13 08 2023
Մտահոգիչ ու անհասկանալի է անտարբերության այն մթնոլորտը, որ տիրում է Մայր Հայրենիքում և սփյուռքում. Տեր Վրթանես Աբրահամյան
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պատգամը Աստվածամոր վերափոխման տոնի առթիվ․
«Խոնարհությունը մայրն է բոլոր առաքինությունների, իսկ խոնարհության անդրանիկ որդին է Աստծո երկյուղը:
Սիրելի հավատավոր քույրեր և եղբայրներ,
Ամենառաջին իրողությունը, որ գալիս է մեր մտքին Աստվածամոր մասին մտածելուց, դա Խոնարհությունն է:
Այսօր վերստին համախմբվել ենք միասնաբար տոնելու մեր Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը՝ Աստվածամոր Վերափոխման գեղեցիկ տոնը: Ո՞վ է Աստվածամայրը, ո՞վ է այդ խորհրդավոր Կինը, որ հազարամյակներ շարունակ ակնածանք է ներշնչում իր հանդեպ, որ մխիթարում է տառապյալներին ու սրտով բեկյալներին: Իր կատարյալ խոնարհության և Աստծո կամքին ամբողջական հնազանդության շնորհիվ դեռատի այդ աղջնակը արժանացավ Աստծո Միածին Որդու երկրավոր ծնողը լինելու անպատմելի շնորհին: Աստվածամոր կերպարը կենդանի ու ապրված ավետարան է յուրաքանչյուր քրիստոնյայի համար, որովհետև նա էլ իր Որդու նման իր գիտակցական կյանքի ճանապարհը սկսեց Աստծու կամքին հնազանդվելով, սեր և հոգատարություն սփռեց իր շուրջը և Իր Որդու չարչարանքներին ամբողջական կերպով ապրումակցելով՝ արժանացավ երկնային անթառամ պսակի:
Վերափոխման պատմությունը արձանագրված չէ ավետարանների մեջ և մեզ է հասել Սրբազան Ավանդության միջոցով: Ըստ ավանդության, երբ Փրկչի համբարձումից անցավ տասներկու տարի և երբ սուրբ Կույսն արդեն պետք է ննջեր, երեսուն օր առաջ նրա մոտ եկավ Գաբրիել հրեշտակապետը՝ տալով Կույսին երկրից երկինք փոխման ավետիսը: Երբ Աստվածամայրը արդեն պառկած էր մահվան մահճի մեջ, խնդրեց, որ վերջին անգամ պատարագ մատուցեն և Սուրբ Հաղորդություն տան իրեն, ապա շրջապատված առաքյալների բազմությամբ՝ խաղաղությամբ իր հոգին ավանդեց և սենյակը լցվեց երկնային աննկարագրելի անուշահոտությամբ: Երբ Տիրամայրը ննջեց, հավաքվեցին հավատացյալ կանայք ու սուրբ կույսերը և օրենքի համաձայն պատանեցին նրա մարմինը, որպեսզի տանեն Տիրոջ կողմից վաղօրոք նշված վայրը՝ Գեթսեմանի, ապա առաքյալները սաղմոսներով ու օրհնություններով օրհնյալ մարմինը դրեցին գերեզման:
Առաքյալները Տիրամոր թաղումից հետո՝ մի քանի օր ևս մնացին Երուսաղեմում: Սակայն նրանցից մեկը՝ հայոց առաքյալ Բարդուղիմեոսը, ներկա չէր Աստվածամոր ննջման ժամանակ, իսկ երբ նա եկավ ու իմացավ կատարվածը, խիստ վշտացավ, որ չի արժանացել Աստվածամոր տեսությանը և չի ընդունել վերջին օրհնությունը, ինչպես մյուս առաքյալները: Հետո սկսեց աղաչել Պետրոսին և մյուսներին, որ իրեն ցույց տան Աստվածածնի մարմինը: Առաքյալները ահով ու դողով աղոթք արեցին ու հոժարելով կատարեցին իրենց եղբոր փափագը՝ բացեցին գերեզմանը, և այն դատարկ գտան: Այնտեղ էին միայն Աստվածամոր պատանքները: Նրանք սկզբում խիստ զարմացան, սակայն հետո իմացան, որ Տիրուհին փոխադրվել է դեպի մեծ ու լուսապատիվ փառքը, և հիանալով փառք տվեցին Աստծուն:
Ահա սա է Սբ. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնի նախապատմությունը, որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Ուրախարար այս օրը հակասական զգացումներ են պատել մեր սիրտն ու հոգին. մի կողմից այն դառը իրականությունը, որ մեր 120,000 հարազատները դեռևս գտնվում են օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամի մեջ, մյուս կողմից այն արհեստական խոչընդոտները, որ այսօր խանգարում են մեզ լինելու Արցախում և արցախցիների կողքին:
Եվ ահա այս անհույս թվացող մտածումների միջից մեր առջև է գալիս տառապանքի բովով անցած, իր սիրտը բազում անգամներ խոցված, բայց ի վերջո Հարության հաղթանակը տեսած և մարմնապես երկինք տեղափոխված Աստվածամայրը: Երբ մեր Փրկչին դատապարտեցին խաչի մահվան, գրեթե բոլոր յուրայինները լքեցին Նրան, Մարիամը մինչև վերջ չլքեց իր Որդուն և անգամ իր կյանքին սպառնացող վտանգները անտեսելով`հավատարիմ մնաց իր մայրական աստվածատուր բարձր կոչմանը:
Արցախցիների ամենասիրելի խոսքերից մեկը, գոնե վերջին հարյուրամյակում, եղել է Մայր Հայաստան սրտաշարժ արտահայտությունը, որովհետև անարդար կերպով գերեվարված զավակը մշտապես փափագել է վերադառնալ իր հարազատ մոր գիրկը: Մինչև 44-օրյա պատերազմը, կարծես թե հնարավորություն էր ստեղծվել զավակի տունդարձի համար, որովհետև թե՛ Մայրն էր կամենում և թե՛ զավակը: Բայց չարը անդադար աշխատում է, որպեսզի յուրաքանչյուր ամուր ընտանիքի մեջ բաժանում մտցնի, և եթե տան ամեն մի անդամ չի պայքարում ընտանիքի ամրության համար, եթե իր ցանկությունների հարցում չի գնում զիջումների, ապա վաղ թե ուշ ներս է սողոսկում պառակտման չարիքը:
Այս լույսի ներքո բավականին մտահոգիչ ու անհասկանալի է անտարբերության այն մթնոլորտը, որ տիրում է Մայր Հայրենիքում և սփյուռքում: Առանձին սրտացավ մարդկանց եթե չհաշվենք, մեծ հաշվով դեռևս չկա այն անհրաժեշտ լրջությունն ու գիտակցումը, որ ամեն մի հայից է կախված մեր երկրի ապագան: Հիսուս իր փառքի մեջ մտնելու համար քայլեց խաչի ճանապարհով, իսկ միթե՞ մենք ուզում ենք դրան հասնել զվարճությունների միջոցով: Այդպիսինները չարաչար սխալվում են՝ մտածելով, թե այս հարցը իրենցը չէ: Երբ Արցախը ազատ էր, բոլորը մեծ ուրախությամբ գալիս էին վայելելու Արցախի բնությունը, բոլորը հպարտանում էին մեր հաղթանակներով, իսկ հիմա ուր են այդ մարդիկ: Միթե Ձեզ միայն առողջ ու անվտանգ հայրենիքն է գրավում, այն դեպքում, որ խոցված երկիրը ավելի շատ կարիք ունի Ձեր սիրո և հոգածության: Այսօր զավակը վիրավոր է և հյուծված, մայրը նույնպես, բայց մենք հավատում ենք, որ Աստվածամոր նման յուրաքանչյուր մայր, եթե չի կտրում իր կապը Աստծո հետ, եթե չի մոռանում իր Մայր լինելը, ապա ի զորու է տեսնելու իր որդու հաղթական Հարությունն ու Վերափոխումը:
Եթե քաղաքականության պարագային չկան մշտական բարեկամներ, այլ կան մշտական շահեր, ապա հոգևոր ոլորտում պատկերը շատ ցավալի է: Ինչու է ամբողջ քրիստոնյա աշխարհը՝ իրենց հովվապետերով հանդերձ աչք փակում հերթական անգամ արդարության խաչելության վրա: Որպես Քրիստոսի Սուրբ Խորանի համեստ սպասավոր, մեր խնդրանքն ու հորդորն է քրիստոնեական բոլոր եկեղեցիներին. «Ձեր հայացքն ուղղեք քրիստոնեության հնագույն օրրան հանդիսացող Արցախ աշխարհի վրա, հասկացեք, որ այս երկրի սրբությունները համամարդկային են և, երբ այն մատնվում է այլադավանների ձեռքն ու պղծվում, ապա Աստծո առաջ պատասխան պիտի տան բոլորը, որովհետև Ձեր եղբայրները նեղության մեջ էին, հիվանդ էին, բանտում էին և նրանց այցի չեկաք (Հմմտ. Մատթ. 25:31-46 )»։
Սիրելի հայրենակիցներ, Աստվածամոր մայրական կատարյալ սերն է, որ գոտեպնդեց մեզ Արցախի համար այս դժվարին օրերին նորից դիմելու բոլորիս անդավաճան Մորը, որ իր անսպառ գթությամբ, ծանոթ լինելով մեր մարդկային տկարություններին ու թերացումներին, բարեխոսի իր Միածին Որդու և մեր Տիրոջ առաջ: Ուստի այս տեսիլքով, Վերափոխման նախորդող շաբաթապահքի ընթացքին հրավիրեցինք բոլորիդ, սաղմոսներ երգելով և մեր սրտի աղոթքը իրար միացնելով մեկ ընդհանուր աղաչանքի ներքո ասել. «Մա՜յր Սուրբ, բարեխոսյա՜…»։
Թող Աստվածամայրը բարեխոս լինի Արցախ աշխարհի խաղաղության և համայն հայության միասնականության համար»: