«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներն իսկական փորձություն եւ գլխացավանք են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների համար:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ամեն անգամ, երբ իշխող ֆրակցիայի պատգամավորները հանդիպում են Նիկոլ Փաշինյանի հետ, նիստ են անում, վարչապետի անվտանգության աշխատակիցները պահանջում են, որ պատգամավորների հեռախոսները եւ «խելացի» ժամացույցները հավաքվեն:
Հավանաբար, Փաշինյանն այնքան է երկյուղում, որ անգամ չի վստահում իր թիմակիցներին:
«Ժողովուրդ» օրաթերթի այս լուրը հաստատեց նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ պարզաբանելով. «Այո՛, նիստերից առաջ պատգամավորների հեռախոսները հավաքում են: Եթե ժամացույց ասելով՝ նկատի ունեք «խելացի» ժամացույցները, այո՛, դրանք էլ են հավաքում»: Աղազարյանը բացատրեց, որ ԱԺ պատգամավորներից հեռախոսները հավաքելու պատճառն այն է, որ «նրանք չշեղվեն, կենտրոնանան նիստում քննարկվող հարցերին եւ «Տիկ-Տոկ» չմտնեն»:
Փաստորեն, ՔՊ-ականները, ըստ ՔՊ խմբակցության պատգամավորի, «Տիկ-Տոկ» ժամանցային հարթակի սիրահարներ են ու անգամ վարչապետի հետ հանդիպումների ժամանակ են մտնում: Իսկ իրականում պարզ է, որ, բացի «Տիկ-Տոկ»-ից, Նիկոլ Փաշինյանը չի վստահում սեփական թիմին, եւ իշխանական պատգամավորները ստուգվում են հանդիպումներից առաջ ոտքից-գլուխ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը