29 04 2023

Ականատես ենք լինում, թե Ադրբեջանն ինչպես է իր օրակարգը Հայաստանի հաշվին ժամանակի առաջ մղում․ «Փաստ»

Ականատես ենք լինում, թե Ադրբեջանն ինչպես է իր օրակարգը Հայաստանի հաշվին ժամանակի առաջ մղում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Արդեն չորս ամսից ավելի է, ինչ Արցախը շրջափակման մեջ է գտնվում։ Երբ անցած տարվա դեկտեմբերին Ադրբեջանը «բնապահպանական» քողի ներքո փակեց Լաչինի միջանցքը, թվում էր, թե այն մեծ միջազգային աղմուկի առաջացման պատճառ կդառնա, որի արդյունքում Բաքուն շուտով ստիպված կլինի, ի վերջո, բացել միջանցքը։ Ճիշտ է՝ միջազգային տարբեր շրջանակների ու կազմակերպությունների կողմից Լաչինի միջանցքը բացելու որոշ կոչեր ու քննադատություններ հնչեցին, բայց գործը կոչերից ու հայտարարություններից այն կողմ չանցավ։ Իսկ այդ ժամանակ ի՞նչ քայլեր էին ձեռնարկում ՀՀ իշխանությունները։

Փաշինյանն իր գրեթե յուրաքանչյուր ելույթի ժամանակ հավաստիացնում էր, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նույնիսկ այն պարագայում, երբ Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և ադրբեջանական զինված ուժերը շարունակում են գտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում։ Ադրբեջանի գործելակերպը շատ հայտնի է։ Եթե Բաքուն մի քայլ է ձեռնարկում ու տեսնում է, որ այդ քայլի իրագործման հարցում լիովին հաջողել է, իր դեմ պատժամիջոցներ կամ այլ պատժիչ մեխանիզմներ չեն կիրառվել, արդեն անցնում է հաջորդ քայլին։ Այդպես եղավ նաև Լաչինի միջանցքի հարցում։ Ադրբեջանը, հասկանալով, որ ֆեյք բնապահպանական պատրվակներով միջանցքով ազատ երևեկությունը խաթարելու համար չի պատժվելու, անցավ մյուս քայլին, այն է՝ միջանցքում անցակետ տեղադրելուն։

Իսկ երբ Բաքուն համոզվի, որ միջանցքում անցակետ տեղադրելու հարցում ևս լուրջ դիմադրության չի հանդիպում, անցնելու է արդեն հաջորդ քայլին, որը կարող է լինել Արցախի բնակչությանը անձնագրեր բաժանելու գործընթացի մեկնարկը։ Այս կերպ կարող ենք ականատես լինել, թե Ադրբեջանն ինչպես է իր օրակարգը Հայաստանի հաշվին ժամանակի ընթացքում աստիճանաբար առաջ մղում։ Բայց հարցն այն է, թե այս պարագայում հայկական կողմը միջոցներ ձեռնարկո՞ւմ է ադրբեջանական օրակարգի հետագա առաջխաղացումը կանխելու համար։ Իհարկե՝ ոչ: Փաշինյանը չափազանց հմուտ կերպով յուրաքանչյուր պարագայում մեղավորներ է գտնում։ Դե, դրանք հայտնի են. ժամանակ առ ժամանակ մեղքը բոլորի գրպանն էլ գցում է: Իսկ Լաչինի միջանցքի հարցում տեղի ունեցող իրադարձությունների մասով Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ մեղավոր է Ռուսաստանը, որը պատշաճ կերպով չի կատարում նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով ստանձնած իր պարտավորությունները։

Այն, որ Ռուսաստանը Արցախի անվտանգության ապահովման պահով խնդիր ունի կամ թերացել է, ոչ ոք չի կարող հերքել, բայց հետաքրքիրն այն է, որ Արցախից ձեռքերը լվանալուց հետո դիտորդի դերում հանդես գալու հետ մեկտեղ ՀՀ իշխանությունները կոշտացնում են ռուսական կողմին ուղղված մեղադրանքները։ Ու պատահական չէ, որ անմիջապես հրապարակ է նետվում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը հայտարարում է, թե Լաչինի միջանցքում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների պատասխանատվությունը կրում է ՌԴ-ն, քանի որ այն նոյեմբերի 9-ի փաստաթղթով հանձնվել է Ռուսաստանին, իսկ այդ երկիրն անվտանգության երաշխիք չի տալիս։ Իսկ կառավարության նիստում Փաշինյանի տոնայնությունը վկայում է այն մասին, որ նախորդ օրվա՝ Պուտինի հետ իր հեռախոսազրույցը, մեղմ ասած, հարթ չի ընթացել։

Իհարկե, Ռուսաստանը իր մեղքի բաժինն ունի և պետք է ջանքեր գործադրի Ադրբեջանին զսպելու ուղղությամբ, դա նաև այդ երկրի շահերից է բխում, բայց այլ հարց է, թե առաջին հերթին ինչ են անում Հայաստանի իշխանությունները: Պատահական չէ, որ ռուսական փորձագիտական շրջանակները հասկացնում են, թե Պուտինը չի կարող Փաշինյանից ավելի հայ լինել: Ընդունեք, որ շատ թափանցիկ ակնարկ է: Առավել ևս, որ գործող իշխանությունները նաև այս հարցում են կիրառում երկակի, ավելին՝ բազմակի ստանդարտներ: Օրինակ՝ ԵՄ դիտորդները տեղակայվել են ՀՀ սահմանների մոտ՝ Ադրբեջանի ագրեսիան կանխելու նկատառումներից ելնելով։ Բայց հակառակորդի գործողություններում ոչինչ չի փոխվել, և Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումներն ու սադրանքները նախկինի պես շարունակվում են։ Դեռ ավելին՝ եվրոպացիները բացեիբաց հայտարարում են, որ ադրբեջանական կողմին տեղեկացնում են իրենց պարեկային երթուղու մասին։

Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը լիարժեք հնարավորություն է ստանում սադրանքներ ձեռնարկել այն ուղղություններով, որոնցով տվյալ պահին ԵՄ առաքելության կողմից դիտարկում չի իրականացվում։ Փաստացի, եվրոպացի դիտորդները Հայաստանի անվտանգության ապահովման մասով խնդիր չեն լուծում։ Ու այսքանից հետո ՀՀ իշխանությունները ոչ միայն ծպտուն չեն հանում եվրոպական առաքելության անարդյունավետ գործունեության համար, այլև անընդհատ շնորհակալություն են հայտնում ԵՄ-ին դիտորդներ տեղակայելու համար, ու նույնիսկ ջանքեր են գործադրում, որ առաքելության տեղակայումն իրականացվի պայմանագրային հիմունքներով։ Ուշագրավ է, որ այսքանից հետո էլ ՀՀ իշխանությունները, «անվտանգության այլընտրանքային տարբերակների» փնտրտուքի քողի ներքո իրենց դիրքորոշմամբ ավելի ու ավելի հակվելով դեպի Արևմուտք, փորձում են հավաստիացնել, թե արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության որևէ հարց չկա։ Լուրջ եք խոսո՞ւմ, տղաներ ու աղջիկներ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ