17 05 2023

Արցախի ԱԺ ընդդիմությունը կասկածներ ունի, որ Բաբայանն ու Հարությունյանը միասին են գործում․ «Հրապարակ»

Արցախի ԱԺ ընդդիմությունը կասկածներ ունի, որ Բաբայանն ու Հարությունյանը միասին են գործում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի ակտիվացումը փոթորկել է Արցախի ներքաղաքական դաշտը: Նախօրեից ներքաղաքական խժդժություններ են սկսվել իշխանություն-ընդդիմություն դաշտում։ Նախօրեին Բաբայանի հանրահավաքը դադարեցվեց Արայիկ Հարությունյանի հայտարարությունից հետո, որ քաղաքական կոնսուլտացիաներ է սկսում: Ընդդիմադիր դաշտում չեն ցանկանում դրանց մասնակցել։

Մեզ ասացին, որ ԱԺ ընդդիմությունը կասկածներ ունի, որ Բաբայանն ու Հարությունյանը միասին են գործում, ուստի չեն ուզում մտնել այդ խաղի մեջ: Նրանք կարծում են՝ եթե նախագահը պատրաստ է ընդառաջ գնալ Սամվել Բաբայանի հանրահավաքին հրապարակ դուրս եկած մոտ հազար հոգուն, ապա ինչո՞ւ չի ընդառաջում նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ մայիսի 9-ի հանրահավաքի հազարներին։

Մենք ավելի վաղ գրել էինք, որ Ռուբեն Վարդանյանն ու խորհրդարանի 4 ուժերը` արտախորհրդարանական ուժերի ու ՀԿ-ների հետ, ճգնաժամից դուրս գալու ծրագիր են ներկայացրել իշխանություններին։ Որպեսզի ներքաղաքական իրավիճակը չսրվի, Հարությունյանը հնարավոր է կոնսուլտացիաներ սկսի թե՛ Բաբայանի, թե՛ Վարդանյանի շուրջ համախմբվածների եւ նրանց ներկայացրած ծրագրերի շուրջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ