01 04 2023

Մեքենաների նոր տեսակի չափորոշիչ ունեցող համարանիշերը կվաճառվեն աճուրդով. «Փաստ»

Մեքենաների նոր տեսակի չափորոշիչ ունեցող համարանիշերը կվաճառվեն աճուրդով.  «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում: Գործող իրավակարգավորումներով նախատեսված է հաշվառման համարանիշերի 3 տեսակ՝ հերթական, ցանկալի, մեծ պահանջարկ ունեցող: Այդ համարանիշերը հատկացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի վճարման դիմաց, իսկ վերջին երկուսի դեպքում՝ ըստ հաշվառող անձի նախընտրության և կապված կոնկրետ համարանիշի չափորոշիչից, դրա օգտագործելու առաջնահերթության իրավունքը ձեռք բերելու համար նաև կառավարության 2020 թ.-ի թիվ 1496-Ն որոշմամբ հաստատված հավելվածով սահմանված գումարի վճարման դիմաց (վճարը կազմում է սկսած 36,000 դրամից մինչև 8.000.000 դրամ)։

Ըստ նախարարության, նվազում է «մեծ պահանջարկ ունեցող» հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, իսկ քաղաքացիներից ստացված դիմումների և գերատեսչության ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ քաղաքացիների համար առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում առավել գեղեցիկ և բարձր արժեք ունեցող համարանիշերը, ուստի ներկայացվել է այս նախագիծը: Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մի շարք երկրներում՝ Հնդկաստանում, Չինաստանում, Անգլիայում, Տաջիկստանում և այլն, համարանիշերի առանձին տեսակների (սուպեր համարներ, ցանկալի համարներ, գեղեցիկ համարներ և այլն) ձեռք բերման համար նախատեսված է աճուրդային կարգ:

Այսպիսով, նախագծով առաջարկվում է նախատեսել նոր տեսակի չափորոշիչ ունեցող համարանիշ, որն իր արժեքով և տառերի ու թվերի համադրությունների արդյունքում կտարբերվի «մեծ պահանջարկ ունեցող» համարանիշերից և որոնց օգտագործելու առաջնահերթության իրավունքը ստանալու համար կիրականացվի աճուրդ։ Նախարարությունը նաև հավելում է, որ նախագծի ընդունմամբ ակնկալվում է պետբյուջեում ծախսերի էական ավելացում, սակայն այս փուլում հնարավոր չէ կանխատեսել այդ չափը, քանի որ նախագծի ընդունումից հետո կառավարության նոր որոշմամբ պետք է սահմանվեն տրանսպորտային միջոցների հաշվառման հատուկ համարանիշերի չափորոշիչները, դրանց հատկացման աճուրդների անցկացման կարգը, ինչպես նաև ներքին գործերի նախարարի հրամանով տրանսպորտային միջոցների հաշվառման հատուկ համարանիշերի աճուրդային մեկնարկային գները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ