«Իրավունք» թերթը գրում է․ «Արցախում եւ Հայաստանում շարունակում է լայնորեն քննարկվել «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի առաջարկն արցախյան իշխանություններին` առնվազն 100 օրով տալ իրեն պետնախարարի պաշտոնը, եւ եթե դրանից հետո յուրաքանչյուր քաղաքացի իր վրա չզգա դրական փոփոխություն, պատրաստ է ինքնակամ հեռանալ: Այս մասին «Իրավունքը» զրուցել է Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ:
— Ի պատասխան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Սամվել Բաբայանի կազմակերպած հանրահավաքի` ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն առաջարկել էր նրան խորհրդակցություններ եւ քննարկումներ սկսել: Ըստ էության, դրանք ընթացել են անարդյունք, իսկ Բաբայանը շարունակում է պնդել իրենը: Ի՞նչ կասեք այս մասին:
— Անկախ անձի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, դեռեւս գնահատականներ տալու ժամանակը չէ: Ակնհայտ է, որ կա քաղաքական ուժ, որը հայտ է ներկայացրել` պաշտոն ունենալու: Չնայած` այդ քաղաքական ուժն իշխանության գրեթե բոլոր գերատեսչություններում ունի փոխնախարարների պաշտոններ, նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն է այդ կուսակցությունից: Այնպես որ, իշխանությունում դերակատարություն ունենալու խնդիր չունի այդ ուժը, որովհետեւ ժամանակին նաեւ հուշագիր ուներ կնքած իշխանության հետ: Այստեղ խնդիրը իշխանության եւ այդ քաղաքական ուժի մեջ է եւ, եթե, իհարկե, դրանք իրականում մարտեր են, որոնք ընթանում են, ապա իշխանության եւ այդ քաղաքական ուժի մեջ է: Թե ինչպիսի զարգացում կունենա, ցույց կտա ժամանակը, որովհետեւ նախ շատ դժվար է հասկանալը` սա ինչ-որ պայմանավորվածությո՞ւն է, որն ուղղակի այս կերպ է ուղեկցվում, թե՞ իրականություն է: Միայն ակնհայտ է, որ կա ներկայացված հայտ, եւ կա իշխանություն, որը սովորություն չունի ընդհանրապես կանխել ոտնձգությունները պետության եւ պետականության նկատմամբ: Սա են փաստում տարատեսակ խորհուրդներ, ինչ-որ հանձնաժողովներ ստեղծելը, կոնկրետ հակապետական քայլեր անողներին աշխատասենյակներ տրամադրելը, պետբյուջեից վարձատրելը: Սա արդեն դարձել է իշխանության գործելաոճը: Եթե Արցախը 30 տարի շարունակ հստակ ցույց է տվել` նույնիսկ ճանաչված շատ պետությունների իր կայացած պետականություն լինելը` պետական ինստիտուտներով, այսօր հարվածի տակ է դրված գործադիր, օրենսդիր եւ դատական մարմինների գործունեությունը` անընդհատ ինչ-որ խորհուրդներ ստեղծելով: Ամեն ինչ տապալելով` փորձում են ելքեր գտնել եւ այսպիսի իրավիճակներ են ստեղծում, ինչի ականատեսն ենք բոլորս:
— Սամել Բաբայանը Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարն էր 44-օրյա պատերազմի ժամանակ: Այդ պաշտոնում ի՞նչ արեց, որ հիմա էլ պետնախարարի պաշտոնում ի՞նչ անի:
— Ես կարող եմ գնահատական տալ նախկինում իր պաշտոնավարմանը, բայց չեմ կարող գնահատական տալ դեռեւս չստացած կամ թեկուզ ստանալուց հետո` որեւէ բան չարած պաշտոնավարմանը: Բայց նախ պետք է այդ պաշտոնների իրական տարբերությունը հասկանանք: Մինչ պատերազմը, երեւի կհիշեք, ԱԺ-ում Սամվել Բաբայանի հնչեցրած այն միտքը, որ իմ հարցին ի պատասխան ասաց, թե Արցախի նախագահն իր լիազորությունների մի մասը փոխանցել է իրեն: Այն բավականին լուրջ մտահոգություններ եւ նույնիսկ աժիոտաժ առաջացրեց, որի արդյունքում պարզաբանում պահանջեցինք նախագահից, որովհետեւ ուղիղ սահմանադրական կարգի տապալում էր այդ պահին տեղի ունենում Արցախում: Եվ այդ ժամանակ Արցախի նախագահը մեզ հավաստիացրեց, որ երբեւէ բացառում է իր լիազորություններից հրաժարվելը կամ փոխանցելը որեւէ մեկին, ինչը մենք հանրայնացրեցինք: Նա ասաց, որ որեւէ փաստաթղթի տակ, բացի իր ստորագրությունից, չի կարող լինել որեւէ մեկ այլ անձի ստորագրություն: Դրանից հետո` ԱԽՔ գրասենյակից եւս եղավ հայտարարություն, թե հարցը ճիշտ չի ընկալվել, եւ այդ պատճառով ճիշտ պատասխան չի տրվել: Սա անցավ, հաջորդեց պատերազմը... Իհարկե, մինչ պատերազմը մենք փաստեցինք, որ նաեւ չի կարող լինել լիազորությունների փոխացնում, որովհետեւ ԱԽՔ-ի գործառույթները խորհրդատվական են եւ դրանից անց չեն կարող լինել, հետեւաբար նույնիսկ պատժիչ որեւէ գործողություն, ինչի մասին խոսում էր այն ժամանակ Անվտանգության խորհրդի քարտուղարը, իրավունք չունի եւ չի կարող իրականացնել: Հետագայում արդեն պատերազմի ժամանակ եւ նույնիսկ պատերազմից հետո` նույն Անվտանգության խորհրդի քարտուղարը հղում էր անում Սահմանադրությամբ իր լիազորություններին` մոռանալով մինչ պատերազմն իր ասածի մասին: Նա արդեն ասում էր, որ ինքն ընդամենը խորհրդատվական մարմին էր, որի խորհուրդները չլսվեցին: Սակայն, բազմաթիվ զինվորականների փաստումները, ասուլիսները բոլորս ենք լսել, թե ինչ է տեղի ունեցել պատերազմի ժամանակ: Բայց քանի որ ես ռազմական գործիչ չեմ, չեմ կարող այդ առումով գնահատական տալ, իսկ որպես պատգամավոր` մի քանի անգամ ցանկություն եմ ունեցել հանդիպել, ինչն ինձ չի հաջողվել: Այնպես որ, ես չեմ տեսել որեւէ աշխատանք, որ այն ժամանակ արել է անվտանգության խորհուրդը եւ, բնականաբար, չի կարող իմ գնահատականը դրական լինել: Այդ ժամանակ անելիքները բավականին մեծ էին, եւ եթե պատերազմից հետո նույն անձը ամեն առիթով հայտարարում էր, թե իր խորհուրդները չեն լսվել, ապա նշանակում է, որ իր մոտ չի ստացվել այդ պաշտոնավարումը, քանի որ իր լիազորություներով գործառույթերը չեն ընդունվել պատերազմի ժամանակ:
—Վերադառնանք պետնախարարի պաշտոնին. որո՞նք են այն գործառույթները, որը Սամվել Բաբայանը կարող է իրականացնել այդ պաշտոնում, ինչը չկարողացավ` որպես ԱԽՔ:
— Այդ պաշտոնը, որին հավակնում է ռազմական գործիչը, որեւէ աղերս չունի ռազմական գործի, արտաքին քաղաքականության հետ, որովհետեւ Արցախի պետնախարարը համակարգում է գերատեսչությունները` բացառությամբ ԱԳՆ-ի եւ ուժային կառույցների: Այսինքն, պետնախարարն ընդամենն Արցախի ներքին հարցերով է զբաղված: Հետեւաբար, Արցախի հերոսի բնութագրումը չի համապատասխանում այդ պաշտոնի գործառույթներին: Բայց նա հայտ է ներկայացրել եւ գուցե գիտի, թե ինչ է անելու: Չեմ կարող ասել, որովհետեւ որեւէ առնչություն չունեմ: Այո՛, այն հայտարարությունները, որոնք արվել են իր հարցազրույցներում, մտահոգիչ են ե՛ւ հասարակության, ե՛ւ քաղաքական ուժերի համար: Բայց մենք չենք կենտրոնացել այդ հայտարարությունների վրա, որովհետեւ մեր օրակարգն ունենք եւ վաղուց արդեն որեւէ մի այլ օրակարգով չենք շեղվում մեր հիմնական գործից եւ մտնում մյուս գործիչների դաշտ` գիտակցելով, որ այն գործընթացները որ արդեն բավական երկար ժամանակ համակարգում ենք եւ արդեն ավարտին ենք հասցրել, շատ կարեւոր են եւ միտված են հենց Արցախը փրկելուն: Ուստի` չենք հետաքրքրվում նման գործընթացներով, որ տեղի են ունենում Արցախում: Իսկ այն գործընթանցները, որոնք մենք ենք իրականացնում եւ որի շուրջ համախմբված են բավականին սթափ քաղաքական ուժեր, հանրության բավականին մեծ հատված, այդտեղ որեւէ մեկն ակնկալիք չունի պաշտոն ստանալու, ինչ-որ սեփական քաղաքական խնդիրները լուծելու, իր նեղ քաղաքական շահը առաջ տանելու: Մենք հավաքված ենք մարդկանցով, որոնց շահը Արցախի փրկությունն է: Եվ ոչ միայն Արցախի, որովհետեւ շատ հստակ տեսնում ենք, որ փրկության կարիք ունի Հայաստանի Հանրապետությունը, ինչին անտարբեր մնալ չենք կարող: Այնպես որ, ինձ համար մի տեսակ ընկալելի չեն այսօր քաղաքական ինտրիգները, որովհետեւ ցանկացած քաղաքական ուժ, մանավանդ, եթե իրականում իրենից ուժ է ներկայացնում եւ հնարավորություններ ունի, ապա առանց պաշտոնի էլ միանշանակ կարող է Արցախում գործընթացներ իրականացնել: Այսօր, ցավոք սրտի, այն իրավիճակում ենք, որ այլեւս իշխանության ձգտումը լուրջ չի դիտարկվում:
— Հաշվի առնելով Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գերակտիվությունը Սամվել Բաբայանի հանրահավաքին եւ դրանից հետո` կարո՞ղ ենք ասել, որ այս գործընթացի հետեւում, եթե նույնիսկ Արցախի իշխանություններն էլ չեն, ապա կա Հայաստանից «դաբրո»:
— Չանձնավորելով կոնկրետ Սամվել Բաբայանին` շրջափակումից առաջ եւ հատկապես հետո` բավականին տարօրինակ ներքաղաքական ակտիվություն ենք նկատում եւ հայաստանյան իշխանությունների ձեռագիրն ենք տեսնում Արցախում: Ամեն բան սկսվեց ռուս խաղաղապահների դեմ 10-20 հոգով ինչ-որ ակցիաներ անելով, որին, ցավոք, ՀՀ վարչապետն էլ անդրադարձավ: 50-60 հազարանոց հանրահավաքները դիտարկվում էր շատ վատ, իսկ 10-20 հոգով ռուս խաղաղապահներին վատաբանելը Հայաստանի իշխանությունների կողմից` որպես Արցախի ժողովրդի դժգոհություն էր դիտարկվում ռուս խաղաղապահներից: Եվ սա այն պարագայում, երբ բազմիցս ասել ենք, եւ այդպես էլ հենց ժողովուրդն է ընկալում, որ ռուս խաղաղապահը որեւէ կերպ չի կարող քաղաքական գործընթաց իրականացնել եւ այն, ինչ անում է խաղաղապահը, անում է առավելագույն ձեւով: Այս իրավիճակը, որում հայտնվել ենք նման վարվող կամ ընդանրապես չվարվող քաղաքականության հետեւանքով, ռուս խաղաղապահը, պարզապես, չի կարող լուծել: Սա արեն բավարար էր, որպեսզի տեսնեինք, որ այո՛, ՀՀ իշխանությունների ձեռքերը հասել են Արցախ: Ինչպես ես եմ հաճախ ասում, «Նիկոլ-2» արարն է տեղի ունենում Արցախում: Առաջին արարի վերջը պատերազմն էր, երբ ունեցանք հազարավոր նահատակներ եւ Հայրենիքի մի հատվածի կորուստ: Հիմա երկրորդ արարն է, որի վերջը կարծում եմ` բոլորն են տեսնում, որ Արցախի ուղղակի չլինելն է եւ Հայաստանի Հանրապետության շատ ծանր ու անհասկանալի իրավիճակում հայտնվելը: Հետեւապես, վստահաբար կարող եմ ասել, որ հասել են այստեղ ՀՀ իշխանության ձեռքերը տարբեր «պրոյեկտների» ձեւով: Կոնկրետ անուններ չեմ կարող տալ, որովհետեւ, բնականաբար, չեմ եղել այդ պայմանավորվածությունների ժամանակ, որպեսզի փաստեմ: Բայց ամեն բան շատ նման է 2018-ի գործընթացներին, որ տեղի էին ունենում ՀՀ-ում: Կարծում եմ` նույնիսկ անզեն աչքով հնարավորություն ունեք` ինքներդ տեսնելու այս ամենը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը