«Իրավունք» թերթը գրում է․ «ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը վստահեցրեց, որ խորհրդարան վերադառնալով` իրենց նպատակներում փոփոխություն չի եղել. այն շարունակում է մնալ այս իշխանությունների հեռացումը:
— Ընդդիմությունը միշտ ԱԺ-ում իր օրակարգով է, այդ օրակարգերը վերաբերում են Արցախին, Հայաստանի անվտանգությանն առնչվող հարցերին, մեր քաղաքացիներին, մեզ շուրջ 300 հազար ձայն տված քաղաքացիների հարցերին: Մեր քայլերի, մեր նպատակների մեջ որեւէ փոփոխություն չի եղել: Մարտավարական որոշակի փոփոխություններ կարող են լինել, որովհետեւ գործընթացի ընթացքում կարող են արձանագրվել որոշակի շեղումներ: Ընդգծեմ, որ ընդդիմությունն ամբողջությամբ դուրս չէր եկել խորհրդարանից, եւ այս ընթացքում, փողոցային պայքարին զուգահեռ, նաեւ որոշակի խորհրդարանական աշխատանք ենք իրականացրել: Այո, ծավալների որոշակի փոփոխություն է տեղի ունեցել, որովհետեւ ակտիվ փողոցային պայքարի մեջ էինք: Ակտիվ փողոցային պայքարը որոշակի դադար է վերցրել, եւ մենք փոխել ենք ծավալները՝ ԱԺ-ում մեր աշխատանքների մասով:
— Իշխանության ներկայացուցիչները, արձագանքելով ընդդիմության խորհրդարան վերադարձին, հեգնում են, թե «գլուխները կախ եկան խորհրդարան»: Ի՞նչ կասեք այս մասին:
— Առաջարկում եմ՝ Ալիեւի առաջ խրոնիկ գլուխ կախողները չխոսեն ընդդիմության գլուխ կախելու մասին: Մենք թույլ չենք տալու մեծամասնությանը` վերցնելու այն քվեն, որը մեզ տվել է շուրջ 300 հազար քաղաքացի: Մեզ տվել են քվե, որ մենք հեռացնենք այս իշխանություններին: Դա հեշտ չէ, բարդ է, բայց մեր նպատակների մեջ փոփոխություն չի արձանագրվել: Այո, այս փուլում չենք հաջողել, բայց պայքարը շարունակվում է: Հետեւություններ, եզրակացություններ անում ենք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը