02 08 2019

Ի՞նչ էր խոստացել Նիկոլ Փաշինյանը էյֆորիայի մեջ գտնվողներին

Ի՞նչ էր խոստացել Նիկոլ Փաշինյանը էյֆորիայի մեջ գտնվողներին

Նիկոլ Փաշինյանն իսկապես որ անգերազանցելի է ստելու, ոչ իրատեսական խոստումներ տալու, ապա նախկին սուտն ու խոստումները վերաձևակերպելու և որպես կատարված ներկայացնելու առումով։ Տեսնելով, որ «կախարդական փայտիկն» այդպես էլ «չաշխատեց», որ Հայաստան ներդրումներ ոչ միայն չհոսեցին, այլև նվազեցին, որ շինարարական, զբոսաշրջային և այլ «բումեր»-ը դատարկ խոսքեր էին և որ երկրի և բնակչության վիճակն ավելի է վատթարացել, ճիգեր է գործադրում ցույց տալու, թե կատարել է իր խոստումները։ Այդ նպատակով, կյանքի բարելավում չտեսած, բայց «ժողովրդի» վարչապետի անխտիր բոլոր խոսքերին հավատացող «հպարտների» համար Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն է արել, հայտարարելով, որ կատարել է «մեկ-երկու տարում» բյուջեի եկամուտները 25-30 տոկոսով ավելացնելու խոստումը։

Հիշեցնենք, որ մինչ այդ մեկ այլ գրառմամբ նա հայտարարել էր, որ Հայաստան մուտքի և ելքի «սահմանահատումների նեգատիվ սալդոն»  տասնյակ անգամներով նվազել էր և տպավարություն ստեղծելով, թե ավելի շատ ներգաղթում են Հայաստան, քան արտագաղթում։ Իրականում այդ ցուցանիշները Հայաստան ավելի շատ մտնող, քան դուրս եկող օտարազգիների շնորհիվ է արձանագրվել։ Այդ գրառման անհեթեթություններին հանգամանորեն անդրադարձել էինք մեր նախորդ հրապարակման մեջ. 

 

Այժմ անդրադառնանք նոր գրառմանը։

Բյուջեի եկամուտները այս տարվա առաջին կիսամյակում 25,1 տոկոսով կամ 152 մլրդ դրամով ավելանալու մասին։ Այն, որ այս տարի բյուջեի հարկային եկամուտների հաշվարկման և հավաքման ցուցանիշները որևէ բացատրության չեն ենթարկվում, թե՛ մենք, թե՛ այլ լրատվամիջոցներ բազմիցս գրել են։ Դա ե՛ւ միասնական հաշվի բացասական բացասական մնացորդին է վերաբերվում, այն դեպքում, երբ անցյալ տարի այն դրական էր, ե՛ւ անցումային գերավճարի մեկը մյուսին հակասող և պաշտոնական տարբեր ցուցանիշներում տարբեր տվյալներն են, որոնց տարբերությունը հասնում է մինչև 136 մլրդ դրամի, ե՛ւ տարբեր ամիսներին վայրիվերումներով և անհասկանալի դինամիկայով փոփոխվող տարբեր հարկատեսակների ցուցանիշները։ Թե սրանք ինչպե՞ս են «պատկերվում» պետական բյուջեի վերջնական եկամուտների, վրա դժվար չէ գլխի ընկնել։ Ի դեպ, ուշագրավ է, որ 2018 թ․-ի պետբյուջեի տարեկան եկամուտների աճի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ վիճկոմը չի նշել, թեև արդեն 7 ամիս է անցել։ Սա ևս մեկ վկայությունն է այստեղ կատարվող անհասկանալի երևույթների, որի պատճառով վիճկոմը համադրումների որոնման մեջ է հայտնվել։

Հաջորդը՝ հիշեցնենք Նիկոլ Փաշինյանին, որ ամեն տարի բյուջեն պլանավորելիս, որոշակի եկամուտների աճ նախատեսվել է մշտապես և ամեն տարի բյուջեի եկամուտներն աճել են։ Օրինակ՝ 2011-ին նախորդ տարվա համեմատ՝ 100 մլրդ դրամով կամ 2013-ին՝ նախորդ տարվա համեմատ 125 մլրդ դրամով և այլն։ Այսինքն, պետք չէ գյուտ անել և այս տարվա համար նամանատիպ աճը ևս «ընդգրկել» նախկինում տրված խոստման մեջ։ Ինչ որ չենք հիշում, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարած լիներ, թե 25-30 տոկոս բյուեջի եկամուտների աճի մեջ ներառվելու է նաև ամեն տարի նախատեսվող եկամուտների աճի ցուցանիշը։ Սակայն հիմա այդպես է արվում։

Այնուհետև, անհասկանալի է թե ինչո՞ւ նա չի սպասում մինչև տարին ավարտվի և տարեկան ցուցանիշ հայտարարի։ Գուցե Դավիթ Անանյանի հայտարարությունը, որ երրորդ եռամսյակում եկամուտների որոշ նվազում կարող է լինել, Նիկոլ Փաշինյանին հուշում է, որ տարեկան ցուցանիշը այդքան էլ մոտ չի լինելու թեկուզ վերաձևակերպված խոստմանը և ինքը ստիպված կլինի դարձյալ այն վերաձևակերպել։

Մեկ այլ հանգամանքի վրա ևս ուշադրություն հրավիրենք, որը հնարավորություն է տվել լրացուցիչ մեծ եկամուտներ բերել այս տարի պետական բյուջե՝ ավտեմքենաների ներկրումը այլ՝ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից։ Եկող տարվանից նման ներմուծման հարկման չափը կտրուկ բարձրանալու է և հիմա ներմուծման բում է Հայաստանում։ Ըստ Դավիթ Անանյանի, այս տարվա կեսին ներմուծվել է այնքան ավտոմեքենա, որքան անցյալ տարվա ամբողջ ընթացքում՝ ավելի քան 68 հազար։ Դարձյալ ՊԵԿ նախագահի տեղեկացմամբ, դրանցից միջինը պետական բյուջեն ստացել է 432 հազար դրամ։ Այսինքն, բավական է այս թվերը բազմապատկենք և կտեսնենք, որ պետական բյուջեի եկամուտների ավելացմանը միայն այս ցուցանիշը նպաստել է մոտ 29-30 մլրդ դրամով։ Պարզ է, որ եկող տարի այս ցուցանիշը նույնքան շեշտակի էլ նվազելու է և ինչ-որ նոր բան հորինելու կարիք է լինելու։

Ինչ մնում է իրականացված «խոշոր ծրագրերին»՝ ուսուցիչների, զինծառայողների աշխատավարձերի և կենսաթոշակների 10 տոկոս ավելացմանը։ Անգամ «ամենադուխով» հեղափոխականը չի կարող հիշել, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարած լիներ․ «Խոստանում եմ 10 տոկոսով ավելացնել աշխատավարձերն ու թոշակները»։ Կարելի է ենթադրել, թե դա ինչ սառը ցնցուղ կլիներ անգամ էյֆորիայի բարձր դոզայի տակ գտնվող զանգվածի համար։ Սակայն հիմա վերաձևակերպված խոստումը նրանք կուլ են տալիս առանց մարսողության խնդիր ունենալու։

Չմոռանանք ընդգծել ամենակարևորը՝ այսպես կոչված «թավշյա» հեղափոխոթյունը և Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը հետաձգեցին աշխատավարձերի և թոշակների ավելացումը, որը նախորդ իշխանության ղեկավարները խոստանում էին կյանքի կոչել 2019 թ․-ից, քանի որ 10 տոկոսանոց տնտեսական աճ էին ապահովում։ Եվ եթե չլիներ ապրիլ-մայիսյան իշխանազավթումը, ապա ավելի մեծ բարձրացման իրական ակնկալիք կլիներ։ Նույն կարելի է ասել նաև Նիկոլ Փաշինյանի վկայակոչած 10 մլրդ դրամ համայնքների և 7,4 մլրդ դրամ ճանապարհների համար հատկացված ծրագրերի մասին։ Ավելին, այս ծրագրերը այս չափերով ֆինանսավորվել են իրականացվել են բոլոր նախորդ տարիներին մշտապես։

Դե իսկ աղետի գոտում համար 3 մլրդ դրամի հատկացումը հիշատակելն ուղղակի ծիծաղելի է։ 2000-ականներից սկսած, ընդհանուր առմամբ՝ շուրջ 150-160 մլրդ դրամի կառուցապատման ծրագրեր են իրականացվել աղետի գոտում, որին անդրադարձել ենք մեկ այլ հրապարակմամբ:

Թերևս այսքանը Նիկոլ Փաշինյանի խոստացածի և իբր կատարելու մասին։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ