական, այլ` մահաբեր աղետ է, որը ժամ առ ժամ փորձում է խեղդել Արցախ աշխարհը: Այս աղետի դեմ պայքարի միակ զենքը, միակ ուժը՝ պայքարն է չորս կողմից Արցախը պաշարած թշնամու դեմ: Միայն համատեղ ներուժն ու հավատն է հնարավոր դարձնելու առկախված աղետի չափերի նվազեցմանը:
— Սրբազան, այդ համախմբման ներուժը տեսնո՞ւմ եք այսօր:
— Այո՛, ներքին ներուժը ես տեսնում եմ ժողովրդի մեջ: Մնում է փոքր-ինչ ժայթքում, իսկ այդ ժայթքելու գործընթացը կախված է մի քանի անձերից, ովքեր պետք է այդ քաջությունը ունենան եւ վերցնեն ղեկը իրենց ձեռքը: Այդ պոտենցիալը ես ոչ միայն տեսնում եմ, այլ այն առկա է: Որովհետեւ հնարավոր չէ հայի պատվին, արժանապատվությանը անընդհատ վնասեն, եւ հայը մնա անտարբեր: Հայը անտարբեր չէ եւ անգամ այս իրավիճակում պատրաստ է համարժեք պատասխան տալ ցանկացած սադրանքի, ընդամենը մի փոքր կայծ է անհրաժեշտ` հայի ուժը նորից վերածնելու համար:
— Սրբազան, Դուք փորձե՞լ եք դիմել թշնամական երկրի հոգեւորականներին, չէ՞ որ դա էլ կարող է իր ազդեցությունը ունենալ:
— Գիտեք, ես միանշանակ դեմ չեմ նման երկխոսության, բայց տեսնելով այն հոգեւոր այրերին, ովքեր պարբերաբար գալիս են Դադիվանք, կներեք, բայց ես նրանց մեջ երկխոսության գնալու պոտենցիալ չեմ տեսնում: Նման հանդիպումներ ամենաբարձր մակարդակով բազմիցս են եղել` դեռ Վազգեն Վեհափառի շրջանից սկսած, բայցեւ որեւէ հանդիպում նշանակալից դեր չի խաղացել: Ադրբեջանցի հոգեւոր այրերը ուղղորդվում են մեկ կետից, եւ այդ կետը հակահայ, հակաքրիստոնեական արժեքների ամրապնդումն է:
Մենք լրջորեն պետք է մտածենք, թե ինչ մարտահրավերների առաջ ենք կանգնած: Ադրբեջանն ինչ ուզում՝ անում է, իսկ մենք կցոդի դերում ենք այսքան ժամանակ. կիսատ-պռատ պատասխաններ ենք տալիս, մինչդեռ վաղուց պետք է նախաձեռնությունը մեր ձեռքը վերցնեինք, դառնայինք թելադրող... Ինչքա՞ն կարելի է կցորդի դերում լինել: Վերջ ի վերջո, պետք է, չէ՞, ցույց տալ, որ հայ ժողովուրդը պոտենցիալ ունի, որ Հայաստանն Արցախի կողքին է: Սա այն հարցն է, որ պետք է կուսակցական հայացքները մի կողմ դնել ու համախմբվել: Ես ճգնաժամից դուրս գալու այլ ճանապարհ չեմ տեսնում: Միայն պառակտվածությանը վերջ տալով՝ կարող ենք փրկել Արցախը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը