«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ասված այն խոսքերը, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել։
Նոյեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում ընդգրկվելու համար հարցազրույցի փուլին մասնակցող երկու թեկնածուից ընտրվել է մեկը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը (6 կողմ, 3 դեմ)։
«Սիվիլնեթ»-ը հիշեցնում է, որ այս գործերից մեկով հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, դատական ճանապարհով հասել է ամրագրման, որ Մարտիրոսյանը կայացրել է «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռ»։
Ստացվում է հետեւյալ իրավիճակը. 2019-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից», 2022-ի հունվարին ՄԻԵԴ-ի վճռում հստակ արձանագրվում է, որ Մնացական Մարտիրոսյանի՝ 2009 թվականի հոկտեմբերի 12-ի որոշմամբ՝ խախտվել է քաղաքացիներից մեկի, այն է՝ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի իրավունքը՝ թերեւս ամենակոպիտ խախտումն արձանագրելով։
Այսպիսով, ոչ միայն «Փաշինյանը՝ ընդդեմ Հայաստանի», այլեւ մյուս երկու գործերով ՄԻԵԴ-ը գտել է, որ այդ թվում Մնացական Մարտիրոսյանի կայացրած վճիռներով խախտվել են մարդկանց իրավունքները, սակայն Փաշինյանի կառավարման օրոք Մնացական Մարտիրոսյանը ոչ միայն չի լքել դատական համակարգը, այլեւ ընտրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում։ Ի՞նչ է ստացվում. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը