«Հրապարակ» թերթը գրում է․
«Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը լքած եւ անկախ, բայց իրականում իշխանության հովանու ներքո գործող պատգամավորի կարգավիճակ ունեցող Իշխան Զաքարյանը տեւական ժամանակ է՝ բոյկոտում է ԱԺ նիստերը: Անցած սեպտեմբերից Զաքարյանը խորհրդարան ոտք չի դրել, սակայն իշխող մեծամասնությունը, ինչպես նաեւ ԱԺ ղեկավարությունը, աչք է փակում նրա բացակայությունների վրա, այն դեպքում, երբ ընդդիմադիր պատգամավորներին բացակայությունների հիմքով ամիսներ առաջ փորձում էին զրկել մանդատից։ ԱԺ կանոնակարգ օրենքի 156-րդ հոդվածը ձեւակերպում է պատգամավորի լիազորությունների դադարեցման կարգը.
«Յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով սույն հոդվածով սահմանված կարգով Սահմանադրական դատարան է դիմում Խորհուրդը, ինչպես նաեւ կարող է դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը»: Պատգամավորի բացակայությունները համարվում են հարգելի, եթե առողջական խնդիրներ ունի եւ բժշկի թուղթ է ներկայացնում խորհրդարան՝ հիմնավորելով փաստը։ Ճիշտ է` մի քանի ամիս առաջ Զաքարյանը սրտի վիրահատություն է տարել, սակայն վերջին մեկ ամսվա ընթացքում նա` որպես Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, շրջագայությունների է մեկնել Թուրքիա, որտեղից պարբերաբար լուսանկարներ եւ հաղորդագրություններ է տարածում: Մեկ շաբաթ առաջ էլ Զաքարյանը հանդիպել էր սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։ Թերեւս սա էլ է մտնում իշխանությունների ծրագրերի մեջ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակներում: Դրանով է բացատրվում այն, որ Զաքարյանի բացակայությունների վրա աչք են փակում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը