02 02 2023

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ղեկավար չունի․ «Ժողովուրդ»

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ղեկավար չունի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կառավարությանը ենթակա Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը 2022 թվականի նոյեմբերի 10-ից ղեկավար չունի: Այդ օրը Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել եւ նախկին ղեկավար Հակոբ Ավագյանին ազատել այդ պաշտոնից: Մենք գրել էինք, որ կառավարությունը նրան պաշտոնանկ անելու ներքին որոշում ուներ, սակայն միջոց չէր գտնում:

Ավելի քան ութ ամիս սպասելուց հետո ի վերջո այդպիսի որոշում կայացվեց: Եվ, ահա, Նիկոլ Փաշինյանի որոշումից երկուսուկես ամիս անց անգամ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ղեկավար չունի: Ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարում է նախկին ղեկավարի տեղակալը՝ Սլավիկ Սարգսյանը: Ընդ որում՝ վերջինս մարտի 31-ին էր նշանակվել կառույցի փոխտնօրեն, եւ նրան վստահված էր հենց Ավագյանին հսկելու գործառույթը:
Տեսչական մարմնում այնքան էլ ոգեւորված չեն այդ հանգամանքով, եւ խոսվում է, որ Սլավիկ Սարգսյանն առանձնապես փորձ չունի, անտեղյակ է տեսչական մարմնի գործառույթներից: 

Չնայած այդ հանգամանքին՝ կառավարությանն ի վերջո հաջողվեց հեռացնել Հակոբ Ավագյանին աշխատանքից եւ ղեկավարի պարտականությունների ժամանակավոր կատարումը վստահել Սարգսյանին, որը թերեւս լավ է կատարել ներսում ղեկավար կազմին հսկելու իր գործառույթը եւ «պարգեւատրվել» դրա համար: Միայն ղեկավարի պաշտոնը չէ, որ թափուր է այդ կառույցում: Ըստ տեսչական մարմնի հաստիքացուցակի՝ ղեկավարը պետք է ունենա երեք տեղակալ, սակայն այս պահին երկու հաստիքն է զբաղեցված, համենայնդեպս, այդ մասին են վկայում կառույցի պաշտոնական կայքում տեղ գտած տվյալները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ