Եթե մարզերի մեծ մասում մարդիկ ծայրաստիճան անտարբեր են երևում այս իշխանության վտանգավոր գործունեության նկատմամբ, Երևանում դժգոհությունը խորն է ու համատարած, բայց փողոց դուրս չեն գալիս։ Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակն ամուր չէ, թվում է՝ թե մի զարկ, ու նա կգնա․ բայց մարդիկ անհավատ են պայքարի արդյունքների նկատմամբ։ Եվ ձեզ ասեմ, որ ընդդիմություն կոչվածից շատերն են դրան նպաստում։ Շեշտեմ՝ ընդդիմություն ասելով, միայն չենք հասկանում խորհրդարան անցած ուժերին, այլ առհասարակ քաղաքակական և հասարակական հակաիշխանական ուժերին։
Նոյեմբերի 16-ից հետո Հայաստանում սկիզբ դրվեց նոր շարժման․ մի քանի միտինգ արեցին, ողջունելի գործընթացներ էին։ Բայց, կարծես, թափը երկու օր անց կոտրվեց։ Շարժումը կա, կարգախոսը կա, մարդիկ դուրս չեն գալիս փողոց։ Ասում են՝ լիդեր չկա։ Սա շատ զարմանալի կարող է թվալ, ասեմ ձեզ։ Մի քանի հայտնի ու անհայտ շրջանակներ ներդրել էին թեզեր, թե՝ ընդդիմությունը չի հաղթում, որովհետև նախկիններն են պայքարի դրոշակ վերցրել, խանգարում են և այլն։ Այ որ հայտնի, դաշտում եղած ուժեր և որ ամենից կարևորն է՝ լիդերներ չլինեն, ժողովուրդը ոտքի կկանգնի։ Չի կանգնում, որովհետև սա է, նա է։ Խնդրեմ՝ նոյեմբերի 16-ից ակցիաներն անում են ո՛չ նախկինները, ո՛չ ներկաները․ բա ո՞ւր է ժողովուրդը։ Ազատության հրապարակը զավթածներն էլ ընդհանրապես, կոչ են անում Ռուսաստանին տանել, տեղը չգիտես թե ում բերել․ այդ հանրահավաքները ևս չեն դառնում բազմամարդ։ Նախկնները դուրս չեն եկել, որ դուք ձեր իշխանափոխությունը անեք, հիմա էլ էլի ասում են՝ բա ո՞ւր ա Ռոբերտ Քոչարյանը, ուրա նրա թիմը։
Ասել եմ ու էլի եմ ասում՝ մեր երկրում տեղի չի ունենում իշխանափոխություն, որովհետև այսպես կոչված ընդդիմությունից ոչ բոլորին է ձեռնտու Նիկոլի գնալը։ Կամ, ձեռնտու է նրա գնալը, բայց ձեռնտու չէ մեկ այլի գալը, եթե դա հենց ինքը չէ։ Ու էսպես անընդհատ փողոց դուրս գալով ու տապալվելով, մարդկանց են մղում անտարբերության։ Հարյուր անգամ ասել եմ՝ ամեն մեկը պետք է անի իր ուժերի ներածին չափը՝ հաջողելու համար ու ոչինչ պակաս։ Բայց ավելին անելիս էլ պետք է հասկանաս քո գագաթնակետը։ Պետք է այնպես կազմակերպվես, որ իմանաս էսօր Ա-ն ասել ես, վաղն էլ Բ-ն ես ասելու, մի քիչ ավելի լուրջ ես ասելու կամ առնվազն ավելի թույլ չի լինելու։ Բայց ոչ թե էսօր ասես՝ մենք պահանջում ենք հրաժարական, առավոտ ասես՝ մեր թիմը բաժանվեց։
Հայաստանում խիստ քաղաքական գործընթացներ են պետք, բայց երբ դուրս եք գալիս ու ասում եք՝ մենք մտավորականներ ենք, փաստաբաններ ենք, էս ենք, էն ենք, քաղաքականությամբ չենք զբաղվում, մենք դուրս ենք եկել Հայաստանի շահի համար, դա կներեք՝ դեմագոգիա է։ Քաղաքականությամբ չես զբաղվում, բեմից իջի։ Սա բացառապես քաղաքական գործընթաց է, ու իմ կարծիքով, այն պետք է վարեն քաղաքական դեմքերը։ Ու ամեն շարժում պետք է ունենա իր քաղաքական լիդերը։ Լավ հրապարակախոս ես, քո ցավն էլ տանեմ, ներսում մի լավ կարգախոս մտածի, որ դառնա պայքարի մոտիվացիա․ իրավաբան ես, գնա էդ շարժմանը լավ աջակցություն ցույց տուր, բերման ենթարկվողների հետևից գնա, ոստիկաններին պատերով տուր, զոհված հերոսի մայր ես՝ խոնարհվում ենք ձեր առաջ, ձեր զավակների շիրիմների առաջ, գնացեք կազմակերպեք զոհերի ծնողներին, անհետ կորածների ծնողներին, գերիների ծնողներին, հանեք փողոց։
Ընդդիմադիր պայքար մղելը խաղ ու պար չէ, կազմակերպված աշխատանք է պետք, լիդերներ են պետք, թրծված մարդիկ են պետք․ էնպես չէ, որ եթե միկրոֆոնն առար-գոռացիր «Նի՛կոլ հողատու», ուրեմն պայքարի լիդեր ես։ Եթե մենք սովորական իրավիճակում ապրեինք, կասեինք՝ այո, կան քաղաքական ամբիցիաներ, ԱԺ ընտրություններ, մանդատ և այլն։ Բայց հիմա էդ վիճակը չէ․ եթե դու իրոք մտածում ես երկիրը սրանցից փրկելու մասին, ուրեմն պետք է կարողանաս հնարավորինս մոտ ուժերին մեկ հարթակում հավաքել։ Պետք է չասես՝ քո աջակիցներին տուր ինձ, բայց դու մի երևա։ Չէ, եղբայր, էդ աջակիցներն էլ միայն իրենց ղեկավարին են ընդունում ու վստահում ու ոչ քեզ։ Երբ որ դու ասում ես թող բոլորը հելնեն գան միտինգին, բայց բեմից ես խոսամ, որ ես հեղափոխություն անեմ, դա չի աշխատելու․ առաջին հերթին նրա համար, որ դու քաղաքական դեմք չես, քաղաքական լիդեր չես, դու չես վաստակել լիդեր լինելու այդ իրավունքը, որքան էլ որ քեզ թվա, որ դու ավելի լավ տեքստեր ես ասում, քան մնացած բոլորը։ Իրականությունը, հավատացեք, այդպես չէ։
Ասում են ժողովուրդը ինքնակազմակերպվի, դուրս գա փողոց։ Էդպես չի լինում․ մեկ անգամ է ժողովուրդն ինքնակազմակերպվել, դա եղել է նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, ու տեսանք ինչ եղավ։ ժողովրդին կազմակերպել է պետք, ու դրա համար կազմակերպված թիմեր են պետք։ Պարտադիր չէ դու անձամբ բեմին լինես։ Ես չեմ հասկանում նրանց, ովքեր կապիտուլյացիայից օրեր անց են լքել Նիկոլին, ու հիմա բեմից ճոռոմաբանում են, հրաժարական են պահանջում, ասում են, որ նա չարիք է։ Ձեզ թվում է դուք մեղավոր չե՞ք։ Չէ՞ որ պատերազմը չսկսեց սեպտեմբերի 27-ին, պատերազմի բերեց մինչև այդ եղած գործընթացները, որոնք դուք չտեսնելու էիք տալիս՝ որպես Նիկոլի թիմի անդամ։ Դուք ծափ էիք տալիս Նիկոլին էն ժամանակ, երբ շատերս ասում էինք, որ սա կործանման է տանում։ Բայց դրան հիմա չեմ անդրադառնում։
Իսկ ովքե՞ր էին մեղադրում նախկիններին ամբիցիա ունեցող այն մարդիկ, որոն իրենք էին ուզում գալ ու փոխարինել Նիկոլին։ Հարցն այն չէ՝ կարող են, թե չեն կարող, իրենք են ուզում։ Տղերք, դուք Նիկոլի դեմ ե՞ք պայքարում, թե՞ ուզում եք դուք գաք իշխանության։ Անկեղծ, արդեն չեմ հասկանում։ Եթե ուզում եք հեռացնել, ուրեմն այլ պայմաններ չպիտի դնեք ինքներդ ձեր մեջ․ եթե այլ էին նպատակները, գոնե ազնիվ եղեք սկզբից իրար տեղեկացրեք, ով ով է, ով ինչ է ուզում։
Կարճ ասած՝ այն խնդիրները, որ բարձրաձայնեցի վերևում, գալիս են հենց ապաքաղաքական մարդկանցով քաղաքական պրոցեսներ կազմակերպելուց։ Այդպես էլ պետք է լիներ․ իմ կարծիքով, պետք է քաղաքական առաջնորդները ղեկավարեն քաղաքական պայքարը․ ընդունում եք թե չէ, դա ձեր գործն է, բայց սա քաղաքական գործընթաց է։ Մյուս կողմից, փողոցից եկած ու անփորձ գործիչներին իշխանություն տալը, մեկ անգամ տեսանք, թե ոնց տարան կործանման։ Պետք է նպատակը մեկը լինի՝ սրանց հեռացնելը, բայց պետք է իմանաս՝ իրո՞ք կձգես, այդ պատասխանատվության տակից դուրս կգա՞ս։ Համախմբում է պետք․ դա փաստ է, բոլորով, որոշ բացառություններով՝ այո, բայց նաև պետք է որ այդ ամենը անեն ու կազմակերպեն պրոֆեսիոնալները, քաղաքական գործից հասկացողները։ Միայն հայրենասեր լինելը հերիք չէ, որ հաջողության հասնես․ ասեմ ավելին, դա անգամ պարտադիր չէ։ Բայց գործից հասկանալը՝ պարտադիր է։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը