19 04 2023

«Հայաստան» խմբակցությունը մտադիր է ժամանակավոր քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես գալ․ «Ժողովուրդ»

«Հայաստան» խմբակցությունը մտադիր է ժամանակավոր քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես գալ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը մտադիր է ժամանակավոր քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես գալ: Հանձնաժողովն ուսումնասիրելու է պատգամավորների կողմից թույլ տված վարքականոնների խախտման բոլոր դեպքերը:

Տեղեկացանք, որ ընդդիմադիրների այս նախաձեռնության համար հիմք են հանդիսացել, մասնավորապես, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ՝ Երեւանի կենտրոնում քաղաքացուն վիրավորելու եւ նրա վրա թքելու դեպքը, ՄԻՊ թեկնածուի քննարկման ժամանակ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի խուլիգանական վարքագիծը, ինչպես նաեւ փետրվարի 3-ին Լաչինի միջանցքի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտարարությունը, թե 120 հազար արցախցու համար չարժէ ռիսկի տակ դնել 3 միլիոն հայաստանցու ճակատագիրը:

Ահա այս միջադեպերն ուսումնասիրելու հարցով ընդդիմադիրներն առաջարկում են ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: «ԱԺ կանոնակարգ» օրենքը սահմանում է, որ ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվում է Ազգային ժողովի որոշմամբ, իսկ հանձնաժողովը ստեղծելու նախագիծ ներկայացնելու իրավունքն ունի խմբակցությունը. նախաձեռնողը «Հայաստան» խմբակցությունն է: Ժամանակավոր հանձնաժողովի անդամների թիվը եւս սահմանվում է Ազգային ժողովի որոշմամբ, իսկ հանձնաժողովի կազմը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

Ըստ նույն օրենքի՝ հանձնաժողովում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ, ինչն էլ ենթադրում է, որ ՔՊ-ականները մեծամասնություն են կազմելու ստեղծվելիք հանձնաժողովում: Պարզ չէ՝ իշխող մեծամասնությունն անդամներ ընդհանրապես կտա այդ հանձնաժողովին, թե այն կմնա այդպես էլ չձեւավորված>:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ