«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախը շրջափակման մեջ է, կտրված է կապը Արցախի եւ արտաքին աշխարհի հետ: Այս օրերին հնչել են տարբեր հայտարարություններ եւ կոչեր՝ ճանապարհը բացելու շուրջ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հասկանալ, թե այս օրերին ինչով է զբաղված եղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Եսայի քահանա Արթենյանը նշել է, թե Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի եւ Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար զանազան քայլեր են իրականացվում Մայր Աթոռի եւ Վեհափառ Հայրապետի կողմից։
«Ադրբեջանական ագրեսիայի եւ սադրանքի ապօրինի գործողությունների հակազդման համար Մայր Աթոռի կողմից դիմումներ են հղվել Քույր Եկեղեցիների պետերին, միջազգային ու միջեկեղեցական կազմակերպություններին։ Վեհափառ Հայրապետի կողմից համապատասխան հրահանգներ են եղել աշխարհասփյուռ թեմերին, թեմակալ առաջնորդներին տեղերում պետական, դիվանագիտական, քաղաքական, հասարակական շրջանակներում իրականացնել իրազեկման ակցիաներ՝ բարձրաձայնելով Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին եւ, ըստ ամենայնի, աջակցելու Արցախին»,- նշել է նա։
Տ. Եսայի քահանա Արթենյանի փոխանցմամբ՝ ընթացքի մեջ են նոր նախաձեռնություններ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը