21 01 2023

Փաշինյանի թիմակիցները խաբել են․ մաս 9․ «Ժողովուրդ»

Փաշինյանի թիմակիցները խաբել են․ մաս 9․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Այն, որ իշխանության ներկայացուցիչները եւ անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անում են հայտարարություններ, որոնք հակասում են միմյանց եւ սուտ են, այլեւս նորություն չէ: Շատ հաճախ նրանք անում են այնպիսի հայտարարություններ, որպիսիք անելու համար մեղադրում են ուրիշներին:

Այսպես, կառավարության 2020 թվականի մարտի 19-ի նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր ՀՀ պարենային ապահովվածության մակարդակին եւ պետական գաղտնիքներ հայտնել։ ««Իհարկե ասվել է, որ մենք այդ առումով խնդիրներ չունենք, եւ հիմա իմ ձեռքի տակ տեղեկանք է, որը վկայում է, որ մենք սննդի բավականին լավ պաշարներ ունենք, օրինակ՝ շաքարավազ՝ 201 օրվա պաշար ունենք երեկ չէ առաջին օրվա դրությամբ, հավի միս՝ 64 օրվա պաշար ունենք, ձեթ՝ 38 օրվա պաշար ունենք, բայց միեւնույն ժամանակ, օրինակ, իմ ձեռքին տեղեկանք է, որ երեկ՝ միայն ամսի 18-ին, 38 բեռնատար սննդամթերք է մուտք գործել Հայաստան, այդ թվում՝ ձեթ՝ 18 տոննա, շաքար՝ 220 տոննա, ցորեն՝ 145 տոննա, հրուշակեղեն՝ 15 տոննա, սիսեռ՝ 20 տոննա, եւ էդպես շարունակ, արեւածաղկի սերմ, դդմի սերմ, սառեցված միս, նույնիսկ՝ կարտոֆիլ։ Եվ ուզում եմ ասել, որ լիարժեք ապահովված ենք նաեւ վառելիքով՝ բենզինով եւ դիզելային վառելիքով, եւ ներմուծվում է»։

Ապահովվածության մասին այս տվյալների հրապարակումից հետո իշխանական պատգամավորները եւ գործադիր մարմինների ներկայացուցիչները, հղում անելով տեղեկատվության գաղտնի բնույթին, հրաժարվում են խոսել եւ պարզաբանումներ տալ: Օրինակ՝ Ազգային ժողովում 2022թ. մարտի 7-ին՝ պատգամավորական ճեպազրույցների ընթացքում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, ցորենի պաշարների վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան, հայտարարեց, որ դա հրապարակման ոչ ենթակա, գաղտնի տեղեկատվություն է։ Ստացվում է, որ Էդուարդ Աղաջանյանը անուղղակիորեն մեղադրում է Նիկոլ Փաշինյանին պետական գաղտնիք բացահայտելու եւ հանցագործության համար:

Զուգահեռ իրականությունում 2021 թվականի մայիսի 3-ի Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում, որտեղ պետք է վարչապետ ընտրեին, դեռ այն ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, այն ժամանակ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին ի պատասխան, որը վերաբերում էր Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում հայկական դիրքերի կահավորման եւ անվտանգային ապահովման խնդիրներին, ասել էր. «Շատ դեպքերում, երբ մեր հանրային դիսկուրսը լսում եմ, ես հասկանում եմ, որ Ադրբեջանի հետախուզությունը շատ փող ծախսելու անհրաժեշտություն չունի»:

Այսինքն՝ նա անկախ պատգամավորին մեղադրում էր պետական գաղտնիք հայտնելու համար, այնինչ հենց վարչապետն էր պետական գաղտնիք բացել: Մյուս կողմից՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի կացարանի դեպքը եկավ ապացուցելու, որ բանակում եւ առաջնագծում խնդիրներն իսկապես շատ են:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ