03 02 2023

Ո՞ւր է գահավիժում հայկական ֆուտբոլը․ «Ժողովուրդ»

Ո՞ւր է գահավիժում հայկական ֆուտբոլը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ սոցցանցի իր էջում աղմկահարույց գրառում էր արել ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի ավագ Օլյա Օսիպյանը: Մեջբերում ենք. «Ազգային հավաքական հրավիրում են՝ ոչ թե սպորտային սկզբունքից ելնելով, այլ անձնական նկատառումներից և քմահաճույքներից»:

Այս խոսքերի հեղինակը, այո՛, ոչ ավել, ոչ պակաս, ազգային թիմի ավագն է: Պարզ է, որ եթե Հայաստանում իշխանության լինեին իսկապես ֆուտբոլասեր մարդիկ, ապա ՀՖՖ-ում տեղի ունեցող և ամիսներ շարունակ բարձրաձայնվող պրոբլեմատիկ հարցերը առիթ կհանդիսանային հայկական ֆուտբոլը երկու նախկին լրագրողների ոչ պրոֆեսիոնալ կառավարումից ազատելու համար: Խոսքը ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի և տեղակալ Արմեն Նիկողոսյանի մասին է, որոնք իրենց մակերեսային պատկերացումներով ձախողում են ֆուտբոլի զարգացման բոլոր հեռանկարները:

«Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար տեղեկություններ է ստանում ֆինանսական ոչ տեղին ու առաջին հայացքից կասկածելի թվացող գործարքների մասին: Թերևս սրա արդյունքում է, որ ՀՖՖ ղեկավարությունը սկսել է արդեն թանկարժեք կոստյումներ հագնել, հաճախ ռեստորաններում նախաճաշել… Բացի այդ, ՀՖՖ ղեկավարությունն ինչ-ինչ ձևերով կարողացել է իրենով անել հայկական ակումբների զգալի մասը. մեկին մարզադաշտի կառուցում են խոստացել, մյուսի համար մարզադաշտի լույսեր են տեղադրել՝ նրանց դարձնելով «հանցակից ու կամակատարներ»։

Մարդկանց հիշողության մեջ դեռևս վառ է լեգենդար հայ մարզիկ Հենրիխ Մխիթարյանի հետ տեղի ունեցածը. նա տղամարդկանց ազգային թիմի ավագն էր և նույնպես հայտարարեց իր հեռանալու մասին՝ դարձյալ ֆեդերացիայում առկա անառողջ ու անարդար մթնոլորտի պատճառով:

Այժմ նույնիսկ հումոր է պտտվում, թե վերջում հայկական ֆուտբոլում կմնան Արմենները ու իրենք կպարտվեն. միևնույնն է, հաղթանակ չկա…Ի դեպ, հատկապես Արմեն Նիկողոսյանն իր հակաֆուտբոլային քայլերն արդարացնելու համար հայտարարում է ամենուր, թե Նիկոլ Փաշինյանի հետ ամեն բան ճշտված է:

Նկատենք, որ երիտասարդ ու իսկական ֆուտբոլասերների շրջանում լուռ դժգոհություն է կուտակվում, ու մի օր այն սպառնում է պայթել: Բանն այն է, որ մարտ ամսին սպասվում է Թուրքիայի հավաքականի հետ կարևոր խաղ, որին հայկական ֆուտբոլի ֆեդերացիան չի պատրաստվում հավուր պատշաճի։ Երեկ մեզ հետ զրույցում ՀՖՖ աշխատակիցներից մեկը փոխանցեց, որ ֆեդերացիայի ողբալի վիճակի մասին պատկերացում կազմելու համար բավական է միայն ծանոթանալ ԲԿՄԱ-ի ու 21 տարեկանների հավաքականների մարզիչ Ռաֆայել Նազարյանի հարցազրույցին, որը «վերլուծել է» իր գլխավորած թիմի գալիք խաղերը Շվեյցարիայի ու Ռումինիայի իրենց հասակակիցների հետ՝ անվանելով խումբը հավասարազոր մրցակիցների խումբ։

Հիշեցնենք, որ այս մարդու գլխավորությամբ մեր 21 տարեկանները պարտվել են նույնիսկ Ֆարերյան կղզիների ու Լյուքսեմբուրգի հավաքականներին։ Նազարյան Ռաֆայելը կշարունակի պաշտոնավարել ու նոր պաշտոններ ևս ստանալ, քանզի նա ունի ամենակարևորը՝ ֆեդերացիայի ղեկավարների կամքը կատարելու ունակությունը, իսկ մասնագիտական որակներն ու ֆուտբոլային պատվախնդրությունը այլ պլանում են։ Ի դեպ, մեզ փոխանցում են, որ Նազարյանն է որոշում, թե 18 տարին լրացած որ ֆուտբոլիստը կհամալրի բանակի թիմը` ԲԿՄՆ-ն, իսկ այնտեղ հայտնված առնվազն մեկ դեպքով կա հայտարարություն:

Մենք ուշադրության տակ ենք պահելու այս ակումբում հայտնված խաղացողների ընտրության կարգը, ու հարցումներն ուղղվելու են ՊՆ-ին ու այլ պատկան մարմիններին:

Մի խոսքով, ինչպես մյուս ոլորտները, փաստացի քանդվում է հայկական ֆուտբոլը, որի անմիջական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է ու իր թիմը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ