«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ավելի քան երեք տարի է, ինչ Հայաստանի կառավարությունը փորձում է Վրաստանի Փոթիի եւ Ռուսաստանի Կովկաս նավահանգիստների միջեւ լաստանավային բեռնափոխադրումներ կազմակերպել, որը պետք է այլընտրանք դառնա մշտապես ծանրաբեռնված Վերին Լարսի անցակետին։
Լաստանավեր ձեռք բերելու կառավարության մտադրության մասին առաջին անգամ դեռ 2019-ի նոյեմբերին Ազգային ժողովում հայտարարել էր տարածքային կառավարման եւ զարգացման նախկին նախարար Սուրեն Պապիկյանը։
Այս երեք տարիների ընթացքում տարբեր խոստումներ են եղել, որոնք որեւէ մեկն էլ իրականություն չեն դարձել: Լաստանավեր գնելու մտադրության մասին կառավարության 2019-ի հայտարարությունից հետո՝ շուրջ մեկուկես տարվա ընթացքում, որեւէ առաջընթաց չգրանցվեց։ Լռությունը 2021-ի օգոստոսին խախտեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հայտարարելով, որ կառավարությունը փորձելու է լաստանավային ուղին գործարկել մինչեւ 2021-ի տարեվերջ։
Ավելի ուշ նախարարը հայտնեց, որ լաստանավային փոխադրումը կսկսի գործել նոյեմբերից, սակայն ո՛չ նոյեմբերին, ո՛չ էլ 2021-ի տարեվերջին լաստանավային անցումը չգործարկվեց։
2022-ի մարտին կառավարությունը որոշում ընդունեց պետբյուջեից սուբսիդավորել կանոնավոր լաստանավային բեռնափոխադրման՝ տնտեսվարողների ծախսերը։ Արդեն մայիսին Վահան Քերոբյանը կառավարության նիստին ազդարարեց, որ 2022-ի հունիսի 15-ից կմեկնարկի լաստանավային հաղորդակցությունը, ինչը վերահաստատեց նաեւ հունիսին 6-ին։ Հունիսին 15-ն անցավ, սակայն լաստանավային ուղին կրկին չգործարկվեց։ Օգոստոսի 11-ին էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ լաստանավի գործարկումն ընդամենը օրերի հարց է, սակայն 2022-ը նախորդ տարվա պես անցավ առանց խոստացված լաստանավային հաղորդակցության։
Քրոնիկոնը ամփոփել էր CivilNetCheck-ը եւ եւս մեկ անգամ ապացուցել, որ կառավարության խոստումներն իրականություն չեն դառնում:
Այսպիսով, չնայած կառավարության հավաստիացումներին եւ վերջնաժամկետներին՝ մինչ օրս լաստանավային անցումը չի գործարկվել, իսկ հայաստանյան տնտեսվարողների բեռնատարները շարունակում են շաբաթներով սպասել Վերին Լարսում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը