23 02 2023

Ժողովրդական էյֆորիայով իշխանության եկած «լիդերների» աղետաբեր ստվերները. «Փաստ»

Ժողովրդական էյֆորիայով իշխանության եկած «լիդերների» աղետաբեր ստվերները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Անցումային փուլում գտնվող երկրներին բնորոշ երևույթ են քաղաքական ցնցումները։ Իսկ այդ քաղաքական խմորումների պարագայում բացառված չեն կտրուկ փոփոխությունները, որոնց արդյունքում հնարավոր է՝ որոշ ամենաանսպասելի «լիդերներ» միանգամից հայտնվեն իշխանության ղեկին։ Ու երբ այդ «լիդերները» ժողովրդի ձեռքերի վրա գալիս են իշխանության և սկսում կտրուկ փոփոխություններ իրականացնել, սկզբից թվում է, թե շուտով երկիրը զարգացման ամուր հիմքերի վրա են դնելու, ամեն ինչ դեպի դրական է փոխվելու, վերանալու են նախկին արատավոր երևույթները։ Սակայն ժամանակի ընթացքում նրանց կառավարումը ցույց է տալիս, որ այդ մարդիկ ուղղակի պատեհապաշտներ են, որ մեծամասամբ արտաքին որոշ ուժերի ձեռամբ ճիշտ պահն օգտագործելու կամ նախորդ իշխանության սխալների արդյունքում հայտնվել են պետության կառավարման ղեկին։ Իրենց պաշտոնավարման շրջանում նրանք պետությունը տանում են դեպի արկածախնդրություն և խաղադրույք կատարում երկրի ճակատագրի վրա, ինչը շատ դառը հետևանքների է հանգեցնում՝ բերելով պատերազմի, տարածքային կորուստների և այլ աղետների։

Արդյունքում ոչ միայն մոռացվում է, թե այդ ղեկավարներն ինչպիսի հզոր էյֆորիայի հոսքի վրա են իշխանության եկել, ինչ մեծ խոստումներ են տվել, ինչպես է իրենց ժողովուրդը սկզբից դիմավորել, այլ հիշվում են միայն նրանց բերած կորուստները։ Այլ կերպ ասած՝ այդ մարդիկ ասոցացվում են պարտության և աղետների հետ։ Պետության ղեկավարներին բնորոշելու առումով հետաքրքիր է հատկապես Միխեիլ Սահակաշվիլու օրինակը, որն առանց լուրջ դիմադրության, վարդը ձեռքին մտավ Վրաստանի խորհրդարան, ու ժողովուրդը տոնախմբությամբ դիմավորեց նրան՝ կարծելով, թե նա շատ խոստումնալից ղեկավար է, ուստի լուսավոր ապագա է բացվելու իրենց առաջ։ Բայց տարիների ընթացքում ոչ միայն Սահակաշվիլու փայլը մարեց, այլև նա երկիրն ուղղակի տարավ արկածախնդրության՝ ուղիղ առճակատման մեջ մտնելով Ռուսաստանի հետ, որի արդյունքում Վրաստանը ծանր վիճակում հայտնվեց ու տարածքային կորուստներ ունեցավ։

Ու Սահակաշվիլին այսպիսի իրողությունների միջոցով էլ մտավ պատմության մեջ, իսկ թե ինչ վիճակում է հիմա ինքը, արդեն այլ խոսակցության թեմա է։ Ուկրաինական պատերազմի ֆոնին ներկայում նույնպես Թբիլիսիին հակամարտության մեջ ներքաշելու վտանգը կա, բայց գործող ղեկավարությունը, հաշվի առնելով Սահակաշվիլու իշխանության դառը փորձը և պատմության դասերը, փորձում է հավասարակշռած քաղաքականություն վարել և թույլ չտալ, որ Վրաստանը դառնա աշխարհաքաղաքկան բախման թատերաբեմ։ Ի դեպ, «լիդերների» այս շարքին պատկանող օրինակ է նաև հենց Ուկրաինայի նախագահ Զելենսկին. ժամանակին շատերին թվում էր, թե քաղաքականություն մտած այս կոմիկական դերասանը ամենախոստումնալից գործիչն է, բայց իր խելահեղ պահվածքի ու Արևմուտքի ձեռքին գործիք դառնալու արդյունքում Ուկրաինան դարձել է պատերազմի թատերաբեմ, իսկ դրանից հասարակ մարդիկ են տառապում, երկիրն էլ ավերվում է։ Կարելի է որպես զուգահեռ ներկայացնել նաև Հայաստանի փորձը։

2018 թվականի գարնանը, երբ Նիկոլ Փաշինյանը ժողովրդական մեծ ալիքի վրա եկավ իշխանության, մարդիկ այնքան էին ոգևորվել, որ անգամ տոնում էին այդ իրադարձությունը՝ հրճվելով, որ նա երկիրն ազատեց նախկինների իշխանությունից։ Ու այդ ֆոնին որոշակի թվով մարդկանց թվում էր, թե ուր որ է պետք է դրվեն Հայաստանի հզորացման հիմքերը, շուտով պետությունը հեղափոխական առաջընթաց է ունենալու, Փաշինյանը համախմբելու է ժողովրդին ու շարժվելու է համազգային նպատակների իրականացման ճանապարհով։ Բայց Նիկոլի պաշտոնավարումը ցույց տվեց, որ նա հասարակությանը համախմբելու փոխարեն ատելության սերմեր է ցանում, իսկ համազգային նպատակների իրականացմանը հետամուտ լինելու փոխարեն հարվածի տակ է դնում ազգային արժեհամակարգի հիմնասյուները։ Ավելին՝ նրա կառավարման պայմաններում ոչ միայն կորցրեցինք մեր հայրենիքի մի մասը, այլև այսօր ուղղակի վտանգի տակ է դրված նախ Արցախի, ապա նաև Հայաստանի գոյությունը։

Այս պահին ունենք մի իրավիճակ, երբ մեր երկրի տարածքային ամբողջականությունը խախտված է, իսկ դրան զուգահեռ Ադրբեջանը շարունակաբար նոր պահանջներ է ներկայացնում։ Պետության խայտառակումը հասել է այն աստիճանի, որ հայկական կողմին նսեմացնելու համար թշնամական երկրի նախագահն ուղիղ Փաշինյանի դեմքին ասում է, թե Հայաստանը կապիտուլ յացիայի է ենթարկվել, իսկ Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը ուղղակի ծպտուն անգամ չի հանում այդ մասով։ Ու չնայած Փաշինյանը դեռևս պաշտոնավարում է, բայց որևէ իշխանություն հավերժ չէ, ու արդեն վստահաբար կարելի է ասել, որ նա ևս պատմության մեջ մնալու է որպես կորուստներ բերած ու պետությունը ծայրաստիճան թուլացրած ղեկավար։ Առնվազն թուլացրած...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ