«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր մենք տեսնում ենք հետեւողական գործողություններ, որոնք ավելի ու ավելի առարկայական են դարձնում մտավախությունները, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իսկապես ցեղասպանություն է կազմակերպում, նախապատրաստում»,- երեկ՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի բացման ժամանակ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Սա՝ այն դեպքում, երբ տեւական ժամանակ է՝ իշխանություններն առաջ են տանում խաղաղության թեզը՝ ասելով, թե հնարավոր է խաղաղության դարաշրջան բացել Ադրբեջանի հետ: 2022 թվականի մայիսի 12-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Մենք խաղաղության օրակարգ որդեգրելու եւ իրականացնելու մանդատ ենք ստացել մեր ժողովրդից նախորդ տարի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որը միջազգային հանրության կողմից միանշանակ գնահատվել է որպես ազատ եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Եվ մենք վճռական ենք այդ օրակարգը լիարժեք իրականացնելու, վճռական ենք մեր երկրի եւ մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու առումով»:
Իր հերթին այս տարվա հոկտեմբերին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարում էր. «Կա պայմանավորվածություն մինչեւ տարեվերջ Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր, դելիմիտացնել հայ-ադրբեջանական սահմանը»: Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը որպես նպատակ այլ առիթներով բազմիցս բարձրաձայնել է նաեւ Նիկոլ Փաշինյանը: Ստացվում է՝ մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը խոսում է խաղաղության դարաշրջան բացելու մասին, մյուս կողմից՝ ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունները շարունակվում են: Սա իր հերթին նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն ունակ չէ կատարելու իր խոստումները, եւ իր հայտարարությունները մանիպուլացնող բնույթ ունեն:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը