«Իրավունքի» զրուցակիցն է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը:
-Վեհափառ Տեր, գաղտնիք չէ,որ վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները մեր հայրենիքում կարելի է գնահատել, եթե ոչ օրհասական, ապա խիստ մտահոգիչ եւ անկայուն: Ինչպե՞ս եք տեսնում Նաիրի աշխարհի հետագա ճակատագիրը, իրավիճակից դուրսբերման ինչպիսի՞ ելքեր կան, ի՞նչ պետք է անել այդ նվիրական նպատակին հասնելու համար:
— Արդարեւ, մեր հայրենիքն այսօր հայտնվել է ծանր ու դժվարին կացության մեջ. անվտանգային խնդիրներ, հասարակության բեւեռացում, նոր պատերազմի սպառնալիք, ՀՀ եւ Արցախի նկատմամբ շարունակվող ոտնձգություններ: Այս մարտահրավերները խիստ մտահոգիչ են: Ներկա կացությունից դուրս գալու ելքը նախ մեր բանակի հզորացումն է, դիվանագիտական հմուտ ու փորձառու գործունեությունը, տնտեսության զարգացումը, որին զուգահեռ ազգային ամուր միասնությամբ եւ ներուժի համախմբմամբ, ինչպես եւ նվիրագործված արժեհամակարգի վրա հաստատված ամուր հասարակությամբ ի զորու կլինենք Հայաստանն ու Արցախը դուրս բերել ստեղծված ծանր կացությունից: Աստծո, մեր նախնյաց եւ ապագա սերունդների առջեւ պատասխանատու ենք այս սրբազան հողի համար: Հայրենիքն է խարիսխը մեր բոլոր համազգային իղձերի կենսագործման, հայի ինքնության պահպանման ու մեր ժողովրդի հարատեւության:
— Վեհափառ Տեր, ինչպե՞ս կգնահատեք Հայ Առաքելական եկեղեցու՝ որպես համայն հայության հոգեւոր կենտրոնի եւ առաջնորդության դերը: Ինչպիսի՞ն են ՀԱԵ՝ քույր եկեղեցիների եւ կրոնական այլ կազմակերպությունների փոխհարաբերությունները, ո՞րն է մեր դերը միջեկեղեցական, միջկրոնական ասպարեզում:
— Հայոց եկեղեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսի ավանդած առաքելությամբ սպասավորություն է բերում մեր ժողովրդի զավակների հոգիների փրկության համար: Հոգեփրկչական առաքելությունից զատ պետականության բացակայության ժամանակ Եկեղեցին հայ ժողովրդի կյանքում ստանձնել է ժողովրդի քաղաքական առաջնորդության պատասխանատվությունը, դարձել կերտողը հայրենիքի անկախության վերականգնման տեսլականի, նաեւ իրականացրել ազգապահպան առաքելություն, որն այսօր շարունակում է Սփյուռքում: Անվիճարկելի է, ազգը կարող է հարատեւել՝ կրողը լինելով դարերով կերտված արժեհամակարգի: Այդ առումով ազգային ինքնության ձեւավորման գործում մեծապես կարեւոր եւ հրամայական է հայեցի կրթությունը, քրիստոնեական դաստիարակությունը: Եկեղեցին շարունակելու է տերունավանդ իր առաքելությունը՝ նպաստ բերելով ինչպես ազգային ոգու եւ գիտակցության ամրապնդմանը, այնպեսեւ մեր դպրության ու մշակույթի պահպանմանն ու զարգացմանը:
Միջեկեղեցական ասպարեզում քույր եկեղեցիների հետ հարաբերությունները ջերմ են եւ գործակցային՝ խարսխված եղբայրական ոգու, հարգանքի եւ փոխըմբռնման վրա: Մեր Եկեղեցին մշտապես մասնակցում է տարբեր միջեկեղեցական ժողովների, միջոցառումների, նաեւ իր ներդրումը բերում միջեկեղեցական աստվածաբանական երկխոսություններին: Հայոց եկեղեցին հյուրընկալում է համաժողովներ՝ ուղղված տարբեր կրոնների հետեւորդների միջեւ հանդուրժողականության ու համակեցության մթնոլորտի ձեւավորմանը: Մեր գահակալության ընթացքում Մայր Աթոռում տարբեր առիթներով հյուրընկալել ենք եկեղեցիների հովվապետերի, կրոնապետերի, բազմիցս պաշտոնական այցերով եղել ենք զանազան հոգեւոր կենտրոններում:
Հայոց եկեղեցին իր ուրույն տեղն ունի աշխարհի միջեկեղեցական եւ միջկրոնական խճապատկերում: Այս ամենին նպաստում է մեր Եկեղեցու՝ տարբեր մշակութային եւ էթնիկ միջավայրերում գործունեության հարուստ պատմական փորձառությունը եւ ժողովրդի աշխարհասփյուռ լինելու հանգամանքը, որոնք շահեկան օրինակներ են ապահովում մերօրյա փոթորկահույզ աշխարհին՝ կրոնների եւ ժողովուրդների միջեւ խաղաղ գոյակցության, հարգանքի եւ հանդուրժողականության:
— Արցախի հիմնահարցի ազնիվ եւ արդար կարգավորման մեջ ի՞նչ դեր եւ նշանակություն ունեն ՀՀ, ՌԴ եւ Ադրբե- ջանի հանրապետության կրոնական համայնքները եւ նրանց առաջնորդների փոխգործակցությունը:
— Ղարաբաղյան հակամարտության առաջին իսկ շրջանից Ռուս Ուղղափառ եկեղեցու հոգեւոր պետի միջնորդությամբ տեղի են ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի հոգեւոր առաջնորդների հանդիպումներ, որոնց նպատակն էր նպաստել հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը, բացառել հակամարտությանը կրոնական երանգավորում տալու փորձերն ու շահարկումները: Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքների միջնորդությամբ դրանք շարունակվեցին նաեւ հրադադարից հետո՝ շուրջ 20 հանդիպումների օրակարգում ընդգրկելով հակամարտությունը խաղաղ գործընթացներով կարգավորելու, փխրուն խաղաղությունը հաստատուն դարձնելու եւ այլազան խնդիրներ, ինչպես օրինակ՝ դիպուկահարների հետքաշման, գերիների եւ զոհվածների մարմինների վերադարձի, հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանության հարցեր: Հանդիպումները կազմակերպվում էին հիմնականում Մոսկվայում, մեկական հանդիպում կազմակերպվեց Բաքվում եւ Երեւանում:
Վերջին պատերազմից հետո, անշուշտ, իրավիճակը փոխվեց նաեւ այս հարթակում: Տարածաշրջանի կրոնական առաջնորդների եռակողմ վերջին հանդիպումը տեղի ունեցավ 2021 թվականին, որի ընթացքում Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի կողմից հնչեցին ադրբեջանական ռազմական հռետորաբանությանը հար եւ նման գաղափարներ:
Այսուհանդերձ, հոգեւոր առաջնորդների հանդիպումների այս ձեւաչափը կարեւոր հարթակ է՝ արծարծելու առկա հիմնահարցերը կրոնական, հոգեւոր արժեքների դիտանկյունից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը