13 12 2022

Մենք չենք վերադարձել խորհրդարան, վերացրել ենք բոյկոտը, քանի որ որոշել էինք նիստերը բոյկոտել․ Սեյրան Օհանյան․ «Հրապարակ»

Մենք չենք վերադարձել խորհրդարան, վերացրել ենք բոյկոտը, քանի որ որոշել էինք նիստերը բոյկոտել․ Սեյրան Օհանյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Սեփական օրակարգով խորհրդարան վերադարձած ու իշխանական օրակարգերին երբեմն կողմ քվեարկող ընդդիմությունը, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանի հասցեին ամենավերջին բառերն էր ասում՝ դավաճան, կապիտուլյանտ, հողատու եւ այլն, այսօր նկատելիորեն խուսափում է կոշտ գնահատականներ հնչեցնելուց։ Երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, թե իրենք դիմում են հղել դատախազություն, որ պարզեն՝ դավաճանություն եղե՞լ է, թե՞ ոչ, եւ այն դեռ ընթացք չի ստացել։ Զրուցեցինք խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ։

- Ադրբեջանցիները նորից փակել են ճանապարհը, ի՞նչ պետք է անեն իշխանությունը եւ ընդդիմությունը, որ կարգավորվի խնդիրը։

- Նախ հիշենք, ու Խորհրդային Միության ժամանակահատվածում Ադրբեջանի կողմնակալ քաղաքականության պատճառով Արցախի բոլոր ենթակառուցվածքներն անցել են ադրբեջանական բնակավայրերով, եւ դրանք արցախյան հիմնախնդրի ծագման սկզբնական փուլում վերածվել են ռազմական խոշոր հենակետերի։ Եվ Արցախը պայքարում էր երկու ճակատով․ առաջինը ներքին ռազմական հենակետերն էին, երկրորդը՝ դրսի։ Երբ ներքին ռազմական հենակետերը չեզոքացվեցին, մեկ ճակատով դյուրին դարձավ պայքարելը։ Սա ինչի՞ համար եմ ասում՝ որովհետեւ նույն Շուշիի ռազմական հենակետերի չեզոքացմամբ ճանապարհ բացվեց Հայաստան՝ հենց էդ նույն Լաչինի միջանցքը։ Իսկ ի՞նչ է անում Ադրբեջանը։ 44-օրյա պատերազմից հետո կամաց-կամաց սեղմում է օղակը, այդ օղակի սեղմելու դեմ երկու ճանապարհ մենք ունենք։ Պետք է լուրջ աշխատանք տարվի ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում՝ երկու երաշխիքների ձեւավորման ուղղությամբ։ Առաջինը մեր ներքին անվտանգության երաշխիքներն են, էստեղ լուրջ աշխատանք պետք է տարվի՝ հիմնավորելու Արցախի պաշտպանության բանակի ներկայությունը։

- Իսկ ընդդիմության գործողությունները որո՞նք պետք է լինեն։ Հիմա դուք ձեր սեփական օրակարգով վերադարձել եք խորհրդարան, ինչպե՞ս եք ստիպելու իշխանությանը, որ Ձեր ասած այդ քայլերն իրականացնի։

- Էդ հարցը մենք պետք է անընդհատ բարձրացնենք Հայաստանում ու նաեւ միջազգային հարթակներում։ Երկրորդ երաշխիքը լուրջ հարաբերություններն են ե՛ւ Արցախի, ե՛ւ Հայաստանի, ե՛ւ ՌԴ-ի ու խաղաղապահ կոնտինգենտի հետ, որոնք Լաչինի միջանցքի խնդրում դերակատարություն ունեն։ Այսօր ՀՀ իշխանություններն ասում են, որ իրենց խնդիրն է։ Հա, իրենց խնդիրն է, բայց Արցախի հետ միասին պետք է լուրջ մակարդակի վրա դնել համագործակցությունը ՌԴ-ի եւ ՌԴ խաղաղապահ ուժերի հետ։

- Ընդդիմությանը քննադատում են, որ վերադարձել է ԱԺ՝ մասնակցում է նիստերին, կառուցողական քննարկումների մեջ է մտնում, իշխանության բերած որոշ նախագծերին անգամ կողմ քվեարկում։ Այդ քայլերով մոտենո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։

- Մենք չենք վերադարձել խորհրդարան, վերացրել ենք այն բոյկոտը, քանի որ որոշում էինք կայացրել՝ նիստերը բոյկոտել։ Մենք շարունակում ենք մեր գործունեությունն ԱԺ-ում մեր օրակարգով՝ այն կարեւոր հարցերում, որոնք վերաբերում են անվտանգությանը, արտաքին հարաբերություններին։ Էդ կառուցողական քննարկումները, որ ասում եք, Դուք երբեւիցե չեք տեսնի։ Վերջին քննարկումը վերաբերում է ներքին գործերի նախարարությանը եւ ՊՊԾ-ին, որոնք կարեւոր հարցեր են, եւ մենք մեր տեսակետն արտահայտել ենք։ Ասում եք՝ հարցուպատասխանին չենք մասնակցում․․․ Հարցուպատասխանին անիմաստ է մասնակցելը, որովհետեւ, մեկ է՝ հարցուպատասխանի կարեւոր շահառուն ՀՀ վարչապետն է, ինքը միշտ պատասխաններով մանիպուլացնում է կամ գցում է նախկինների վրա, կամ ոչ ճիշտ պատասխաններ է տալիս։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ